▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդ Հանրապետության դատը. մաս 2

(Սկիզբն` այստեղ. հատված «Երրորդ հանրապետության ողբերգությունը և աստղային ժամը» մենագրությունից, 2002թ.)

Եվ խոսում է Հայ Ազգը, զուսպ ու կարճառոտ ներկայացնում մեղադրանքը, որն ասում է.- Իմ սիրելի ու ողբերգական զավակ` Երրորդ Հանրապետություն, վեց հարյուրամյակ սպասել եմ քո ծնունդին. այդ դարերի մեջ քո պատկերն ու էությունը ապրում էին ամեն հայ ընտանիքի սրտում: Նոր ժամանակներում իմ առաջին որդին` Առաջին Հանրապետությունը, այդ ազնիվ մանուկը զոհ դարձավ ժամանակների խաղին, ես չկարողացա պահել ու զորացնել նրան: Իմ երկրորդ որդին` Երկրորդ Հանրապետությունը, իր ծնունդով ինչքա´ն ցավ, նույնքա´ն էլ սեր ու զորություն տվեց ինձ, շնորհակալ եմ ճակատագրից այդ պարգևի համար: Եվ ահա Դու – իմ երրորդ զավակը: Եթե ուրիշ երկրներ անկախություն ստացան ինքնաբերաբար, կայսրության կործանումով` ես քե´զ, հայոց Երրորդ Հանրապետություն, ծնեցի մի հրաշալի երկունքով, մի զորեղ Շարժումով, իմ էության անմնացորդ ցնծությամբ: Քեզ ծնեցի ու կարգեցի կատարող իմ առաքելության: Քեզ հետ ես հաղթեցի դարավոր թշնամուն, մաքրեցի Հայկական Բարձրավանդակի այս կտորը թշնամու շոշափուկներից, հաղթահարեցի անվերջ պարտությունների շղթան և հաղթող Ազգ դարձա: 

Բայց մինչև հաղթում էի էթնիկ իմ թշնամուն` մի ուրիշ թշնամի սողոսկեց քո սրտից ներս, անջատեց քեզ ինձանից, իմ առաքելությունից ու մշակույթից: 
Նյութապաշտության համաշխարհային վիշապը տիրեց քեզ, քո հիմնադիր-գործիչները մոռացան իրենց վահագնածին ծագումը, դարձան ոսկե հորթի պաշտամունքի աղանդավորներ, անպաշտպան թողեցին տնտեսական և մշակութային սահմանները, և վիշապի բազմահազար ծառայողները խուժեցին Հայաստան: Մեղադրում եմ քեզ, որ ենթարկվեցիր վիշապի դեսպանների` միջազգային կազմակերպությունների ստեղծած պատրանքին, թե այսպե´ս պետք է պետականություն ստեղծել, և նրանց «ծրագրով» ու «խորհրդատվություններով» և քո շահատենչությամբ ավերակեցիր իմ տունը: Մեղադրում եմ քեզ, որ մոռացար և գործի չդրեցիր Արարչի և Ազգի Օրենքները և դրանք ստորադասեցիր այսպես կոչված ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը և ազատ շուկային: Բայց դու եղար այնքան անօրեն, որ նույնիսկ այդ կիսատ արժեքներին դավաճանեցիր: Մեղադրում եմ քեզ, որ Երկրում ոգու սով հաստատեցիր, իմ ձեռքերը կտրեցիր – առանց հայ երգի, պարի ու ոգեղեն խոսքի` ես ինչպե՞ս հասնեմ ու փայփայեմ իմ զավակներին: Դու իմ զավակներին մշակութային որբության մատնեցիր, նրանք կորցրեցին ինձ և սկսեցին լքել Հայրենիքը: Մեղադրում եմ քեզ, որ խախտեցիր Հայոց Տան օրենքները, իմ տան աշխատանքը դու օտարին տվեցիր, նրա ստեղծած ապրանքները երկիր լցրեցիր, իմ վարպետին ու բանվորին առանց աշխատանքի թողեցիր: Մեղադրում եմ քեզ, որ 1995-ին, 1996-ին, 1998-ին իմ ընտրական կամքը ճզմեցիր, մի կտոր լեղի հացով իմ զավակների հպարտությունը գնեցիր, Հայ Մարդուն ստորացրիր, ամբոխի զավակ դարձրիր… 

