▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու ու քո ՔՊ-ն եք մեր հիմնական մարտահրավերը, ոչ թե Թուրքիան ու Ադրբեջանը»․ Դավիթ Կարապետյան

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչեր ասես տեսանք ու մարսեցինք, համակերպվեցինք ու հանդուրժեցինք:
Սիստեմատիկ սենսացիան ու պարադոքսը, զավեշտն ու զարմանքը, ռեժիմով «աբսուրդ ուտելն» ու մառազմ ապրելը կենսակերպ է դարձել:
Այնքան անհաղորդ ու ապատիկ ենք դարձել, որ ով ինչ խոսի, ով ինչ անի՝ արդեն մեկ է…
Դրա համար էլ չենք զարմանում, որ երկրի երկրորդ դեմքն անկաշկանդ հայտարարում է, թե՝ «Արցախի հանձնումն իրականում հաղթանակ է, այն Հայաստանի հաղթանակն է: Որ Պրահայի հանդիպման ժամանակ, նպատակը ոչ թե Արցախի փրկությունն էր, այլ Հայաստանի ինքնիշխանության պահպանումը»:
Ասել կուզի՝ պետք էր զոհել Արցախն ու արցախահայությանը, որպեսզի փրկվեր Հայաստանը:
Դե ո՞վ վերջինիս պետք է հիշեցնի, որ 2020թ. հուլիսին ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել է իր իսկ իշխանության օրոք, որտեղ սևը սպիտակի վրա գրված է՝ «Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է:
Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման: Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։
Ո՞վ է վերջինիս հիշեցնելու, որ 2021թ. հունիսին ՔՊ-ն ներկայացրել է նախընտրական ծրագիր, 2021-2026թթ. ՀՀ Կառավարության ծրագիր և գործող փաստաթուղթ, որոնցում թվարկվում են վերը նշվածները, բայց իրենց իսկ ընդունածն ու հաստատածը մերժվել ու խեղաթյուրվել է:
Ուստի պետք էլ չէ զարմանալ վերջինիս՝ «ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի իմաստն էլ պետք է վերանայենք» արտահայտության վրա:
Հասկանալի է, որ ոչ վաղ անցյալում «Կեցցե Արցախի Հանրապետությունը» գոռացողը հենց այնպես չի ասում սա:
Ինչպես իր ղեկավարն էր գոռում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա հայտարարում, թե «Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է»:
Այնպես որ, կարիք չկա զարմանքի, եթե որպես բարի կամքի դրսևորում ու խաղաղությանն ուղղված քայլ վերջիններս այդ շենքը նվիրաբերեն «Արևմտյան Ադրբեջանի համայնքին», որը «կակռազ» վտարանդի կառավարություն է ձևավորում:
Այսկերպ հա՛մ իմաստը կվերանայվի, հա՛մ էլ Ալիևը գոհ կմնա:
Ինչպես գոհ կմնա ոմն չստացված տխմար գեներալի, բայց ուղնուծուծով ստացված տականքի՝ «Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է» մաղձը լսելուց:
Գոհ կմնան լսելով մի եղկելի քպ-ական թյուրիմացության՝ «արցախահայերը առանց դիմադրության հանձնել են Արցախը, փախել ու եկել են Հայաստանի հանրապետություն իշխանազավթում անելու» ու ոմն անինքնասեր զինվորականի՝ «թավշյա հեղափոխությունը, հայ իրականության մեջ առավել կարևոր իրադարձություն է, քան 88֊ի արցախյան շարժումը» բարբաջանքը:
Կլսեն ու կզարմանան «6-րդ պալատից փախած» ու երկրի ղեկավար դարձածի ամեն մի աննորմալ խոսույթի ու բարբաջանքի, «զբոյ տված»՝ փողը տու, քշի, էլի փող տու, էլի քշի, էլի փող տու, էլի խախտի, փող տու, խախտի, խախտի, փող տու, փող տու, խախտի «սրամիտ» շուտասելուկ-սուտասելուկների համար:
Չնայած, որ նա ճիշտ է.
