▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլլա Տարունց.«Ունեմ ամեն ինչ, ուղղակի ծավալն է պակաս»

ASEKOSE.am–ի  և   ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է երգչուհի Էլլա Տարունցը:

-Ինչպիսի՞ն  է հիշում իրեն Էլլան  մանկության տարիներին: 

- Շատ ակտիվ, միևնույն ժամանակ,  ինքնամփոփ աղջնակ եմ եղել: Դպրոցում գերազանց չեմ սովորել:  Սովորել եմ, երբ ցանկություն եմ ունեցել: Նաև բավականին չարաճճի եմ եղել:

-Ի՞նչն  է  Ձեզ  ուրիշների  համար  օգտակար  դարձնում

-Ես ինքս: Մարդկանց կյանքում  ներկա լինելով` արդեն օգտակար եմ նրանց համար, եթե վերջիններս  լավ մարդիկ են:

-Ի՞նչն  է  Ձեզ առանձնացնում մյուսներից:

-Նվիրվածությունս, մեծահոգի լինելս և լավատեսությունս:

-Չելենտանոն մի առիթով ասել է. «Հավատը ամենահիանալի շնորհն է, որ տալիս է մեզ Աստվածիրեն տեսնելու համար»: Ինչի՞ն է հավատում Էլլա Տարունցը:

-Նա հավատում  է  միայն Աստծուն, միայն նրա տված պարգևներին` առանց մարդկային միջամտության: Ես հավատում եմ, որ Աստված ինձ տվել է կյանք, որ երջանիկ ապրեմ:

-Իսկ ի՞նչ   նկատի ունեք`  «երջանիկ ապրել» ասելով:

-Ունենալ առողջ ընտանիք ու քո սիրած մասնագիտությամբ աշխատանք:

- Այս պահին   երջանի՞կ եք:

-Որոշակի թերություններ  կան իմ սահմանած «երջանկության բանաձևի» մեջ. այսինքն` ես շատ լավ բալիկ ունեմ, բայց չունեմ մեծ ընտանիք, չնայած` երկու հոգով շատ երջանիկ ենք, բայց  եթե լիներ մեծ ընտանիք, ավելի լավ կլիներ:

Զբաղվում եմ իմ սիրած մասնագիտությամբ, ուղղակի  ավելի լավ կլիներ համերգներս ավելի մեծ շառավիղներ ունենան:  Այսինքն` ունեմ այն ամենը, ինչի մասին երազում եմ, ուղղակի ծավալն է պակաս:

- Իսկ ինչի՞ց եք վախենում:

-Մարդկանց նկատմամբ հավատս կորցնելուց ու մի քիչ էլ ինքնաթիռից (ժպտում է):

-Ու՞մ  և ինչի՞ համար  է  շնորհակալ Էլլան:

-Բոլոր նրանց, ովքեր զուրկ են փառասիրությունից: Ամենաշատը շնորհակալ եմ Արարչին` ինձ   այնպիսի հատկանիշներ շնորհելու համար, ինչպիսիք են մարդկանց հասկանալը, ընկալելն  ու ներելը: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր մարկային հարաբերությունների մեջ  նույն կերպ են մտածում:

Շնորհակալ եմ իմ ընկերներին. մարդկանց, ովքեր ինձ չեն ցավեցնում, քանի որ լինելով շատ խոցելի մարդ`շատ դժվար եմ տանում այդ ամենը:

Ձեր մասին երբևէ  լսած  ասեկոսեներից , ո՞րն է Ձեզ ամենից  շատ զայրացրել:

- Շատ են այդպիսիք: Օրինակ` մի ժամանակ ասում էին, որ ես թմրանյութեր եմ օգտագործել: Երիտասարդ տարիքում ջղայնանում էի, բայց հիմա հիմար մարդկանց վրա այլևս չեմ զայրանում:

-Կոկո Շանելը մի առթով ասել է` ինձ հետաքրքիր չէ ձեր կարծիքն իմ մասին, ես ձեր մասին   ընդհանրապես  չեմ մտածում:  Իսկ ի՞նչ դեր ունի դիմացինի կարծիքը Ձեզ համար:

-Կարծիքներ լսել սիրում եմ, սակայն ընդունում եմ դրանց շատ քիչ մասը:  Իմ կյանքի փորձը այս առումով շատ խիտ եղել, ուստի կարծիքների կարիք համարյա թե չեմ ունեցել:

-Ի՞նչն է  որոշիչ եղել մասնագիտության ընտրության հարցում:

-Նախ այն, որ ես ստեղծագործող մարդ եմ: Ու ստեղծագործությունս, ի վերջո, ինչ-որ մեկը պետք է լսեր. 1-ը դարձավ 10, 10-ը` 100 ու այդպես շարունակ: Իսկ  աշխատանքային տարիների ընթացքում հասկացա, որ իմ երգը սիրողներ շատ կան, ինչի  համար շատ ուրախ ու երջանիկ եմ, քանի որ անիմաստ չեմ ստեղծագործում ու կատարում:

-Կյանքը պայքար է… իսկ հանուն ինչի՞  է Ձեր պայքարը:

-Երբեք չեմ սիրում պայքարել, հասարակ օրինակ բերեմ`  նույնիսկ մրցույթների չեմ մասնակցում: Ես շատ խաղաղ եմ այդ առումով, քանի որ  ապացուցելու ոչինչ չունեմ. երգում եմ, ստեղծագործում, ուրախանում, երազում ու փորձում հասնել երազանքներիս:

-Կթվարկե՞ք  5   իրավիճակ, որոնք շատ եք սիրում:

-Սիրում եմ ճամփորդել, շատ եմ սիրում իմ գրած երգերը երգել, սիրում եմ  տղայիս հետ ֆիլմ նայել,  շատ մոտ ընկերներիս հետ մեր տանը վիսկի խմել, և ի վերջո, շատ եմ սիրում ծաղիկներ աճեցնել  ու ամեն առավոտ  զրուցել  նրանց հետ:

-Ինչի՞ն եք առավել հաճախ կարոտում

-Կարոտում եմ իմ  կյանքում տեղի  ունեցած մի քանի օրերի: Կարոտում եմ տարիներ առաջվա Էլլային, քանի որ տարիների ընթացքում պայքարելու ու պաշտպանվելու համար իմունիտետ ես ձեռք բերում վատ բաների նկատմամբ` դրան զուգահեռ դառնալով ոչ անկեղծ:  Իսկ տարիներ առաջ ես շատ ավելի թափանցիկ էի, քան հիմա:

 

Հեղինակ` Անի Բեքիրյան

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more