▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծաղը մնում է ծիծաղ ցանկացած ժամանակաշրջանում. Արմեն Թադևոսյան

 

Նախկին ՈւՀԱ-ական, ապա սցենարիստ, դերասան, հաղորդավար Արմեն Թադևոսյանից Asekose.am-ը  փորձել է  պարզել Comment's հաղորդման ու նրա ապագա ծրագրերից որոշ մանրամասներ:

-Ինչո՞ւ հենց Comment's: Ո՞րն է Comment's –ի իմաստը:

-Ճիշտն ասած՝ Comments անվանումը միանգամից իմ մտքին եկավ, քանի որ հենց ծրագրի ֆորմատը այնպիսին է, որ մեկնաբանվում է ամեն ինչ, անգամ այն ամենը ինչը, մեկնաբանության կարիք չունի:

-Դուք որպես ՈՒՀԱ-ի ակումբի ավագ անդամ, ի՞նչ կարծիք ունեք այսօր Հայաստանում գոյություն ունեցող հումորի մասին:

- Հումորը տարիների ընթացքում, բնականաբար, փոխվում է, փոխվում է մատուցումը, ինչ-որ առումով նաև արդիական լինելը: Ժամանակին մենք ավելի շատ հումորներ էինք անում տեքստերի տեսքով, այսինքն՝ տեքստային հումորներ, հիմա ավելի շատ հումորը կապված է գործողությունների հետ: Դե իսկ, թե ինչպես եմ ես վերաբերվում Հայաստանում գոյություն ունեցող հումորի մասին, կարծում եմ շատ նորմալ: Ցանկացած մարդ հումոր է անում, կամ փորձում է անել այնպես, ինչպես ինքն է պատկերացնում:

-Մի քանի տարի առաջ գրեթե բոլոր համալսարանական խմբերը պայքարում էին ՈւՀԱ-ում լավագույնը դառնալու համար: Սակայն այդ ամենը շատ կարճ կյանք ունեցավ: Ըստ ձեզ` ՈւՀԱ-ի իմաստն է արդեն վերացել, թե մեր օրերի հումորին ՈւՀԱ-ն չհամակերպվեց:

-Նախ ասեմ, որ ՈՒՀԱ-ն կամ ինչպես այն ավելի ճիշտ հնչում է КВН-ը ռուսական խաղն է, որի միջազգային լեզուն ռուսերեն է: Առաջին հերթին, իմ կարծիքով, ժամանակին շատ մեծ սխալ էր կտրուկ ամբողջությամբ հրաժարվել ռուսերեն լեզվից: Հիմա կան շատ շնորհալի և հումորով լի երիտասարդներ, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ այսօր հենց ռուսերենի և ռուսերեն լեզվով հումոր գրել և անելու պակասություն կա:

-Արմեն Թադևոսյանը նաև 90-ականների հումորի ներկայացուցիչներից է, ով կարողանում էր անկեղծ ժպիտ պարգևել հանդիսատեսին: Այսքան տարի անց, սերունդների փոփոխության մեջ հումորը ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել:

- Ցանկացած ժամանակ դու փորձում ես հումոր անել տվյալ ժամանակին համահունչ: Կարևորը՝ դու փորձես անել այն, ինչ մարդկանց կարող է ժպիտ առաջացնել և ուրախություն: Այդ իսկ առումով, ծիծաղը մնում է ծիծաղ ցանկացած ժամանակաշրջանում:

-Արմեն Թադևոսյանին, բացի YERE1 նախագծից, էլ որտե՞ղ կարող ենք տեսնել: Առաջիկա ձեր պլանների մասին ի՞նչ կասեք:

-Գիտեք, իմ հարազարտ Արմենիա Tv-ի կարգախոսը  «Դեռ ամեն ինչ առջևում է»: Այդ կարգախոսը նաև ինձ է  շատ հոգեհարազատ, որովհետև դեռ անելիքները շատ կան և պետք է շարունակել աշխատել: Այնպես որ, առաջիկա պլանների մասին դեռ չեմ խոսի, այդ ամենը դուք ինքներդ կտեսնեք:

-Մշտապես բազմազբաղ լինելով հանդերձ՝ հասցրե՞լ եք ընտանիք կազմել։

-Բարեբախտաբար, այո՛․ կինս ու երեխաներս առանձնահատուկ դեր ունեն իմ կյանքում։ Տղաս՝ Դավիթը, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլի նկատմամբ և այսօր նա մարզվում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում, իսկ աղջիկս՝ Էլենը, մեծ սեր ունի դեպի պարարվեստը։ Ինձ համար կարևորը նրանք ապագայում Աստծո, հայրենիքի ու նոր հետո մեզ համար լավ զավակներ լինեն։


Հեղինակ՝ Էմմի Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more