Մեղադրում եմ քեզ, որ հայ ընտանիքը զարկեցիր, հայ կնոջ արևը – հայ տղամարդուն խավարեցիր, հայոց կանացի սկիզբը խոցեցիր, հայ աղջկան ու կնոջը դռնեդուռ գցեցիր... 
Մեղադրում եմ քեզ, որ արի ազգերի Մայր-օրրանը – Հայաստանը` աշխարհի բարոյականության ամրոցն ու հույսը` ներկա քաղաքաքակրթության առջև խոնարհեցրիր, նրա կավատությանը հանձնեցիր, նրա սոդոմ-գոմորյան օրենքներն ընդունեցիր, նրա նյութի ու հարստության առջև ծնրադրեցիր… Օ՜հ, իմ ողբերգական զավակ, չտեսար, որ նա այլևս անհավատ, եսապաշտ ու նյութատենչ մի հիվանդ է, որ քեզ չի կարող օգնել և միայն քո զորավոր օգնության կարիքն ունի... 
Մեղադրում եմ քեզ, որ քո ապագայի Խանդութ խանումին, քո սրտի ընտրյալին հասնելու ճանապարհին` մի Չմշկիկ Սուլթանի հետ պառկեցիր, առավոտյան արթնացար ու չփոշմանեցիր և այժմ էլ պառկած ես համաշխարհային ճահճի ու աղբի մեջ: 
Եվ ահա, այս Բարձր Ատյանում մեղադրում և կոչում եմ քեզ, իմ ողբալի զավակ – Հայաստանի Երրորդ Հանրապետություն, դուրս արի՜ այդ ճահիճներից, հիշի՜ր քո երդումը, ո՜վ Սասնա խաբված Ծու´ռ… 
Հայ Ազգն ավարտեց իր մեղադրական խոսքը, և Ահեղ Դատավորը հարց ուղղեց Երրորդ Հանրապետությանը` քեզ մեղավոր ճանաչու՞մ ես...

Ամբաստանյալը մութ ու շփոթված հայացքով հածեց դահլիճը, չճանաչող աչքերով նայեց Դատավորին ու Մեղադրողին, մի դաժան կնճիռ հատեց նրա այլայլված ու անլույս ճակատը, աչքերը ելք փնտրեցին ու չգտան, և կրծքից դուրս թռավ մի խեղդված փառանչ` ի՞նչ եք ուզում ինձանից…: Եվ բոլորը հասկացան, որ ամբաստանյալը չի՜ հասկացել մեղադրանքը, նա չի՜ սպասել, որ երբևէ դատ է լինելու, և դատարանում կատարվածը նրան մի դառը երազ էր թվում, որից ուզում է ազատվել ու փախչել: Բայց Դատավորից բխող ճառագայթը շանթեց ամբաստանյալին, և նա փլվեց աթոռին, ու նրա հետ` հազարավոր հոգիներ, որոնք կրում են նրա հանցանքների բեռը: Ապա Դատավորի կանչով ելան անանուն դպիրներ, բացեցին փաթեթները և սկսեցին անձայն կարդալ Երրորդ Հանրապետության գործած հանցանքների պատմությունը,- և բացվում էին բոլոր մութ անկյունները, մի շող լուսավորում էր ամեն ինչ` դեպքերն ու դեմքերը, իրադարձություններն անցնում էին բոլորի աչքերի առջև: Ներկաները նայում էին ամբաստանյալի դեմքին.- ամեն հանցանքի նկարագրության ժամանակ այդ դեմքին առնում էի այն մարդու դիմագծերը, որն արել էր չարիքը,- և այդպես փոխվում էին դեմքերը, անսպասելի ու նոր կերպարներ հայտնվում, չլսված ու չտեսնված շատ իրադարձություններ երևում: Ահա երևում-անցնում էին մութ ու ցուրտ տարիները, ահա ձմեռով, Հրազդանի կիրճով ահագնաչափ ջուր է ողբաձայն հոսում` զարկելով ժայռերին.- Հայաստանի արցունքն է, Սևանի թանկագին ջուրը, որ թողել են` մութ երկրի լամպերը վառելու համար, և այդ նույն պահին ներկաները տեսնում են մի ողբերգական հոգի, որ թավալվում է խավարի գնով ստացած ոսկու շեղջերի մեջ և չի լսում Հրազդանի ողբը: Հայ Ազգի աչքը մի պահ դիպչում է այս մեկի աչքին, նրանք տեսնում են իրար, և Ազգի սրտից պոկվում է մի լուռ աղաղակ և հասնում թշվառականին.- Դավաճա՜ն որդի, ես պատրաստ եմ ներելու քո բոլոր հանցանքները, բայց այս մեկը – իմ արցունքի գետը, իմ Սևան-աչքը խավարեցնող քո այս հանցանքը ինչպե՞ս պետք է ներեմ… 
Եվ այսպես անցնում են մեղադրանքի հազարավոր դրվագ-ապացույցները... 

(շարունակելի)

 

Լևոն Դռնոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more