▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Քալանթարյանը մեկնաբանում է Հ1-ից հեռանալու պատճառները

Երեկվանից բազմաթիվ զանգեր ու նամակներ եմ ստանում: Հարցը նույնն է. արդյո՞ք ազատվել եմ աշխատանքից Հանրային հեռուստատեսությունում և տեղափոխվել «Արմենիա» հեռուստատեսություն: Այո, դա այդպես է: Պատճառները մի քանիսն են: Մամուլում ոմանք գրել են, որ ինձ համար արհեստական խոչընդոտներ են ստեղծել, կարճ ասած «ստիպել» են հեռանալ: Նման բան գոյություն չունի: Ես հեռացել եմ իմ անձնական ցանկությամբ` Հ1-ում թողնելով շատ ընկերների: Նրանց հետ իմ ընկերությունը կշարունակվի անկախ աշխատանքիս վայրից: Իսկ հեռանալուս պատճառները հետևյալն են.

1. «Արմենիա» տեղափոխվեցին ընկերներս, որոնց հետ միասին հիմնել էիք «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարը: Ես գնացի նրանց հետ, որովհետև այդպես թելադրում էր սիրտս: Չեմ հերքի նաև այն, որ «Լրացուցիչ ժամանակի» նոր ձևաչափն ինձ համար չէր: Ես չէի կարող անել այն, ինչը պահանջվում էր ղեկավարության կողմից: Այդ հաղորդումը լավն է, ունի իր գոյության իրավունքը, բայց ինձ համար չէ, քանի որ կորցրել է վերլուծական բնույթը և ավելի շատ իրադարձային է: Այժմ մեր հաղորդումը կոչվում է «Ֆուտբոլի ժամը», որը եթերում կլինի ամեն հինգշաբթի` ժամը 23:20-ի սահմաններում:

2. «Արմենիան» ինձ արել է առաջարկ, որը ձեռնտու է բոլոր առումներով: Առաջինը ֆուտբոլային գլխավոր իրադարձությունների առկայությունն է: Հայաստանի ազգային հավաքականի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրում է հենց այդ հեռուստաընկերությունը: Բացի այդ ինձ են վստահվելու «Ժամը» լրատվականի մարզական թողարկումները:

3. Վերջապես, ոչ-ոք չի կարող հերքել այն փաստը, որ գնում է այնտեղ, որտեղ ավելի շատ են վճարում: Ես էլ չեմ հերքի:

Այսուհանդերձ ոչ-ոք իրավունք չունի ասելու, որ ինձ ստիպել են հեռանալ Հ1-ից: Ես կարող էի մնալ այնտեղ և աշխատել, բայց որոշեցի գնալ: Դա իմ որոշումն է, որը կայացնելու համար պահանջվեց երկար ժամանակ: Ես թողեցի մի աշխատավայր, որն ինձ համար երկրորդ տան պես էր: Այժմ կփորձեմ կառուցել այն նոր միջավայրում:

 

Աղբյուր` football365.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more