Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․
«Եվ իրականություն դարձավ աներեւակայելին, բայց այն, ինչի ահազանգը հնչեցնում էինք ամիսներ շարունակ: Ակներեւ էր, որ պարտված գերագույն գլխավորի զոռով շարունակվող իշխանության օրոք Հայրենիքն աստիճանաբար, ինքնակամ դավադրությամբ հանձնվելու է մաս-մաս՝ բարձունք առ բարձունք, բնագիծ առ բնագիծ:
Պետությունը տեւապես զիջելու է իր ինքնիշխանությունը, եւ մեր Երկրի ոսկեսերունդը տալու է հերթական նահատակները հանուն այդ հանցավոր աթոռապաշտի անփառունակ հարատեւման: Համահայկական ջանքով ու ոգով բացված Հայաստան-Արցախ կենաց ճանապարհը՝ Բերձորը, Աղավնո գետն ու գյուղը ներառյալ, դարձավ պատմություն՝ մեր իսկ սերնդի վկայությամբ, մասնակցությամբ, թողտվությամբ ու ձեռամբ: Արցախի շրջափակման նախկին գոյավիճակի վերադարձին մոտեցանք եւս մեկ քայլով:
Քանի դեռ ուխտադրուժ նախկին հրամանատարը մնում է որպես արդի հայոց պատմության եւ հայ ժողովրդի բնականոն ընթացքի ճամփան փակած ժեռ ապառաժ, պետությունն ու ազգը փրկության որեւէ հույս կամ հնարավորություն չեն ունենա:
Ցավալի, անգամ ողբերգական հավասարում է, բայց կամ ինքն է, կամ՝ Հայրենիքը:
Երիցս ցավալի է, բայց թվում է՝ աթոռի, փողի եւ փոխկապակցված այլ գործոններից ելնելով, իր ընտանիքն ու կուսակիցները (գոնե ինձ հայտնիները) ընտրել են իրեն՝ ընդդեմ Հայրենիքի: Պետական պատկան մարմինները նույնպես՝ իրենց սահմանադրական պարտականություններն անտեսած, պաշտպանում են գործող ոմն պաշտոնամոլի անվտանգությունը եւ ոչ թե Հանրապետության սահմանադրական կարգն ու քաղաքացիների իրավունքները:
Քիչ ժամանակ է մնացել վերանայման եւ քավության ելք որոնելու համար:
Ապաշխարանքի ու զղջումի այս ուղին վերաբերում է հավասարապես նախկին իշխանություններին: Այսօրվա կանգառը, սակայն, բոլորիս հրամայականն է: Պետք է միասին դուրս գանք մեր ներքին հիասթափությունից, անտարբերությունից, չարությունից, նեղվածությունից, վախից ու ճակատագրապաշտությունից:
Պետք է դուրս գանք առանձին ճակատների եւ շարժումների բարի նպատակների տիրույթներից: Պետք է մեկ անգամ ապավինենք միացյալ մի մոտեցման՝ ստեղծարար, արժեքային ու թիրախամետ հայաստանակենտրոն լուծումներով: Միասին պետք է ընտրենք Հայրենիքը՝ չմերժելով ոչ մեկի, բացի հայրենին մերժողից: Նրա ինքնիշխանությունը, ամբողջականությունը, արժանապատվությունը անսակարկելի են: Եվ՝ անբեկանելի: Կա՛նգ առ, Հայաստան»: