▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմորդի ձեռքին հայտնված «կախարդական» գրիչ-հուշաթերթիկի մասին. «Ժողովուրդ»

 

Oրեր առաջ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գրիչ, որի միջոցով հնարավոր է եղել ստանալ  տեստային առաջադրանքների պատասխանները: Այսինքն՝ ընդունելության քննության մեջ դերակատարում ու շահագրգռվածություն ունեցող մարդիկ մտածել են, որ գրիչի վրայի կոդ-շտրիխները կարելի է այնպես դասավորել, որ դառնան դիմորդների հուշաթերթիկները: Օրինակ՝ 2-րդ թեստի, 3-րդ հարցի պատասխանը 4-րդ տարբերակն է: Այս երկամյա նորամուծության մասով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանի հետ, ով ասաց. «Դեռ երկու տարի առաջ՝ 2012-ին, նման խոսակցութուններ տարածվեցին, որ իբր գրիչ է հայտնվել դիմորդի ձեռքին, որը կարողանում է քննության տեստերի պատասխանները տալ: Բայց ասեկոսեների մակարդակով էր: Հետո լսեցինք, որ ԱԱԾ-ն էր դրանով զբաղվում»: Իսկ ահա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «կախարդական» գրիչի   մասով խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Կարդացեք նաև`Պետական և ոչ պետական բուհերում ընդունելության անցողիկ միավորների ցանկը

 

Հոդվածն ամբողջությամբ  կարող եք կարդալ նաև ստորև.

 

2000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ԳՐԻՉՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԲՈՒՀ

 

Թեեւ ՀՀ կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուները  հավաստիացնում են, որ ընդունելության քննություններն  ընթանում են բնականոն հունով,  իրականում դա այդքան էլ այդպես չէ: Այդ  մասին է խոսում նաեւ օրեր առաջ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում հայտնված 2 հազար դոլար արժողությամբ «կախարդական» գրիչը, որի միջոցով հնարավոր է ստանալ տեստային առաջադրանքների պատասխանները:

 

Նշենք, որ այսօր ամփոփվելու են այս տարվա ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները: Օրեր առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանրապետական ընդունող հանձնաժողովի այս տարվա առաջին նիստին հայտարարել էր, որ բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները պետք է հրապարակվեն հուլիսի 15-ին, եւ զուգահեռաբար պետք է կատարվի նաեւ թափուր մնացած տեղերի վերաբաշխում:

Իսկ մինչ այդ նկատենք, որ հայ ուսանողների երեւակայությունը երբեք չի սպառվում: Մեր «հնարամիտ» ուսանողներն ամեն քայլի գնում են, որպեսզի հեշտությամբ կարողանան ցանկալի գնահատականներ ստանալ:

Այսօր համացանցում առանց բարդության  կարելի է գտնել հայտարարություններ, որոնցում նշված է. «Քննությունների լավագույն օգնականը՝ ականջակալ, որը փոքր է բրնձի հատիկից: Անլար ականջակալ(նաուշնիկ) 2մմ՝ 15000 դրամ, հարմար է քննությունների համար, որն արժե     5000 դրամ/oր: Տրվում է նաեւ օրավարձով:  Ականջակալն անզեն աչքով անհնար է տեսնել: Փաթեթը ներառում է 1 մալուխ՝  3.5 մմ բնիկ ունեցող, 1 մագնիս` ականջակալը հանելու համար»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց այս սարքերը վաճառողների հետ, որոնցից տեղեկացավ, որ նմանատիպ սարքեր ներմուծվում են ոչ միայն Չինաստանից, այլեւ ԱՄՆ-ից: Ըստ վաճառողների` դրանցից հիմնականում օգտվում են Երեւանի պետական համալսարանի ուսանողները:

«Ես ունեմ երեք հատ անլար ականջակալ եւ օրավարձով դրանք տալիս եմ ուսանողներին: Դրա արդյունավետությունը 50/50 է: Եթե ուսանողը չբռնվի, դա օգնում է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց անլար ականջակալ վաճառող երիտասարդը, ում անունը նրա խնդրանքով  չենք հրապարակում:

