▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան

Հայաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկի» սեփականատերն առաջիկա օրերին կփոխվի։ Գործարար Արթուր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է գլխավոր թիմից հեռանալու և Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատաոճի մասին։ Զրուցել է մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը:

- Պարոն Սողոմոնյան, Դուք հեռանում եք «Փյունիկից», ո՞վ է լինելու նոր սեփականատերը։

- Ես վաղուց էի նշել, որ եթե ՀՖՖ-ում չփոխվեն ղեկավարները, հեռանալու եմ։ Այլևս հնարավոր չէ աշխատել նրանց հետ։ Արդեն իմ ներկայությունը վնաս է տալիս «Փյունիկին», ու ինձ վատություն անելու պատճառով ՀՖՖ-ն վնաս է տալիս ակումբին, մարզիչներին, ֆուտբոլիստներին։ Հիմա ես բանակցություններ եմ վարում հնարավոր նոր սեփականատիրոջ հետ, հուսով եմ` մինչև 2025 թվականը մենք արդեն կհայտարարենք նոր սեփականատիրոջ մասին։ Իսկ ահա մանկապատանեկան ֆուտբոլից ես չեմ պատրաստվում հեռանալ։ Հայաստանում տաղանդավոր շատ երեխաներ կան։ Ես իմ աչքով եմ տեսել թե ինչքան ընդունակ ու տաղանդավոր երեխաներ կան, ու այդ երեխաների համար ամեն ինչ անելու եմ, որպեսզի նրանք զարգանան որպես մարդ, և որպես ֆուտբոլիստ։ Ես ուղղակի չեմ ուզում ֆեդերացիայի հետ ոչ մի գործ ունենալ։ Հայկական ֆուտբոլում այնքան բացասական երևույթներ են տեղի ունենում, որ ես ապշած եմ։ Թվում է, թե սրանից ավելի վատ հնարավոր չէ, որ ինչ–որ բան լինի, բայց ամեն անգամ նոր ձախողումներում ՀՖՖ ներկայիս ղեկավարությունը պարզապես սպանում է ֆուտբոլը Հայաստանում։

- ՀՖՖ ֆեդերացիան Ձեզ որակազրկել է մեկ տարով, կասե՞ք` ինչի համար։

-Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը իմ համար գլխավոր նպատակ է։ Ու այս տարի մեր ակումբի դեմ ագրեսիան շարունակվեց նաև այդ ուղղությամբ։ «Նոան» սկսեց հավաքագրել իր ակադեմիան, ու մեր երեխաներից ոմանք տեղափոխվեցին այդ ակումբ։ Այն օրենքը, ըստ որի` փոխհատուցում է հատկացվում ակումբին, պատանի ֆուտբոլիստների համար շատ թույլ է։ Ես պատանի ֆուտբոլիստի վրա տարեկան ավելի մեծ գումարներ եմ ծախսում, քան ըստ ֆեդերացիայի օրենքի տասը տարվա համար փոխհատուցում է սահմանված։ Ես փորձեցի այս ամենի դեմն առնել, բայց ՀՖՖ-ն անցավ «Նոայի» կողմն ու ինձ որակազրկեց (ծիծաղում է)։ Շատ վտանգավոր է, երբ երեխան սկսում է հասկանալ, որ ով փող ունի, ամեն ինչ կարող է անել։ Ինձ ասել են, որ ավելի շատ գումար են տալիս պատանի ֆուտբոլիստներին, և այդ ամենը չար կատակ կարող է խաղալ պատանի ֆուտբոլիստի բնավորության ձևավորման համար։ ՀՖՖ-ն քանդում է հայկական ֆուտբոլը, այլ ձև չեմ կարող մեկնաբանել իրենց քայլերը։

- ՀՖՖ-ի աշխատանքից դժգոհ եք ոչ միայն Դուք, այլ նաև այլ ակումբներ ու երկրպագուների մեծ բանակ։ Բայց ՀՖՖ-ի ղեկավարությունը կարծես թե չի էլ անհանգստանում ու վստահ է, որ շարունակելու է աշխատել։

-Իմ կարծիքով` ֆուտբոլը առաջին հերթին երկրպագուի համար է։ Եթե տրիբունաներում երկրպագու չլինի, ֆուտբոլի իմաստը կկորչի։ Ես ուրախ եմ ու հպարտ, որ Հայաստանում կան երիտասարդներ, որոնք մտածում են հայկական ֆուտբոլի մասին, որ իրենք անտարբեր չեն այն ամենին, ինչ կատարվում է, և ոտքի են կանգնել ու պայքարում են։ Ես օրինակներ բերեմ։ 2019 թվականին Բուլղարիայում էի։ Տեղի երկրպագուները իրենց հավաքականի վատ ելույթներից հետո պահանջեցին հանդիպում ֆեդերացիայի նախագահ Միխայիլովիչի հետ, ու հանդիպումից հետո Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվեց` ասելով, որ եթե իրենց երկրպագուները իրենից դժգոհ են, ինքը իրավունք չունի մնալու։ Միխայիլովիչն ուներ ինքնասիրություն, շատ ցավալի է, որ ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարները չգիտեն, թե ինչ բան է ինքնասիրությունը։ Դրա փոխարեն ՀՖՖ-ի ղեկավարները կպել են իրենց աթոռներին ու երկրպագուների հետ չեն էլ ուզում հանդիպել։

Ներկայիս ղեկավարության հրաժարականը ստիպելու համար կա նաև այլ օրինակ։ Ուկրաինայում դատախազությունը ստուգեց, թե ինչպես են ծախսվում ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի կողմից տրամադրվող գումարները։ ՈւԵՖԱ-ի նախագահը բանտարկվեց ու հեռացվեց պաշտոնից։ Ինձ թվում է, որ այս երկու տարբերակներով միայն կարելի է ՀՖՖ ներկայիս ղեկավարության հեռացնել աշխատանքից։ ՀՖՖ-ի կայքում կարող եք տեսնել, որ 5 տարվա ընթացքում ծախսվել է տարեկան 8 միլիարդ դրամ։ ՀՖՖ-ի 30–ամյակը նշելու տոնակատարությունների համար, ըստ բաց տվյալների, ծախսվել է 930 մլն դրամ։ Ես եղել եմ այդ տոնակատարություններին, բացի այդ, գիտեմ, թե ինչ գումարներ են ծախսվում նման ձեռնարկների ժամանակ։ Համեմատելու եզրեր պարզապես չկան, գումարները ահավոր ուռճացված են, ու անհամեմատ քիչ են ծախսվել, քան ներկայացնում են։ Ստացվում է, որ ծախսել են մոտ 2,5 մլն դոլար, բայց ես հո գիտեմ, որ նման տոնակատարությունների ժամանակ ծախսվում է 100 հազարից – 150 հազար դոլար։ «Փյունիկն» ու «Ուրարտուն» դեմ քվեարկեցին այդ աուդիտին, բայց ՀՖՖ-ի կողմից հովանավորվող ակումբները իհարկե դեմ չէին։ ՀՖՖ-ն ինքն է քվեարկում իր համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more