Դեկտեմբերի 7-8-ը Սերբիայի մայրաքաղաքում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի 60-րդ լիագումար նստաշրջանում քննարկվել է «ՍԾՏՀԿ անդամ պետություններում փախստականների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցը, որը վաղուց ներկայացված էր կոմիտեի նիստին:
Այս հարցով հանձնաժողովի նախկին նիստերում բավականին ծանր քննարկումներ են ընթացել, քանի որ զեկույցի նախագծում տեղ գտած Արցախի հայ փախստականներին վերաբերող պարբերությունն ադրբեջանական պատվիրակության անդամը հեռացրել էր Թուրքիայի առաջարկությամբ։ Հայկական կողմը դեմ էր քվեարկել զեկույցին:
Այսօրվա նիստին զեկույցի հետ կապված ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանի ելույթը՝ ստորև․
«2022թ.-ի մարտի 16-ին կայացած Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի հիսունութերորդ առցանց նիստին ներկայացվել էր «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններում փախստականների հոսքով պայմանավորված ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցը, որում ներառված էր Հայաստանի Հանրապետությունում փախստականների խնդիրներին վերաբերող ամբողջական մի պարբերություն: Ահա դրա բովանդակությունը՝
«31. Վաթսունից ավելի տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ հումանիտար, սոցիալ-հոգեբանական և այլ ծառայություններ են մատուցվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ժամանակավորապես գտնվող ընտանիքների երեխաներին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժամանակավորապես բնակվող անձանց հնարավորություն է ընձեռել ստանալ կենսաթոշակ, նպաստ և այլ ֆինանսական աջակցություն։ Կարիքների գնահատումից հետո 29.110 հարկադիր տեղահանված անձ աջակցություն է ստացել բարեգործական հասարակական կազմակերպություններից»:
Այս պարբերությունը զեկույցի հեղինակ պարոն Մամադովի կողմից հեռացվել է։ Հայկական պատվիրակությունը կոմիտեի նիստում փորձեց վերադարձնել այն: Զեկուցողը մերժեց դա անել, մենք արդեն ներկայացրել ենք առաջարկ:
Այսօր, այստեղ կրկին առաջարկում ենք զեկույցում վերականգնել Հայաստանին վերաբերող հատվածը։ Ու արձանագրում ենք։
- Շուրջ 90 հազար փախստական Լեռնային Ղարաբաղից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից 2020 թվականի աշնանը ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում ադբեջանական ագրեսիայի հետեւանքով, երբ թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, երեխաներն ու կանայք։ Եթե չլիներ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որտեղի՞ց Հայաստանում այդքան փախստական կապաստաներ։
- Բացառություն են կազմում 90-ականներին Հայաստան տեղափոխված հարյուր հազարավոր քաղաքացիներ, երբ Ադրբեջանում սկսվեցին հայկական կոտորածները։ Բայց դա այլ թեմա է։
- 2020 թվականը փախստականների հոսքի նոր փուլ էր։
- Որքան էլ մեր գործընկերները պնդեն, թե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այլեւս գործածելի չէ Լեռնային Ղարաբաղ տեղանունը, անհնար է անտեսել, որ միջազգային մի շարք փաստաթղթեր արձանագրում են այդ իրողությունը։ Լեռնային Ղարաբաղում իր պատմական հայրենիքի վրա բնակվում է շուրջ 120 հազար հայություն, եւ անհնար է անտեսել այդ փաստը։
- 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրված հայտարարությունից մինչեւ միջազգային այլ փաստաթղթեր արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի հայության, նրանց ինքնորոշման իրավունքի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է միջազգային հանրության օրակարգում։
Այդ իսկ պատճառով, առանց քաղաքական տարրերի, ձեւակերպումների մեր առաջարկն է՝ վերադարձնել զեկույցի վերոնշյալ հատվածը։
Միաժամանակ գործընկերներիս ցանկանում եմ տեղեկացնել՝
- Զեկույցի նախագիծը հրապարկվելուց, շրջանառության մեջ դրվելուց ու քննարկվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կանգնեց ներքին տեղահանվածների նոր ալիքի առաջ, երբ դատարկվեցին արդեն Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրեր, այդ թվում միջազգային առողջարանային հանգստավայրի կարգավիճակ ունեցող Ջերմուկը։
2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ու հաջորդող երկու օրերին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները լայնածավալ նոր ագրեսիա սկսեցին Հայաստանի Հանրապետության վրա սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Մինչեւ հիմա օկուպացված է Հայաստանի սուվերեն տարածքի ահռելի հատված։ Բայց խոսեմ հումանիտար աղետի մասին միայն։
Համաձայն Հայաստանի օմբուդսմենի տրամադրած տվյալների՝ արձանագրվել է, որ սեպտեմբերի 13-ից 15-ը ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 անձ։ Տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն են կազմում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից՝ 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Նշված անձանց գերակշիռ մեծամասնությունը սույն տեղեկատվության տրամադրման պահին դեռևս չի վերադարձել՝ առաջին հերթին հրադադարի հաճախակի ու վտանգավոր խախտումների, ինչպես նաև, շատերի դեպքում, տների հիմնովին ավերման պատճառներով:
Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացիան եւ այդ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների թիրախավորումը շարունակվում է մինչ այժմ»։