▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռատոնի խորհուրդը. Շուշիի ազատագրումը ադրբեջանական հզորության առասպելի փլուզման սկիզբն էր

1941 թ. հունիսի 22-ի վաղ առավոտյան, երբ գերմանական բանակները պատրաստվում էին հարձակվել ԽՍՀՄ վրա, Երրորդ ռեյխի առաջնորդը՝ նախկին եֆրեյտոր, ոստիկանական իրազեկիչ և նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոս Ա. Հիտլերը համոզված էր, որ հաղթանակը լինելու է արագ ու համեմատաբար անարյուն:  Խորհրդային Միությունը հսկա է կավե ոտքերի վրա , - շտաբային մի խորհրդակցության ժամանակ ամբարտավանորեն հայտարարել էր նա: Գերմանական Վերմախտը հիանալիորեն սպառազինված էր ու հանդերձավորված, նա իր մարտունակությունն ապացուցել էր Երկրորդ աշխարհամարտի ոչ լրիվ երկու տարվա ընթացքում խորտակելով եվրոպական գրեթե բոլոր երկրների բանակները, Հիտլերի զինվորները կուրորեն հավատում էին իրենց զենքի ուժին և նացիոնալ-սոցիալիզմի գաղափարներին, իսկ գեներալներն ունեին փայլուն կրթություն, մարտական հարուստ ուղի և, հիմնականում սերված լինելով պրուսական մեծատոհմիկ ազնվականությունից, վատ քողարկված արհամարհանքով էին վերաբերվում հավանական հակառակորդի զինված ուժերը գլխավորող պրոլետարական ծագման իրենց ախոյաններին:
Մյուս կողմում քաղաքացիական պատերազմի նժույգներից նոր իջած Կարմիր բանակն էր: Նրա հրամանատարների մի զգալի մասը ոչնչացվել էր 1937-38 թթ. բռնաճնշումների մսաղացում: Հսկայական Խորհրդային Միությունը ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Ի. Ստալինի երկաթե ձեռքի ներքո աստիճանաբար գյուղատնտեսական տերությունից վերածվում էր արդյունաբերական պետության՝ իր գործարաններն ու էլեկտրակայանները կանգնեցնելով բառի բուն իմաստով մարդկային ոսկորների վրա, սակայն, չնայած նախագծային բյուրոներում և ինստիտուտներում սպառազինության ու ռազմական տեխնիկայի հիանալի նմուշների առկայությանը, արդյունաբերությունը չէր հասցնում բավարարել բանակի պահանջարկը:
Գերմանիայի Գլխավոր շտաբը, միգուցե և ճիշտ վերլուծելով պատերազմ մտնող երկու երկների ռազմական ներուժի ֆիզիկական բաղադրիչների հարաբերակցությունը, հաշվի չէր առել մի կարևորագույն հանգամանք. ԽՍՀՄ ժողովուրդները պաշտպանում էին իրենց հայրենիքը, որը, անկախ բազմաթիվ խնդիրներից,նրանց ՄԻԱԿ հայրենիքն էր:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 1992 թ. մայիսին կրկնում էր Հիտլերի սխալը. Ադրբեջանը ուներ նավթի զգալի պաշարներ ու փլուզված ԽՍՀՄ-ից ժառանգած հսկայական ռազմական ենթակառուցվածք, զինամթերք, սպառազինություն և ռազմական տեխնիկա: Այս առումով Շուշին թերևս նրանց գերազանցության մասին տարիներ ի վեր սերմանվող առասպելի խորհրդանիշն էր՝ Ստեփանակերտի վրա վեր խոյացած անմատչելի մի ժայռ, որտեղից ադրբեևջանական հրետանին անպատիժ գնդակոծում էր Արցախի մայրաքաղաքը: Սակայն Ադրբեջանի ղեկավարները ևս հաշվի չէին առել, որ Արցախը հայ ժողովրդի ՄԻԱԿ հայրենիքի մի մասնիկն է:
Շուշիի ազատագրումը ադրբեջանական հզորության առասպելի փլուզման սկիզբն էր, անհավանական այդ հաղթանակը կերտած հայ զինվորին այլևս երբեք չլքեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, անգամ 1993 թ. ամառային ծանր նահանջի օրերին հայ զինվորը գիտեր, որ պատերազմը անպայման լռելու է նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս, մեր ՄԻԱԿ հայրենիքի ԱԶԱՏԱԳՐՎԱԾ մի մասի վրա:

Սուրեն Սարումյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more