▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Արմինե Պողոսյանը` մանկության քանոնի, կոշիկի ֆաբրիկայում աշխատած տարիների ու առաջին սիրո մասին

Երբվանի՞ց է Արմինե Պողոսյանը սկսել իր դերասանական ուղին, ինչո՞վ է նա առանձնանում մյուսներից և առաջիկայում ի՞նչ նպատակներ ունի: Այս և այլ հարցերի մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանի հետ:


-Յուրաքանչյուր մարդ հաճախ է հիշողությունների գիրկն ընկնում, հայտնվում մանկության աշխարհում: Իսկ Դուք, այնտեղ հայտնվելով, ի՞նչ տպավորիչ դեպք կհիշեք:

-Այո, հաճախ եմ հիշում, բայց հիշողությանս մեջ ավելի է տպավորվել այն դեպքը, երբ մանկապարտեզ էի հաճախում, ու մեր խմբում մեզ սովորեցնում էին քանոն նվագել, և մի գեղեցիկ օր մեզ՝ փոքրիկ քանոնահարներիս անսամբլին տարան Հանրային հեռուստաընկերություն` նկարահանելու: Հիշում եմ, թե ինչպիսի ոգևորություն կար իմ մեջ այդ ժամանակ, մեզ նկարահանելու էին և պետք է ցուցադրեին հեռուստատեսությամբ: Դա է ամենատպավորիչ դեպքը, երևի, որ մինչ օրս ժպիտով եմ հիշում:

-Ո՞րն է եղել դպրոցական տարիների ամենախենթ արարքը:
-Անկեղծ ասած, ամենախենթ քայլս այն էր, երբ մի անգամ դասից փախել եմ, որի համար պատժվել եմ:

-Կպատմե՞ք Ձեր առաջին սիրո մասին:
-Առաջին անգամ սիրել եմ 17 տարեկանում, երբ աշխատում էի «Մասիս» կոշիկի ֆաբրիկայում: Չգիտեմ ինչու, բայց մեր սերը չշարունակվեց, երևի երկուսս էլ նպատակներ ունեինք, և դա էր պատճառը, որ մենք բաժանվեցինք: Բայց մինչ օրս հիշում եմ նրան, որովհետև մեր միջև իրոք անկեղծ սեր է եղել:

-Ի՞նչն է որոշիչ եղել Ձեր մասնագիտության ընտրության հարցում:
-Դեռ մանկուց եմ երազել դերասանուհի դառնալ, և դա էլ նպաստեց, որ ես ընտրեցի այս մասնագիտությունը: Ես միշտ եմ ասել, որ դառնալու եմ դերասանուհի, չնայած, որ ընտանիքս դեմ էր իմ այդ որոշմանը: Բայց ես հասա իմ երազանքին, որի համար հիմա շատ երջանիկ եմ:

-Երբվանի՞ց եք սկսել հաղորդակցվել արվեստին:
-Փոքր տարիքից ես հաճախել եմ երաժշտական դպրոց, և բացի այդ էլ մեր ընտանիքում գնահատում էին արվեստը, ամենուրեք երաժիշտներով էինք շրջապատված: Այդ հոգով եմ մեծացել:

-Ձեր խառնվածքի ո՞ր գիծն է ամբողջովին բնորոշում Ձեզ:
-Հանգստությունը, հավասարակշռվածությունը և նվիրվածությունը շրջապատի նկատմամբ:

-Մարդիկ, առանց որոնց Ձեր կյանքը չեք պատկերացնում:
-Ծնողներս և իհարկե երեխաները: Առանց նրանց դժվար է պատկերացնել կյանքը:

-Ինչպե՞ս եք պայքարում ձախողումների դեմ:
-Կյանքում պետք է միշտ ուժեղ լինես, որպեսզի կարողանաս դուրս գալ տարբեր ձախողումներից և չընկճվես: Ես կարողանում եմ այդ իրավիճակից ելքերի ճիշտ ուղի ընտրել և դուրս գալ, որովհետև կյանքը պայքար է, և պետք է պայքարես այդ ձախողումներից դուրս գալու համար և առաջ գնաս:

-Որո՞նք են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եք:
-Պայքարել և համարձակ առաջ գնալ:

-Համարձա՞կ մարդ եք:
-Այո, համարձակ եմ:

-Եթե ոչ դերասանուհի,ապա՞…
-Կարծում եմ, եթե ոչ դերասանուհի, ապա գուցե բժշկուհի, որպեսզի օգնեի մարդկանց առողջ լինել:

-Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունեք կյանքի ներկա փուլում:
-Ունեմ նպատակներ, բայց առայժմ չեմ ուզում դրանց մասին խոսել: Կկատարվեն, հետո կխոսենք:

-Ի՞նչ կցանկանաք հայ ժողովրդին:
-Ես իմ ժողովրդին կցանկանամ խաղաղություն, որը շատ կարևոր է բոլորիս համար: Կցանկանամ նաև, որ պետությունն այնքան հզորանա, որպեսզի բոլորը վերադառնան հայրենիք և ապրեն ուրախ ու երջանիկ, ու որ բոլորի դեմքին ժպիտ լինի:

 

Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more