▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դժվար թե իրենց շռան շներով կարողանան վախեցնել մարդկանց»․ Արմինե Ադիբեկյան

Քննչական կոմիտեում ընթանում է Սամվել Վարդանյանի հարցաքննությունը, կոմիտեի դիմաց հավաքված են Սամվելի աջակիցները։ Ներկա է նաև ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, ով, կարծիք հայտնելով Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի վերաբերյալ, ասել է․ «Ռեժիմը գնալով սրացնում է ռեպրեսիվ մեխանիզմների կիրառումը, դա փաստում է, որ քայլող ոհմակի ռեժիմն այլևս ի վիճակի չէ տիրապետել իրավիճակին։ Նրանք դիմում են Ադրբեջանի կառավարման փորձին, այն է՝ ոչ միայն ձերբակալել ու դատել, այլ նաև խոշտանգել։ Իրավիճակի համար պատասխանատվություն են կրում նաև Սամվելին ուղեկցող ոստիկանները, որոնք իրավունք չունեին լքելու մեքենան և թույլ տալու, որ օտար մարդիկ մեքենա մտնեն։ Սա կոնկրետ պետական պատվեր է՝ վախեցնելու մարդկանց, որ, եթե չենթարկվեք այս դավաճան ռեժիմին, ապա բոլորիդ սպասվում է նման ճակատագիր։ Բայց պատերազմի մասնակից Սամվելին նման մեթոդներով հնարավոր չէ կոտրել։ Դժվար թե իրենց շռան շներով կարողանան վախեցնել մարդկանց, ովքեր պաշտպանում են մեզ ու մեր պետականությունը»։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքն ու ընդվզումը։
Դա ունենալու է հակառակ ազդեցությունը։
Հ.Գ. Այս պահին իշխանության մերձավորները Հայաստանում ահագնացնում են աճող հանրային ընդվզումն ու բողոքը։ Իշխանափոխության ամենաիսկական և ամենանվիրված դաշնակիցները հենց այս բռնությունների տարածողներն ու քարոզիչներն են։ Սա ավելի աշխատող գործիք է, քան ընդդիմության վերջին 4 տարիների աշխատանքը»։

***

Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է այն հոդվածով, որն առաջադրվել է Արմեն Գրիգորյանին և Նարեկ Մալյանին, այս մասին ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Քրեական վարույթը նախաձեռնված է եղել խուլիգանության հոդվածի 1-ին մասով, մեղադրանքը լրացվել է՝ քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, էն հոդվածով, որով, կարծում եմ, ՀՀ քաղաքացիների բավական մեծ մասին ցանկացած պահի կարող է այդ մեղադրանքն առաջադրվի»,- հավելել է նա։

***

Սամվել Վարդանյանը ՔԿ-ում է։ Շենքի դիմաց հավաքված են Վարդանյանի աջակիցները։ Քիչ առաջ Սամվելի մայրը ուշաթափվեց, ներկաները նրան օգնության հասան։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված)։ Սամվելին արդեն տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Դա նշանակում է, որ դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն։ Դատավորի, նիստի ժամի մասին տեղեկություն առայժմ չունենք։ Ունենալուն պես՝ ես կամ Վարազդատ Հարությունյանը կհայտնենք հանրությանը»։

***

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսուհետ պիտի իմանանք, որ ոստիկանության բերման ենթարկելը ուղեկցվելու է նաև դիմակավորված բանդիտական խմբերի ուղեկցությամբ, նախ ՔՊ-ական հաշվեհարդար։ Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած վեճից հետո։ Այսպիսի բանդիտական խմբերի մասին մեզ հայտնի է դարձել մարտիմեկյան դեպքերի ժամանակ, որոնք այդպես էլ չբացահայտվեցին։ Փաստորեն, ներկա իշխանությունը գործում է նույն մեթոդներով։ «ամբողջովին սեւ հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, թքում են նրա վրա, այնուհետեւ հանում են նրա վրայից տաբատը, եւ ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում․․․», պատմել է խոշտանգված երիտասարդի փաստաբանը։ Եթե չբացահայտվեն այս դեպքի բոլոր մանրամասները և չպատժվեն ոստիկաններն ու բանդան, ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա»։

***

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հին սպասումներն արդեն ուշացած են՝ սթափվել, արթնանալ, համախմբվել, տեր կանգնել և այլն։ Սթափվել պետք էր 2019-ին, համախմբվել` 2021-ին, տեր կանգնել՝ 2023-ին։ Դա չեղավ։ Հիմա այլ ընթացք է։
Կա արյան համ առած իշխանություն, իրականությունից սրընթաց կտրվող, որևէ ներքին կարմիր գիծ չունեցող. «մեր դեմ խաղ չկան» սրանց էության մոտ մանկական ձևակերպում է։
Սեկտայական հոգեբանությամբ մի խումբ հանուն սեփական իշխանության պատրաստ է ամեն ինչի։ «Ամեն ինչ» ձևակերպման տակ առաջին հերթին մտնում է անողնաշար, անուժ, անունակ հասարակության ստացումը, որին կարելի է պարտադրել ամեն ինչ՝ սեփական նվիրական զգացմունքների ուրացումից մինչև անհատական անասնացում։ Սամվել Վարդանյանի հետ կատարվածը 30 տարվա պետականության ամենաայլանդակ դրվագներից էր։ Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետությունը դադարում է լինել։
Համաշխարհային պատմության մեջ բոլոր նման ընթացքները վերջանում են հասարակության գժվելով՝ մի օր, մի առիթից, բայց՝ այլանդակ դրսևորումներով։ Ու դրա թիվ մեկ պատասխանատուն, մեղավորը, հեղինակը՝ այս իշխանությունն է, որն այլասերվեց այդ աստիճանի»։

***

«Մեր խնդրանքով վարույթին միացել է Արամ Վարդևանյանը»,- Շենգավիթի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա նաև խոսեց դատարանին ներկայացվող «անակնկալի» մասին. «Ես տեղեկացա, որ ՔՊ-ականներն ասում են` դե ո՞ւր է, լուսանկարներ փոխանցեք: Մարդը գտնվում է անզատության մեջ, լուսանկարներ անելու հնարավորությունը խիստ սահմանափակ է, այնուամենայնիվ, ունենք որոշակի անակնկալներ այս հարցում, որոնք հանրությանը կներկայացնենք դատարանին ներկայացնելուց հետո: Դրանք օբյեկտիվ դիտորդի, անգամ` թերահավատների մոտ կվերացնեն կասկածները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more