Մեր մյուս զրուցակիցը` եւս երիտասարդ, ով, ըստ ամենայնի, ոչ վաղ անցյալում ինքն էլ ուսանող է եղել,  դրանց վաճառքով է զբաղված. «Սրանք վաղուց է, ինչ Հայաստան են մտել, բայց նոր է սկսել տարածվել: Որակի առումով այդքան էլ լավը չեն: Իսկ ընդունելության քննություններին մասնակցող դիմորդներն այս սարքերից չեն օգտվում, քանի որ այդքան վստահելի չեն: Ռիսկի չեն գնում դիմորդները:  Միայն ընթացիկ քննություններին են ուսանողները դրանցից օգտվում»:

Ինչեւէ, վերադառնանք «Ժողովուրդ»-ի խմբագրությունում հայտնված «կախարդական» գրչին, որի հետ կապված զրուցեցինք ՀՀ կառավարությանն առընթեր գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանի հետ: «Սրանից երկու տարի առաջ՝ 2012-ին, նման խոսակցութուններ տարածվեցին. թե իբր գրիչ է հայտնվել դիմորդի ձեռքին, որը կարողանում է քննության տեստերի պատասխանները տալ: Բայց դրանք ասեկոսեների մակարդակով էին: Հետո լսեցինք, որ ԱԱԾ-ն էր դրանով զբաղվում: Բայց մեզ այդ մասին տեղյակ չպահեցին ու այդ խոսակցություններն էլ կարճ ժամանակ անց դադարեցին: Բայց որեւէ մեկը, որպես ապացույց, այդ «գրիչով» չեկավ, որ ցույց տար` մենք էլ  համոզվեինք դրանում: Իսկ նախորդ տարի նման դեպքեր չեն գրանցվել, այս տարի՝ նույնպես»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց Իսպիրյանը:

Իսկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հարցը լսելուց հետո շտապեց տեղեկացնել, որ ինքը բացասական է վերաբերվում նման երեւույթներին: «Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ցանկացած տեխնիկական միջոցի օգտագործմամբ գնահատական ստանալը շատ վտանգավոր է եւ ճիշտ չէ: Իրականում այն կարող է խեղաթյուրել ատեստավորման, գիտելիքի ներկայացման ամբողջ գաղափարը»,- նկատեց ռեկտորը:

Մեր զրուցակցի խոսքով՝ քննությունները  ոչ միայն ուսանողների գիտելիքների ստուգման համար են, այլեւ մարդկանց տրամաբանության: «Ամոթ չէ, որ մարդը որեւէ բան չի հիշում, ամոթ է, եթե մարդը նորմալ չի տրամաբանում: Եվ ցանկացած քննություն առաջին հերթին ստուգում է, թե մարդն ինչպես է մտածում: Այս տեսակետից, ցավոք, ընդունելության քննությունները, որպեսզի ավելի վստահություն ներշնչեն հասարակության համար, անում են տեստային համակարգերով, որն ունի այս պրոբլեմները: Պատասխանը ստուգելիս չես մտնում երեխայի տրամաբանության մեջ, չես խորանում`  ինքը  գիտի, թե ուղղակի թելադրված են դրաց պատասխանները, կամ  այլ միջոցով են ստացված»,- մտահոգվեց Թոքմաջյանը:

Ռեկտորի համոզմամբ, սակայն,  այս վտանգը միշտ էլ եղել է: «Ես միշտ բանավոր քննությունների կողմնակից եմ եղել, սակայն այստեղ էլ կոռուպցիոն ռիսկերի վտանգ կա: Չնայած այստեղ արդեն բացառվում է, որ դիմորդը կարող է ինչ-որ մի տեղից արտագրել: Եթե նա կարողանում է բացատրել, հասկանալ, դա լիովին բավարար է, որպեսզի նա կարողանա դրական գնահատական ստանալ: Ցավոք, տեստային համակարգն այդ հնարավորությունը չի տալիս»,-նշեց Թոքմաջյանը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ լեզվի պետական տեսչության պետ, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի հետ, ով հարցը լսելով` խուսափեց պատասխանել. «Կոռեկտ չէ դրա հետ կապված մեկնաբանություն տալ: Դա կրիմինալ է: Պետք է դիմեք իրավապահ մարմիններին: Դա իմ մեկնաբանելու խնդիրը չէ»:

«Կախարդական» գրչի  հետ կապված` իրավապահ մարմիններին դիմելու խորհուրդ տվեց նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more