երթևեկության կանոնը նա կարող է խախտի, հղի կնոջը գցի ավտոյի տակ, սպանի, չդատվի, տնեցիքին փող տա, բերանները փակի, էլի քշի, էլի խախտի…
Կզվարճանան՝ լսելով վերջինիս խոստովանությունը, թե 44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ: Եվ որ առ այսօր անգամ չգիտեն, թե այն որտեղ է:
Այնպես, ինչպես Քեթրինի Միհրանի ասած 1000 կգ կոկաինից 270 կգ-ն է անհետացել ու հիմա ընկած ման են գալիս, թե ով «տիխարյա» շվցրել ու քթերը քաշել:
Կծիծաղեն՝ տեսնելով, թե ինչպես է առաջին դեմքն իրեն զոհի ու անմեղի կարգավիճակ շնորհել, թե ինչպիսի էնտուզիազմով է ինքն իրեն սրբադասում ու արդարացնում ամեն ինչում:
Խոհեմ երևալու համար էլ Խրիմյան Հայրիկին է ցիտում ու սեփական սխալներն ու տապալումներն այդկերպ լիկվիդացնում:
Թե ինչպես շարքային սուտի շուստրին, իր ֆանտաստիկ դեմագոգիայով ու ցինիզմով, սրտաճմլիկ միմիկաներով ու խեղճուկրակի ժեստիկուլյացիայով ժողովրդի գթանքին արժամանալու համար իրեն մեղադրում է, թե բա՝ «այն սերը, որ ես տածել եմ իմ երկրի, իմ ժողովրդի նկատմամբ, ամենամեծ վնասն է, որ տվել եմ իմ հայրենիքին:
Թե բա՝ «ՀՀ շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր»:
Եվ այո, մանիպուլյացիան մի կողմ, այն դիվային սերը, որ նա է տածում, արդյունքում նահատակվեց 4 հազարից ավել հայորդի, 10 հազարից ավելը դարձան հաշմանդամներ, խեղվեցին ճակատագրեր, կորսվեց հայրենիքի զգալի մաս, տասնյակ հազարավորներն էլ դարձան անտուն ու անօթևան:
Որովհետև նման «հայրենասիրությունը» հայրենաքանդություն ու պետականաքանդություն է:
Այնպես որ, ՀՀ շահերից կբխեր, որ դու ընդհանրապես չլինեիր:
Եթե հայրենասեր լինելով այդքանը հանձնեցիր, այդքանին հողին հնաձնեցիր, այսքան արհավիրք ու անդառնալի հետևանք ազգի գլխին բերեցիր, բա որ հայրենասեր չլինեիր, ինչե՞ր կանեիր…
Ասում են՝ հայրենասիրությունը միայն մեկ դեպքում է վնասում հայրենիքին.
երբ հայրենասերը կատարյալ հիմար է:
Բայց դու հիմար չես, դու պարզապես կամակատար ես:
Ոչ վաղ անցյալում թունդ նժդեհական, ոչմիթիզական, անզիջում ու անկոմպրոմիս քաղաքական գործիչ էիր, պատերազմից ու կապիտուլյացիայից հետո՝ խելոք աճպարար, հլու-հնազանդ կամակատար:
Իսկ այսօր դավաճանությունը հայրենասիրություն ներկայացնելով՝ ում ես մանիպուլացնում:
Ախր, դու քո հայրենիքի ու ժողովրդի ամենամեծ թշնամին ես:
Իրականում, դու ու քո ՔՊ-ն եք մեր հիմնական մարտահրավերը, այլ ոչ թե Թուրքիան ու Ադրբեջանը։
Դուք ձեզանից գոյաբանական սպառնալիք, տրոյական ձիեր եք, ձեզանից ի՞նչ հայրենասեր:
Ու այսքանից հետո մեղադրում ես ժողովրդին «հայրենասիրություն» եզրույթը չհասկանալու մե՞ջ:
Հասկանալի է, որ Վանոյի մտքերն ես ինտերպրետացնում, «ուռահայրենասիրություն» ու կեղծ կատեգորիա հայրենասիրություն փորձում տարանջատել, բայց դա քո մոտ չի ստացվում:
