▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող պատասխան տալ նրանց, ում դուր չի եկել ոստիկանին գեղեցկացնելու և «կեղտը» մաքրելու գաղափարը

Ռիչարդ Մադլենյանի  «Երգ ոստիկանի մասին» կատարումը, մանավանդ վերջին օրերին ակտիվիստների հանդեպ ոստիկանության ձեռնարկած քայլերի ֆոնին,  միանշանակ չի ընդունվել հանդիսատեսի կողմից:

Ակտիվիստ Կարեն Հարությունյանը, մասնավորապես, գրել է.

«Փաստորեն ոստիկանությունը իր խայտառակություններն ու հանցագործություններն ուղղում է ՓՌ-ով ու գովազդով։ Գովազդի կարիք ունի չպահանջված կամ մրցակցություն ունեցող արտադրանքը։ Հատկանշական է ոստիկանության մասին երգի ի հայտ գալը վերջին իրադարձությունների ժամանակահատվածում, այսինքն մրցակցությունը իրավական դաշտից դուրս գործող ոստիկանության և իրավագիտակից քաղաքացիների միջև է։ Ախր չեք հասկանո՞ւմ, որ նման հոլովակով ինքներդ ձեզ եք ծաղրում»:

 Asekose.am-ը զրուցեց   երգահան,դերասան Ռիչարդ Մադլենյանի հետ՝  իր հեղինակած երգի մասին վերջին քննադատությունների վերաբերյալ:

«Ցանկացած նախագիծ, որն արվում է պետական մակարդակով, բնականաբար, և՛ դրական, և ՛ բացասական գնահատականի է արժանանում:Ես չեմ կարող պատասխան տալ այն մարդկանց, ում դուր չի եկել ոստիկանին գեղեցկացնելու և «կեղտը» մաքրելու գաղափարը:Առաջարկը եղել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից. ես սիրով գրել և կատարել եմ երգը և կարծում եմ որևէ տգեղ բան չեմ արել,որ գովել ու սիրուն ձևով եմ ներկայացրել հայ ոստիկանին,իսկ թե ի՞նչ խնդիրներ ունի ոստիկանը, թող այդ հարցով զբաղվեն համապատասախան մարմինները»:

Հարցին՝ արդյո՞ք կանխատեսում էր բացասական արձագանքներ, Ռիչարդ Մադլենյանը պատասխանել է. «Իհարկե կանխատեսում էի. ցանկացած նախագիծ էլ բացասական գնահատականի արժանանում է, ուրեմն չպիտի՞ անեի այդ նախագիծը: Շատ նորմալ ու ադեկվատ եմ համարում այս ամենը. մեր երկրում ոստիկանի կերպարը չի հասել այն մակարդակին,որ ժողովուրդը հարյուր տոկոս վստահություն ունենա,կարծում եմ ,որ մոտ է այդ ժամանակը,որ կարծիքը հայ ոստիկանի հանդեպ լիարժեք փոխվի և մենք՝ արվեստագետներս , պետք է նպաստենք դրան»:

 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more