▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես էլ լինեի Սամվելի փոխարեն, նույնը կանեի»․ Աստղ Գալեյան

«Ես էլ լինեի Սամվելի փոխարեն, նույնը կանեի»,- լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը՝ անդրադառնալով տրանսպորտում Սամվել Վարդանյանի ու ՔՊ-ական պատգամավորի միջադեպին։ «Յուրաքանչյուր քաղաքացի, հայ, հայրենասեր, ազգի նվիրյալ երևի կաներ նույնը։ Ես էլ որ տեսնեի տրանսպորտի մեջ, կասեի՝ դավաճան, թուրք»։ Խոսելով Վարդանյանի նկատմամբ խոշտանգման արարքի մասին՝ նշել է․ «Երկրորդ օրն է՝ տեղս չեմ գտնում դրանց արածից»։

Դիտեք նաև՝

***

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումների դեպքերին․ «Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալված քաղաքացի Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին տեղեկությունները խոր մտահոգության տեղիք են տալիս։ Մանավանդ, որ արդեն մեկ օրից ավելի ՆԳՆ-ից կամ այլ իրավապահ կառույցից ոչ մի պաշտոնական մեկնաբանություն դրանց վերաբերյալ չկա։

Կարելի կլիներ հուսալ, թե իրավապահները արդար քննություն կապահովեն ինչպես քաղաքացուն խոշտանգելու, այնպես էլ՝ հանրային տրանսպորտում նրա մասնակցությամբ միջադեպի հարցում, եթե քաղաքական հրահանգի մասին վկայող անհերքելի ապացույցներ չլինեին։ Հիշեցնեմ՝ անմիջապես այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեցին իշխանական պատգամավոր Ասլանյանի մասնակցությամբ միջադեպի կադրերը, տարբեր ռանգի ՔՊ-ականներ, սկսած քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, շտապեցին «ամենախիստ» պատիժը պահանջել իրավապահներից, միանգամից նշանակելով ե՛ւ միջադեպի մեղավորին, ե՛ւ «պատվիրատուներին», իսկ վարչապետի ընտանիքի հետ կապված դեղին մամուլն անգամ սկսեց ֆիզիկական հաշվեհարդարի, ընդհուպ մինչեւ սպանության կոչեր տարածել։

Վերջին շրջանում ընդդիմախոսների դեմ վերբալ եւ ֆիզիկական ագրեսիայի բազմաթիվ դրսեւորումները՝ ոստիկանական բռնությունները, մանր ու մեծ իշխանիկների լկտի բառապաշարը եւ իշխանամերձ մամուլի ապատեղեկատվական արշավները սովորական երեւույթ են դարձել։ Գումարելով դրանց այս վերջին միջադեպը, կարելի է վստահաբար պնդել, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունը, իր վարկանիշի անկմանը զուգահեռ, ավելի է խստացնելու ընդդիմադիրների նկատամբ բռնաճնշումները, իսկ իրավապահ համակարգը ավելի ու ավելի է վերածվելու ՔՊ կամայականությունները իրագործող բութ գործիքի։ Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ եւ վերջ դնելու ստի, կեղծիքի, իսկ հիմա արդեն՝ բռնության վրա հիմնված այս իշխանությանը։

«Նոր ուժ» ռոֆորմիստական կուսակցության նախաձեռնող խումբ»։

***

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը «24Նյուզ»-ի հետ զրույցում պատասխանել է Սամվել Վարդանյանի՝ դիմակավորված անձանց կողմից խոշտանգվելու վերաբերյալ հարցին։ «Փաստաբանների ասածը հիմք չէ, դատաբժշկական քննություն թող անեն, պարզեն՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասել է պատգամավորը, այնուամենայնիվ, դատապարտելով ցանկացած տիպի բռնությունը։ Նրա խոսքով՝ եթե նման բան է տեղի ունեցել, ապա դա նորմալ չէ, և եթե օրենքի խախտում է եղել, ով ուզում է լինի, պետք է պատժվի։

***

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսուհետ պիտի իմանանք, որ ոստիկանության բերման ենթարկելը ուղեկցվելու է նաև դիմակավորված բանդիտական խմբերի ուղեկցությամբ, նախ ՔՊ-ական հաշվեհարդար։ Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած վեճից հետո։ Այսպիսի բանդիտական խմբերի մասին մեզ հայտնի է դարձել մարտիմեկյան դեպքերի ժամանակ, որոնք այդպես էլ չբացահայտվեցին։ Փաստորեն, ներկա իշխանությունը գործում է նույն մեթոդներով։ «ամբողջովին սեւ հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, թքում են նրա վրա, այնուհետեւ հանում են նրա վրայից տաբատը, եւ ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում․․․», պատմել է խոշտանգված երիտասարդի փաստաբանը։ Եթե չբացահայտվեն այս դեպքի բոլոր մանրամասները և չպատժվեն ոստիկաններն ու բանդան, ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա»։

***

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հին սպասումներն արդեն ուշացած են՝ սթափվել, արթնանալ, համախմբվել, տեր կանգնել և այլն։ Սթափվել պետք էր 2019-ին, համախմբվել` 2021-ին, տեր կանգնել՝ 2023-ին։ Դա չեղավ։ Հիմա այլ ընթացք է։
Կա արյան համ առած իշխանություն, իրականությունից սրընթաց կտրվող, որևէ ներքին կարմիր գիծ չունեցող. «մեր դեմ խաղ չկան» սրանց էության մոտ մանկական ձևակերպում է։
Սեկտայական հոգեբանությամբ մի խումբ հանուն սեփական իշխանության պատրաստ է ամեն ինչի։ «Ամեն ինչ» ձևակերպման տակ առաջին հերթին մտնում է անողնաշար, անուժ, անունակ հասարակության ստացումը, որին կարելի է պարտադրել ամեն ինչ՝ սեփական նվիրական զգացմունքների ուրացումից մինչև անհատական անասնացում։ Սամվել Վարդանյանի հետ կատարվածը 30 տարվա պետականության ամենաայլանդակ դրվագներից էր։ Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետությունը դադարում է լինել։
Համաշխարհային պատմության մեջ բոլոր նման ընթացքները վերջանում են հասարակության գժվելով՝ մի օր, մի առիթից, բայց՝ այլանդակ դրսևորումներով։ Ու դրա թիվ մեկ պատասխանատուն, մեղավորը, հեղինակը՝ այս իշխանությունն է, որն այլասերվեց այդ աստիճանի»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more