Հիմա էլ, իբր հասկացել է, թե որն է ճիշտ հայրենասիրությունը, դրա խորքային իմաստը, դասեր է քաղել ու բացահայտել մեր դժբախտությունների աղբյուրն ու պատճառը:
Ու սա ասում է մեկը, ով ընդհանրապես չգիտի հայրենիքի, հողի գինը:
Ում մոտ միայն լավ ստացվում է արյան գնով հետ բերած հողերի հանձնումը:
Ու այս պիղծ կեղծավորը՝ սիրատոչոր «հայրենասիրությամբ», «մուտիտներով ու կրուտիտներով», պաթետիկ ճառերով ու գավառական շուստրիությամբ համեմված՝ հայրենիքի ու պետության մասին խոհափիլիսոփայական դասախոսություններով փորձում է արդարացնել իր վարած քաղաքականության կամ դրա բացակայության արդյունքում առաջացած ողբերգական հետևանքները, միաժամանակ հող նախապատրասում նորանոր զիջումների ու կապիտուլյացիաների համար:
Մարդը դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 18-ին ասել է՝ «միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության հետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի…»։
Դրա համար էլ փոխանակ Սյունիքը ամրացնի, այնտեղից դուրս է բերում ծանր հրետանին ու սպառազինությունը:
Դա էլ քիչ չէ, հայտարարում է, թե «մեզ կներեք, մեր գործաց սխալների և ապագայում գործվելիք սխալների համար»:
Քո ու քեզ նախորդողների սխալների պատճառով այդքան զոհ ու կորուստ տվեցինք և այդքանից հետո «կես բերան» ներողություն ես խնդրում, միաժամանակ հասկացնում, որ կրկին սխալներ եք գործելու՞։
Մարդը նախապես զգուշացնում է, որ մոտ ապագայում նոր սխալների պատճառով պատրաստ լինենք նոր արհավիրքների և որ ներողությունով հարցը ավարտվի։
Միայն այս հայտարարության համար ժողովուրդը քեզ պետք է ժամ առաջ վռնդի, որ հանկարծ սխալներ թույլ չտաք, որոնք անդառնալի կլինեն մեզ համար:
Հասկանալի է, որ աթոռը պահելը դարձել է կենաց-մահու խնդիր, որ «քո փայ» ներողության գրառումդ ունի բացառապես ընտրարշավային տրամաբանություն։
Հասկանալի է, որ ստեղծում ես օրակարգ, առաջ ես քաշում արհեստական երկընտրանք ու ստիպում, որ քննարկումները ծավալվեն հենց քո առաջ քաշած երկընտրանքի շուրջ:
Երկընտրանք, որն արհեստական է ու իրականության մեջ գոյություն չունի:
Որ դա ընդամենը շարքային մանիպուլյացիա է։
Այդ երկընտրանքը, որ դու ես առաջ քաշում, կեղծ է, հետևաբար՝ կեղծ են դրա շուրջ բոլոր տեսակի քննարկումները, այդ թվում՝ դրանք հերքող։
Այս պատուհասն անկաշկանդ խոսում է տարածքային պահանջներ չունենալուց, երկրի որևէ օկուպացված հատվածի համար ռազմական միջամտության չգնալուց:
Դե խաղաղություն է:
Մեծ հաշվով մեզ բանակ էլ պետք չէ:
Ու՞մ է պետք բանակը, եթե թշնամին տարածք է զավթում, բայց դու չես մտածում ռազմական ճանապարհով այն հետ վերադարձնելու մասին:
Դե հա, եղածը 200 քառակուսի կիլոմետր է, համ էլ հիմնականում ձնոտ սարեր են, բա դա մեզ պե՞տք է:
Եվ հետո.
