▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական հայցեր՝ ինքնասպան եղած գործարարի դեմ.«Ժողովուրդ»

2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի գործով կրքերը դեռ չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում մի խումբ քաղաքացիներ եւ փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու իրենց գնած բնակարանների ճակատագիրը: Ավելին՝ մենք պարզեցինք, որ դեռեւս 2014թ մի խումբ քաղաքացիներ եւ ընկերություններ դատական հայցեր են ներկայացրել գործարարի դեմ, որոնցից մի մասով վճիռները հրապարակվել են, եւ գործարարը պետք է վճարեր քաղաքացիներին կամ ընկերություններին հասանելիք գումարը:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մինչ ինքնասպան լինելը Աբրամ Ամիրխանյանը նամակ էր գրել եւ այն տվել էր իր տան աշխատողներին, որ անպայման փոխանցեն փաստաբանին կամ բարեկամներից որեւէ մեկին: Ամենայն հավանականությամբ գործարարն այդ նամակում նշել էր այն  բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք դարձել էին իր սնանկացման պատճառը: Հիշեցնենք՝ Աբրամ Ամիրխանյանը Երեւանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան:

Ամիրխանյանի կողմից կառուցված, Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ:

Իսկ, ահա, «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Էլեն Քոչարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը պատմեց, որ իր պաշտպանյալը հանրապետությունում չէ, սակայն խիստ անհանգստացած է, թե ինչ է լինելու իր բնակարանի ճակատագիրը: Ըստ մեր զրուցակցի՝ Էլեն  Քոչարյանը, մինչ այդ շենքը կառուցելը, տուն է ունեցել Այգեստան 12 հասցեում, եւ Աբրամ Ամիրխանյանը այդ սեփական տան տարածքի հաշվին բնակելի շենք է  կառուցել: «Կարելի է ասել, որ ձրի վերցրել, սարքել է, բայց դրա փոխարեն պարտավորվել է բնակարան տրամադրել այդ հասցեում ապրող քաղաքացիներին: Արդեն տարիներ են ձգվում, ու բնակարանները գրավադրված են: Տիկին Քոչարյանը, տեսնելով, որ «Ամիրխանյան» ՍՊԸ-ն լուրջ պարտքեր ունի, (ահռելի գումարների մասին է խոսքը) դատական հայց է ներկայացնում, որ եթե բնակարանը ստանալու հույս չկա, գոնե ստանա իր բնակարանի չափով հասանելի գումարը: «Մենք դատարանում հասանք արդարության, եւ Ամիրխանյանը պարտավոր էր այս տարվա սկզբին մեզ վճարել 250 հազար դոլար: Անկեղծ ասած՝ կատարվածից հետո չգիտեք, թե ինչ է լինելու»: Ամիրխանյանի գործունեությունից դժգոհ է նաեւ Սանկտ Պետերբուրգում բնակվող Այգեստան 12 տան հին բնակիչներից Արմինե Խաչատրյանը: Նա անհանգստացած է ստեղծված իրավիճակով եւ միգուցե այս օրերին վերադառնա Հայաստան՝ պարզելու, թե ինչ կլինի իր բնակարանի ճակատագիրը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more