▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկվա ասուլիսից հետո Սեյրան Օհանյանը մեկնել է Ղարաբաղ. «Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին այնպիսի իրավիճակ չի ստեղծվել, որ Հայաստանը դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աջակցությանը: Հիշեցնենք, որ ըստ ՀԱՊԿ համաձայնագրի՝ պայմանագրի անդամ պետություններից որեւէ մեկի նկատմամբ ոտնձգության դեպքում մյուսները պարտավոր են աջակցել:

 

Երեկվա ասուլիսի ժամանակ Օհանյանը նշեց, թե ե՛ւ ինքը, ե՛ւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀԱՊԿ գործընկերների հետ, որոնց ընթացքում ՀԱՊԿ ներկայացուցիչներն արտահայտում են մտահոգությունը ստեղծված իրավիճակի ուղղությամբ, նաեւ` բարոյական աջակցություն են արտահայտում եւ փորձում ազդել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ հակառակ կողմի վրա` ներկա լարվածությունը թոթափելու համար: «Արցախում անվտանգության նկատառումներով ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման կարիքը դեռ չկա: Երկրագնդի վրա հակամարտությունների բոլոր գոտիներում Արցախը միակն է, որտեղ առանց որեւէ երրորդ ուժի, մարտական ոգու ու պատրաստվածության մեր առավելության շնորհիվ հնարավորինս կարողանում ենք պահպանել հրադադարի հարաբերական վիճակը»,-ասաց նա` հավելելով,-«Մենք մեր առջեւ դրված խնդիրը ինքնուրույն կարող ենք լուծել եւ խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիր այսօր չկա»:

Սեյրան Օհանյանը չբացառեց, որ օգոստոսի 8-9-ին Սոչիում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից ե՛ւ առաջ, ե՛ւ հետո հակառակորդը պահպանի լարված իրավիճակը: «Միաժամանակ, մենք կարծում ենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար տարվող ցանկացած հանդիպում հնարավորություն կտա բանակցելու, երկխոսություն ստեղծելու եւ կառուցողական հիմք տալու բանակցային գործընթացին: Երկխոսությունն է այն պայմանը, որի առկայությամբ կարող ենք ստեղծել հնարավորություն, որ համապատասխան ընթացք տանք հակամարտության քաղաքական լուծմանը»,-նշեց նա:

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարել էր, թե Սոչիում կայանալիք հանդիպումը կթուլացնի սահմանում ստեղծված լարված իրավիճակը: Այնինչ, ՀՀ պաշտպանության նախարարը համամիտ չէ այս տեսակետին:

Հարցին՝ արդյոք ստեղծված իրավիճակը կհանգեցնի պատերազմի, նախարարը պատասխանեց. «Անկասկած, Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, Հայաստանը նույնպես պատրաստվում է: Սակայն այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը դեռ ցածր է: Բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի: Եթե սկսվեց, ի՞նչ ենք անելու, պետք է ամեն մեկս մեր պարտավորությունները պատվով կատարենք եւ պատվով դուրս գանք»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկվանից ԼՂ ՊԲ գրոհային ավիացիան օդ է բարձրացվել. նրանք շփման գոտու երկարությամբ ավիացիոն թռիչքներ են իրականացնում`  ստեղծված օպերատիվ իրադրության պատճառով: Մինչ այդ, նախօրեի գիշերը հակառակորդը հերթական դիվերսիոն հարձակումն է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Մարտունու հատվածի ուղղությամբ: Հայ դիրքապահների գործողությունների արդյունքում հակառակորդը մեկ զոհ եւ վիրավորներ տալով նահանջել է:

Հ.Գ. Երեկվա ասուլիսից հետո Սեյրան Օհանյանը մեկնել է Ղարաբաղ, հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հեղինակ՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more