▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ պակասում է հարգանքը նրանց հանդեպ, ում համար, երևի, ինքը ստեղծագործում է

 

Դերասան Տյուշի՝ Արտաշես Ալեքսանյանի, հարցազրույցը շատերին է զայրացրել: Անկեղծ ասած, ինձ էլ: Չէի պատկերացնում, որ մտերիմ բարեկամս նման կերպ կարձագանքեր... Իհարկե, ամեն մարդու կամքն է արձագանքել կամ չարձագանքել այս կամ այն քաղաքացիական ակտին ու նախաձեռնությանը, սակայն հատկապես արվեստագետն իրավունք չունի նման ,,լղոզված,, , մի քիչ էլ քամահրական վերաբերմունք ունենալ իր շուրջ կատարվողի հանդեպ...

Մեծն Խորեն Աբրահամյանը 1988-ին հարթակ չբարձրացավ, ոգեշունչ հայտարարություններ չարեց: Միայն մի անգամ խնդրեց ինձ կապվել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և հայտնել իր ցանկությունը՝ Ազատության հրապարակի հարթակից խոսք ասելու մասին... Բայց ելույթ չունեցավ: Սակայն 1988 թվականի ապրիլի 25-ին նա Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնի բեմում խաղաց Կորրադո՝ ,,Ոճրագործի ընտանիքը,,:

Դահլիճում էին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների թատերական նշանավոր գործիչները, ԽՄԿԿ Կենտկոմի պատասխանատու աշխատողներ, այդ թվում՝ Գորբաչովի խորհրդականներ Ալեքսանդրովն ու Շահնազարովը, Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղարը... Ներկայացման ավարտին Խորեն Աբրահամյանը եկավ բեմառաջք, խոնարհվեց, ապա բռունցքը պարզեց վերև: Ամբողջ դահլիճը միացավ մեր մեծ դերասանին, իսկ հետին շարքերից տարածվեց ,,Ղարաբաղ-Ղարաբաղ,, կոչը... Հենց դա էր արվեստագետ-մտավորականի կեցվածքը...

Հիմա ես կարդալով Արտաշես Ալեքսանյանի հարցազրույցը, մեկ անգամ ևս հասկացա, թե ինչու նրա դերասանական կատարումները չունեն ընդգծվածություն, չունեն շեշտվածություն: Արվեստագետին պակասում է քաղաքացու կեցվածքը, պակասում է մարդկային ակտիվությունը, հարգանքը նրանց հանդեպ, ում համար, երևի, ինքը ստեղծագործում է... 



Լեւոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more