▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք նախագահների եվրասիական ընդհանրությունը


Այսօր իր ոչ պաշտոնական կայքին հարցազրույց է տվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Այս անգամ նա վարչապետին կամ կառավարությանը չի «քլնգել», ոչ էլ ակնարկել է իր հնարավոր վերադարձի մասին։
Քոչարյանը խոսել է Մաքսային միության մասին, չի ընդդիմացել այդ կառույցին Հայաստանի ինտեգրմանը։ Պարզապես ասել է, որ կարելի է ավելի «գեղեցիկ մաքսայնանալ»։
Մոտավորապես նույն բանն, ամիսներ առաջ, ասել էր առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Մեկը մի քիչ գեղեցիկ է խոսում, մյուսն՝ ավելի ուղիղ, երրորդն էլ՝ արագ տեմպերով, երկիրը Մաքսային է տանում։
Հայաստանին Մայդան չի սպառնում, որովհետև մեր երեք նախագահները՝ քաղաքական համակարգն իրենցով արած, թունդ եվրասիական են։
Այլ խոսքով՝ հայկական Մայդանի գաղափարական մոտիվներից մեկը բացակայում է։
Շատերը կասեն, որ ուկրաինական գործընթացի շարժիչն ազատության գաղափարն էր։
Չեմ վիճի, բայց հստակ է նաև, որ, տվյալ պարագայում, աշխարհաքաղաքական ընտրությունը կանխորոշում է արժեքային կողմնորոշումը։
Ըստ ամենայնի՝ նախագահների մեր եռյակին հարազատ է կառավարման այն փիլիսոփայությունն, որ կրողն են «մենթալիտետային դեմոկրատիայի» հեղինակ Պուտինը, նախագահ կոչվող սուլթան Նազարբաևը ու Եվրոպայի վերջին դիկտատորի համբավ ունեցող Լուկաշենկոն։
Մի նկատառում ևս. քաղաքակիրթ աշխարհում շատ ուշադիր են վերաբերում նախկին նախագահների արտաքին քաղաքական դիրքորոշումներին։ Այս հարցերում նրանք համարվում են լավագույն փորձագետներ։
Մեզանում այդպես չէ, որովհետև նախկին ու ներկա նախագահները նույնիսկ արտաքին քաղաքականությունը ծառայեցնում են իրենց նեղ քաղաքական կամ բիզնես շահերին։
Մայդանի մի սպասեք այնտեղ, որտեղ հերթ են գոյացնում Կրեմլի սպասավորները…

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more