▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հաց ու շաքարավազ իրացնելիս այնքան են խաբում, որ ԴԱՆԱԿԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՈՍԿՈՐԻՆ

Ինչպես արդեն հայտնի է, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ նախագահի վերահսկիչ ծառայությանը հղել է բաց նամակ, որում իր անհանգստությունն է հայտնում վաճառվող հացի և շաքարավազի որակի առումով առկա խախտումների վերաբերյալ: Հիշյալ կազմակերպության նախագահը շաբաթ օրն այդ կապակցությամբ նույնիսկ մամուլի ասուլիսով է հանդես եկել:

Ըստ ասոցիացիայի, վերջին ժամանակներս սննդային ապրանքների անվտանգությունը և որակը լրջորեն բարձրացել է, սակայն առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ, մասնավորապես` հացը և շաքարավազը, հիմնականում իրացվում են որակական չափանիշների լուրջ խախտումներով, առաջինի դեպքում քաշն է խախտվում, երկրորդի պարագայում` խոնավության թույլատրելի տոկոսը:

Ընդգծենք, որ մեր ձեռքի տակ եղած փաստերը բնավ էլ հիմք չեն տալիս այն լավատեսությունը հայտնելու, որ վերջին ժամանակներս սննդային ապրանքների անվտանգությունը և որակը լրջորեն բարձրացել է: Վստահ ենք, որ ՀԿ-ի նախագահը չի կարող ներկայացնել իր ասածը հիմնավորող բավարար ապացույցներ: Բազմաթիվ սննդամթերքների պարագայում իրավիճակը ճիշտ հակառակն է, ինչը, անշուշտ, չի նշանակում, թե բոլոր սննդամթերքներն ունեն անվտանգության, որակի հետ կապված խնդիրներ: Այնուհանդերձ, Ա. Պողոսյանի ասածի երկրորդ մասի հետ լիովին համամիտ ենք: Խոսքը հանրահայտ փաստերի մասին է:

Ո՞ւմ հայտնի չէ, որ շաքարավազը բազմաթիվ սուպերմարկետներում և խանութներում վաճառվում է, ամենայն հավանականությամբ, արհեստականորեն գերխոնավացված վիճակում, այդ ավազում ակնհայտորեն «քարի» կտորներ էլ կան` խոնավությունից առաջացած բազմաթիվ կոշտուկներ, որոնք սպառողների գրպանի հաշվին գերշահույթ են ապահովում առաջնային կամ երկրորդային իրացնողներին:

Ո՞ւմ հայտնի չէ, որ, ինչպես Ա. Պողոսյանն է նշել, «Մի շարք հնարքներով հացին պատկառելի տեսք են տալիս, սակայն, որի քաշը չի համապատասխանում չափանիշներին»: Ընդգծենք, որ հացի պարագայում խնդիրը վերաբերում է ոչ միայն քաշին, այլև հաց հանապազօրյայի անվտանգությանը: Որպեսզի ալյուրը կամ հացի խմորը հնարավորին շատ ջուր կլանի, բազմաթիվ արտադրողներ օգտագործում են խմորին խառնվող սննդային հավելումների (այսպես կոչված` «վիտամինների») չափից մեծ քանակ, ինչը վտանգավոր է սպառողների առողջության համար:

Մի առանձին հարց է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պահանջն արհամարհելով, նրա անհետևողականությունից օգտվելով, իրացման կետերում հացերի քաշերը գնապիտակների վրա զանգվածաբար չարտահայտելը, ինչն արտադրողների գերակշիռ մասին թույլ է տալիս սպառողներին նախապես որպես, ասենք, 300 գրամանոց հացի քաշն աստիճանաբար նվազեցնել ընդհուպ մինչև 240, 230 գրամի:

Վերոնշյալ խախտումները տարիների վաղեմություն ունեն, ԶԼՄ-ները բազմիցս քննադատաբար բարձրացրել են այդ խնդիրները, իսկ դրանց չլուծված մնալը վկայություններից մեկն է մեր երկրում համակարգային կոռուպցիայի առկայության:

«Այս ուղղությամբ մեր բոլոր ջանքերը արդյունք չեն տվել,- նշել է Ա. Պողոսյանը:- Դիմում ենք Վերահսկիչ ծառայությանը` կոչ անելով ուսումնասիրություն կատարել և արմատախիլ անել այս երևույթները»:

Ըստ ՀԿ-ի նախագահի, վերահսկիչ գնումների և լաբորատոր անալիզների ճանապարհով կարելի է և անհրաժեշտ է բացահայտել իրական վիճակը: Այն փաստը, որ Ա. Պողոսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը և էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությանը դիմելու փոխարեն, դիմել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը, վկայում է, որ Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավարը նրանց կամ չի վստահում, կամ էլ հույսեր չի կապում այդ կառույցների գործունեության հետ:

Հեղինակ`ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԱՅԱՑՔ օրաթերթ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more