▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Շարմազանովը Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ է տալիս ձգտել դեպի դրախտ, ոչ թե՝ դժոխք

 

Երեւանի ավագանու ընտրութուններում ՀՀԿ-ն նախընտրական քարոզարշավը կսկսի ապրիլի 7-ից: Նյուզ.am-ն է գրում ու նշում, որ այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ թեեւ չի ներկայացնի ամբողջ մարտավարությունը, բայց հիմնական մարտավարությունն ուղղված կլինի դեպի «մեր սիրելի Երեւանցիները»:

«Այդ իմաստով մենք մեր թեկնածուի` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, ավագանու մեր թեկնածուներն ամեն ինչ կանեն, որ հնարավորինս շատ երեւանցիների հանդիպեն եւ հնարավորինս շատ բակերում լինեն իրենց քարոզարշավի ընթացքում, որպեսզի էլ ավելի լավ ծանոթանան երեւանցիների խնդիրներին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ նշեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող կազմակերպչական հարցեր` շտաբի կազմավորման եւ քարոզչության հետ կապված խնդիրներ:

Անդրադառնալով Պռոշյանի գյուղապետի սպանությանը, Շարմազանովն ասաց, որ ցանկացած օրենքի խախտում դատապարտելի է եւ իրավապահ մարմինները հնարավորինս պետք է անեն, որ սպանությունն իրականացնողները պատժվեն: «Սա իրավական հարթության խնդիր է եւ կխնդրեի ժամանակից շուտ եզրակացություններ չանել: Այն, ինչ տեղի է ունեցել, շատ ցավալի է եւ հանցագործներին կուսակցական պատկանելիությամբ չեն դասում: Մարդ կամ հանցագործ է կամ հանցագործ չէ: Իսկ, եթե օրենքը է խախտել, անկախ նրանից կուսակցական պատկանելիություն ունես, թե՝ ոչ, պետք է պատժվես»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: Նա ցավակցեց Պռոշյանի գյուղապետի ընտանիքին հարազատներին, ընկերներին, ինչպես նաեւ անթույլատրելի համարեց ցանկացած քաղաքական շահարկում:

Դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ դժոխք կգնա, կամ երկուսով չեն երդվի, կամ ինքը նախագահ կլինի, ՀՀԿ մամուլի խոսնակն արձագանքեց. «Կարծում եմ մեր բոլոր քաղաքական գործիչները պետք է ձգտեն գնալ դրախտ, ոչ թե՝ դժոխք»: Նա նշեց, որ ապրիլի 9-ին տեղի է ունենալու վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, իսկ մնացածն արդեն քաղաքական հնարքների դաշտից են, որորնք ուղղված են մայիսի 5-ի ավագանու ընտրություններին:

Շարմազանովի խոսքով՝ կառավարությունը հրաժարական է տալու երդմնակալությունից հետո, իսկ մինչ այդ նոր նշանակումների հարց չի քննարկվել:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more