Նախօրեին Բրյուսելում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»: Aravot.am-ը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց` արդյոք այս հայտարարությունը պետք է դիտարկել որպես առաջին քննադատությո՞ւն` ուղղված ՀՀ գործող նախագահին, թե՞ թիրախն այլ է:
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը նկատեց. «Քանի որ վարչապետն էր վերջերս հակակոռուպցիոն թեմաներով խոսում, առայժմ ավելի շատ տեսանելի է, որ հայտարարության թիրախը վարչապետն է: Դե, եթե նախընտրական շրջան է, և հայտարարությունը ըստ էության վերաբերում է կոռուպցիային, որի թեման ակտիվացրել է վարչապետը, ապա կարելի է ենթադրել, որ կառավարության փոփոխության խնդիր է դրված»:
«Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, լսելով հարցը, նախ արձագանքեց, թե «Գագիկ Ծառուկյանը հրեշտակ է դարձել», հետո էլ մանրամասնեց. «Բազում անգամ նշել եմ, որ Գագիկ Ծառուկյանը և մի երկու տասնյակ օլիգարխներ, ովքեր մոնոպոլիզացիայի են ենթարկել հանրապետության հարստությունը, դրանց առաջին հնգյակում Գագիկ Ծաոուկյանն է: Թող ինքը գա, ես իրեն ապացուցեմ, որ բարեգործություն է անում, դրանք ինչ գումարներ են, կամ նրա ունեցած-չունեցածը Եվրոպայում: Մենք դեռ կասենք այդ մասին, թե ով ինչ ունի, թե ինչպես շարքային ոստիկանից կարճ ժամանակում դարձան միլիարդատեր. դրանց թվում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այն երկու տասնյակը, որոնց անունը չենք տալիս, այլ փաստերն ենք ներկայացնելու: Անկախ նրանից, թե քանի տասնյակ թիվ են նկարում կուսակցության շարքերում, դա, արվում է գողացված, թալանված ֆինանսների հաշվին, այնտեղ կուսակցություն չկա»: Անդրադառնալով բուն հայտարարությանը` պարոն Մարգարյանը մեկնաբանեց. «Հիմա Եվրոպայում և հատկապես Ռուսաստանում լուրջ գործընթաց է սկսվել:
Մոսկվայում չեն նայում պաշտոններին, գնում է հակակոռուպցիոն հսկայական մեծածավալ աշխատանք: Սա արվում է միասնական Եվրոպայի մի շարք պետությունների հետ միասին: Եվրոպան և Ռուսաստանը հասկացել են, որ եթե չկանգնեցնեն կոռուպցիոն պրոցեսները, ապա դա կվտանգի պետականությունը, ազգային անվտանգությունը: Ծառուկյանը վերջերս եղել է Մոսկվայում, հասկացել է, որ այնտեղ լայնածավալ պետական ծրագիր կա` կանգնեցնելու կոռուպցիան: Հիմա այդ արձագանքն է: Դրանով ուզում է Սերժ Սարգսյանին պարտադրել իր հետ հաշվի նստել: Մյուս տարբերակն այն է, որ հասարակ ժողովրդին, ում աչքերին փոշի է շպրտում իր գողացած փողերի մի մասով, ասի, թե ինքն ազնվագույն մարդ է, թե ասում է, որ կոռումպացված է ռեժիմը, բա ինքը ռեժիմի անդամ է եղել, հիմա էլ է անդամ»:
Ծառուկյանի թիրախը միայն վարչապե՞տն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet