▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլի խաբեցին. «Ժողովուրդ»

Եվ այսպես` երեկ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ ռուսները մեզ հերթական անգամ «քցել են»` հետ կանգնելով   անցած տարի   Վլ. Պուտինի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունից` «Նաիրիտ» քիմիական գործարանը գնելու եւ այնտեղ հսկայածավալ ներդրումներ անելու ուղղությամբ: Երեկ ՀՀ Էներգետիկայի  նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին նվիրված խորհրդակցության  ժամանակ հայտարարել է, որ ռուսական  «Ռոսնեֆտ» ընկերությունը, որն էլ կանխավ շրջանառվող խոսակցությունների համաձայն, պիտի որ գներ «Նաիրիտ»-ը,  սահմանված ժամկետներում որեւէ առաջարկ չի ներկայացրել: Ավելին, ըստ Զախարյանի` «Ռոսնեֆտ»-ն արդեն մեկ ամիս է` այս հարցի շուրջ Հայաստանի էներգետիկայի նախարարությանը  պատասխան չի տալիս: Զախարյանը նշել է, որ  «Ռոսնեֆտ»-ի հետ վերջին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին, որը, սակայն, այդպես էլ մնացել է օդում կախված:

Թե որն է «Ռոսնեֆտ»-ի` հայկական կողմի հետ տեւական ժամանակ բանակցված առաջարկից հետ կանգնելու իրական պատճառը` հայտնի չէ: Համենայն դեպս` առայժմ այդ մասին որեւէ պաշտոնական պարզաբանում ներկայացված չէ: Որպես հավանական տարբերակ կարող է մատնանշվել այն, որ ռուսական խոշորագույն նավթային ընկերությունը հայտնվել է Արեւմուտքի պատժամիջոցների  տակ ընկած ընկերությունների թվում, ինչը լուրջ խնդիրներ է հարուցել ընկերության համար: Սակայն այս պարզաբանումն էլ ոլորտի գիտակների համար հիմնավոր չի թվում, քանզի  հենց  վերը նշված պատժամիջոցների պարագայում հայկական կաուչուկի արտադրության զարգացումն ու ռուսական շուկա արտահանումը պետք է որ է՛լ ավելի գայթակղիչ թվար ներդրող ընկերության համար, չէ՞ որ  առաջիկայում ռուսական շուկայում շեշտակիորեն մեծանալու է կաուչուկի պահանջարկը:

Ամեն դեպքում` այլեւս ոչինչ չի խանգարում, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դարձյալ  բարձրացնի «Նաիրիտ»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախորդ տարի, ինչպես հիշում ենք, խորհրդարանական մեծամասնությունն այս նախաձեռնությունը տորպեդահարեց` պատճառաբանելով, թե նման հանձնաժողովի գործունեությունը  կարող է հիասթափեցնել պոտենցիալ ներդրողին եւ հանգեցնել բանակցությունների վիժեցմանը: Ինչպես տեսանք, ռուսներն առանց այդ էլ փոշմանեցին, արդյունքում` «Նաիրիտ»-ի 107 միլիոնանոց պարտքը եւս մի քանի տասնյակ հազար դոլարով մեծացավ, իսկ գործարանը թալանած նախկին պաշտոնյաներն էլ` ավելի տաքուկ ու անվտանգ տեղեր գտան:

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more