եթե դու դա չես մտածում, ՀԱՊԿ-ին էլ ինչու՞ ես մեղադրում: Իրենք ինչու՞ պետք է մտածեն:
Ու դեռ արկածախնդրությունդ «խոդի տված» բարբաջում ես, թե՝ «ՀԱՊԿ-ը սպառնալիք է ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության ու պետականության համար», այն պարագայում, երբ այդ ամենի իրական սպառնալիքը, մեր ազգային ինքնության ու դիմագծի խեղման պատճառն ու պատասխանատուն դու ես:
Ասում ես՝ «խաղաղությունը պահանջում է քաղաքական քաջություն, ես և իմ Կառավարությունը հանձնառու ենք փակել հակամարտության էջը», բայց իրականում դուք փակում եք հայ ժողովրդի էջը:
Դու քո թշնամու բերանն ու ախորժակը չես կարող փակել, «նախկին» ու «թալանչի» կոչածիդ չես կարող փակել , հակամարտության ու թշնամանքի էջ ես փակելու՞, ա՛յ բաստիոնի ասպետ:
Կիրթ ու կառուցողական կոլեգադ այսօր պահանջում է երկրիդ ամբողջական դեմիլիտարիզացիա ու Սահմանադրության փոփոխություն, որին ընդառաջ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում ես (ի դեպ, այս հայտարարությունը կարծես անուշադրության մատնվեց) թե՝ «եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագիրը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (չնայած մեր փորձագետները վստահեցնում են, որ դա քիչ հավանական է), ապա մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ կլինեն սահմանադրական փոփոխություններ»։
Փաստ է, որ արդեն իսկ խոստացել ես Սահմանադրությունը փոխել:
Վաղն էլ՝ «խաղաղության համար ի՞նչ զենք, ի՞նչ բանակ» լոզունգով ամբողջական զինաթափումն ես ապահովելու:
Մտքի գիգանտը փիլիսոփայում է, թե՝ «խաղաղությունն է անվտանգության երաշխիքը»:
Դե արի ու այս մակերեսայինին բացատրի, որ անվտանգության մի երաշխիք կա՝ հզոր բանակը, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:
Արի բացատրի, որ ՄԱԿ-ի ամբիոնը բարեգործական կամ հումանիստական ընկերության դահլիճ չէ, որ՝ «я хочу чтобы был мир во всем мире» արտասանես ու ծափերի արժանանաս:
Այն աշխարհի ամենալուրջ հարթակն է, որտեղից լիրիկական զեղումներով աշխարհին կոչ չեն անում պոզիտիվ մտածել ու «կուրսի պահում» որ «ապագա կա»:
Այն, որ ապագա կա, կասկած չկա, քանի որ աքսիոմա է դա:
Հարցը է, թե ինչպիսի՞ն կլինի այն մեզ համար:
Առանց այն էլ, ամենօրյա ռեժիմով ապացուցում ես, որ քո բերած ապագան դժբախտ է ու դժգույն:
Ու դու դեռ խոսում ես խաղաղության դարաշրջանից, այն պարագայում, որ քեզանից ինչ խաղաղաբեր, դու պատերազմաբեր ես:
Խոսում ես անկախությունից, այն պարագայում, որ Հայաստանն անկախ է, քանի որ Հայաստանից ոչինչ կախված չէ։
Որ նույնիսկ Հայաստանի հարցերն են առանց Հայաստանի լուծում:
Դու այն մարդն ես, ով Հայաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի ամենաանկախ երկիրը, որի շնորհիվ միջազգային հարաբերություններում մեզանից փաստացի ոչինչ կախված չէ։
Դու այն մարդն ես, որի ղեկավարած երկրի (ժամանակին քո իսկ զավթած) հանրային ռադիոյում տեղադրվել է Բաքվի ու Անկարայի ժամացույց-ցուցանակները, որոնք նույնությամբ ցույց են տալիս նույն ժամային գոտում գտնվող Թեհրանի, Երևանի ու Մոսկվայի ժամերը:
