▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիր ՀՅԴ-ն վտանգավոր չէ Սերժ Սարգսյանի համար. «Ժողովուրդ»

«Վիկիլիքս»-ի  հրապարակայնացրած հերթական փաստաթուղթը պատմում է 2009թ.  ՀՅԴ-ի` կոալիցիոն նավը լքելու մասին: ԱՄՆ Պետդեպին ուղարկված այս զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ով անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական վիճակին, քննարկում իշխանության ներսում առկա դասավորությունը եւ հնարավոր զարգացումները: 

 

Այսպես. դիվանագետը նախ եւ առաջ տեղեկացնում է, որ 2009թ. ապրիլի 27-ին Դաշնակցությունը հայտարարել է կոալիցիան լքելու մասին` որպես բողոքի գործողություն  Ս. Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հանդեպ: Հեղինակը հավելում է, որ «փոքր ՀՅԴ-ի` իշխանական կոալիցիայում մնալը նվազ ազդեցություն ունի իշխանության պահպանման վրա»: Բայց եւ այնպես, Յովանովիչը ենթադրում է, որ ՀՅԴ-ն  կարող է առաջինը լինել, որ լքում է կոալիցիան` ծանրակշիռ նոր խաղացողների ներգրավելով խաղի մեջ: Նախկին դեսպանը հաղորդում է, որ իրենք պիտի շարունակեն աշխատել Սերժ Սարգսյանի հետ: Բացի այդ, ամերիկացի պաշտոնյայի կարծիքով՝ ինչ-որ պահի կարող է Վաշինգտոնից բարձր կարգի աջակցության անհրաժեշտություն առաջանալ, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվի` ի հեճուկս ներքաղաքական ճնշումների: Այսպիսով` եւս մեկ անգամ փաստվում է, որ ամերիկյան կողմը այս ժամանակահատվածում, մեղմ ասած, ջանք չէր խնայում Սերժ Սարգսյանին օժանդակելու, ինչի մասին բացեիբաց խոսում է նաեւ դիվանագետը: Սա հերթական ապացույցներից մեկն է այն բանի, որ աշխարհաքաղաքական շահադիտությամբ մեծ տերությունները սատարում են Հայաստանի իշխանություններին` աչք փակելով նրանց ապօրինությունների ու հակաժողովրդական կեցվածքի վրա:

Այնուհետ դեսպան Յովանովիչը փոխանցում է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունները, որոնց համաձայն` կուսակցությունը բողոքի  այդ քայլն է ընտրել ցույց տալու Թուրքիայի ու ԼՂ հարցերում իշխանության վարած քաղաքականության նկատմամբ իր անհամաձայնությունը: Դիվանագետը, սակայն, արձանագրում է, որ դաշնակցականները «չեն կոնկրետացնում, թե ինչի հետ են անհամաձայն», բացի նրանից, որ  իբր հայ-թուրքական բանակցային գործընթացը թույլ է տվել նախագահ Օբամային խուսափել 1915թ. հայկական կոտորածները ցեղասպանություն որակելուց: Յովանովիչը հաղորդում է Ռուստամյանի խոսքը, ըստ որի` բավարարված չեն Սերժ Սարգսյանի կեցվածքով ու պատրաստվում են դառնալ «կառուցողական ընդդիմություն»: Այս կապակցությամբ ընդգծենք, որ  ՀՅԴ-ն ցայսօր մնաց «կառուցողական»` սկսելով ԱԳ նախարարի հրաժարականի պահանջից եւ ավարտելով իր «երեւելի» պարագլուխներից Վահան Հովհաննիսյանին դեսպան նշանակելով: Եվ այդ ընթացքում ՀՅԴ-ն այդպես էլ քաջություն չունեցավ պահանջել այսօրվա վիճակի իրական պատասխանատուի` Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Յովանովիչն այս փաստաթղթի շրջանակներում հիշատակում է նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն եւս կհետեւի ՀՅԴ օրինակին,  եթե Հայաստանը հարաբերությունների կարգավորման հարցում անթույլատրելի զիջումների գնա, ինչին, սակայն, ինքը չի հավատում` հենվելով Սերժ Սարգսյանի հավաստիացումների վրա: Յովանովիչը մեջբերում է նաեւ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի կարծիքը, թե առավել հավանական է դառնում ՀՅԴ-«Ժառանգություն» միավորումը: Հանրապետականը վստահություն էր հայտնել, որ ՀՅԴ-ն այս քայլով կարող է ավագանու ընտրություններում մեծ թվով ձայներ ստանալ: Հետաքրքիր է, որ իշխանության ներկայացուցիչն էլ է անուղղակիորեն ընդունել, որ ընդդիմություն լինելով` քաղաքական ուժն ավելի մեծ ձայներ ստանալու հնարավորություն ունի: 

Փաստաթղթում Յովանովիչը հանդես է գալիս ուշագրավ մեկնաբանությամբ, ըստ որի` ՀՅԴ-ի՝ կոալիցիայից հեռանալը ոչ մի իրական վնաս չի հասցնում Սերժ Սարգսյանի իշխանությանը: Դիվանագետը  բարձրաձայնում է նաեւ այն հավանականության մասին, որ ՀՅԴ-ի հեռանալը կարող է Ս. Սարգսյանի հետ միասին լավ մշակված, երկուստեք շահավետ  ծրագիր լինել:  Հույս դնելով  իրական քաղաքական անհամաձայնության վրա` դեսպանը նկատում է, որ Սերժ Սարգսյանի համար դա  կարող է բավականին խնդրահարույց լինել, եթե հարաբերությունների կարգավորման դեմ հանրային ընդվզում առաջանա, որը կունենա «դոմինոյի էֆեկտ»: Ամերիկացու դիտարկմամբ` այսպիսի սցենարն ավելի կառարկայանա, եթե Քոչարյանը կարողանա ակտիվանալ ու օգտագործելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ պոպուլիստական հռետորաբանությունը` պաշտոնից հեռացնել Սերժ Սարգսյանին: 

Այս համատեքստում Յովանովիչն արձանագրում է, որ «դաշնակները միշտ էլ եղել են ավելի մոտ Քոչարյանին, քան Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն Քոչարյանի գործիքն է: Ավելին՝ կան ՀՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր հաճույքով կցատկեն Քոչարյանի գնացքը, եթե այն սկսի գործարկվել»: Դիվանագետը նմանօրինակ զարգացումը հավանական է համարում` աչքի առաջ ունենալով 1998թ. իրադարձությունները, երբ «Քոչարյանը (Ս.Սարգսյանի ու Վ.Սարգսյանի հետ միասին) հեռացրեց Տեր-Պետրոսյանին իշխանությունից` օգտվելով ազգայնական լոզունգներից ԼՂ հարցի խաղաղ կարգավորման բանակցությունների շրջանում եւ իր դրոշի ներքո քաշեց ռեժիմի ներսում գտնվողներին, մինչեւ որ Տեր-Պետրոսյանի կառավարող կուսակցությունը դատարկվեց»: Յովանովիչը նման սցենարը համարում է նվազագույնը երեւակայելի, թեպետ նկատում է, որ տվյալ պահը 1998թ. պես ճգնաժամային չէ` պայմանավորված Սերժ Սարգսյանի կողմից իշխանության հանդեպ ունեցած ուժեղ վերահսկողության հանգամանքով:

Հեղինակ` ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more