Դու արժեհամակարգն անպես ես տրանսֆորմացնում, որ տրանսգենդերն է հպարտորեն երկիր ներկայացնում:
Դու թույլ ես, տկար-կամակատար…
Դու այն մարդն ես, ով քծնանքով, հոլիվուդյան լայնաժպիտ դեմքով նվեր ես ստանում այն մարդուց, որին 4 տարի առաջ մեղադրում էիր ցեղասպանության, պատերազմի, կոտորածի ու հայկականությունը ոչնչացնելու մեջ:
Ժամանակները փոխվել են, հայացքները՝ ևս:
Երեկվա թշնամուցդ, այսօր մակագրված գիրք ստանալն արդեն իսկ երջանկություն է քեզ համար:
Դրա համար էլ անկեղծ ուրախություն է ճառագում քեզանից:
Ամու՛ր սեղմիր կրծքիդ հայատյացի գիրքը:
Կարդա՛ նրա նվիրած՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» վերտառությամբ գիրքը, որի հիմքում աշխարհը կարգափոխելու էրդողանական արտաքին քաղաքական դոկտրինն է ու փորձիր գտնել գեթ մեկ տող Հայաստանի մասին, եթե իհարկե էրդողանական արդար աշխարհում Հայաստանն ընդհանրապես գոյություն ունի:
Որպես փոխադարձ նվեր՝ «խաղաղության խաչմերուկ» կոչվող անհեթեթ թղթի կտորի փոխարեն, Էրդողանին արժանանցնեիր մտքիդ գոհարները զետեղած՝ «երկրի հակառակ կողմը» գիրքը, որ վերջինս կարդար ու ապշեր քո աննախադեպ մառազմով, հոգեշեղված ու այլասեռված անբարոյականի մտքի թռիչքով:
Ինչևէ, դու քո, կինդ իր ամպլուայի մեջ եք:
Կինդ էլ քեզանիգ հետ չպետք է ընկներ:
Պետք է ջերմագին ու մտերմիկ հայացքով մոտենար ու կարոտաբաղծ, էքսպրեսիվ քնքշանքով ամուր բռներ Էրդողանի կնոջ ձեռքը:
Մի տիկնոջ, ով ոչ վաղ անցյալում Ալիևին հորդորում էր հայ ռազմագերիներին չհանձնել Հայաստանին, այլ Հայաստանից տարբեր զիջումներ կորզելով աստիճանաբար փոխանակել:
Այդպես էլ եղավ.
քարտեզներով գերիների փոխանակումը տիկնոջ մտքի փայլատակումն էր, որն Ալիևը սիրով իրականացրեց:
Լավ, ախր չափ ու սահման գոյություն ունի:
Հասկանալի է, որ ձեռքսեղմումն ու համեստ ժպիտը քաղաքավարության, դիվանագիտական էթիկայի կանոնների ու արարողակարգի բաղադրիչներ են, բայց սա ի՞նչ պահվածք է, սա ի՞նչ կեցվածք է:
Ջրիկանալդ, թեթևսոլիկ ու հեղհեղուկ վարքդ, երջանիկ ապուշի հայացքդ, խեղկատակի անզուսպ հրճվանքդ ինչի՞ մասին է…
Ու՞ր է քո զսպվածությունը, խոհեմությունը, պահի ճիշտ ինքնադրսևորվելու զգացողությունը:
Մանավանդ՝ կարծում եմ գիտակցում ես նման վարքիդ արձագանքը ինչպիսին կարող է լինել կամ որ այդկերպ ցավ ես պատճառում սեփական ժողովրդիդ:
Չնայած՝ կհանդուրժենք…
Մենք այլևս ներող, համակերպվող ու հարմարվող, չխրատվող, դասեր չքաղող ժողովուրդ ենք:
Ինչևէ, կրկես չունենք, բայց ինչքան ուզես միմոս ունենք:
Խայտառակություն, ողբերգություն է սա:
Ամոթ ու խարան է սա:
Փաստ է՝ Ժողովուրդների բախտավորության և անբախտության, հզորության և տկարության աղբյուրը գտնվում է իրենց մեջ:
Փաստ է՝ ամեն ազգ արժանի է իր ղեկավարին:
Շատերն ասում են՝ կգա ժամանակ, բայց ժամանակը չի գալիս, այն գնում է…
Այն գնում է՝ չաշխատելով մեր օգտին:
Մենք կորցնում ենք մեր թանկ ժամանակը…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more