▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն եմ և անիմաստ կլինի հրաժարական տալ». Սարգիս Հովսեփյան

Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը.

- Հենրիխ Մխիթարյանը Սերբիայի հետ խաղում գործում էր հենակետայինի դիրքում, չե՞ք կարծում,որ առջևի գծում նա ավելի արդյունավետ կգործի։

- Հնարավոր է, բայց ես կարծում եմ, որ մեր հավաքականին նա այդ դիրքում ավելի մեծ օգուտ է տալիս։ Իհարկե, եթե լիներ 3-4 Հենրիխ Մխիթարյան, մենք նրան առջում կխաղացնեինք, բայց ցավոք նա մեկն է, և մեծ օգուտ է տալիս հենց այդ դիրքում։

-Սերբիայի խաղին ի՞նչ կարգադրություններ էիք տվել թիմին, և Հենրիխ Մխիթարյանի՝ որպես հենակետային կիսապաշտպանի, խաղից գո ՞ հ եք, թե ՞ոչ:

Սերբիայի հետ խաղում մենք հասկանում էինք, որ պետք է խաղանք հակագրոհների վրա։ Ունեինք պահեր առաջին կեսում, որոնք տղաները չկարողացան օգտագործել։ Առաջին կեսում տղաները ինչ-որ չափով կատարեցին առաջադրանքները, բայց ոչ լիովին, դրա համար դիտել ենք տեսագրությունը և փորձում ենք բացերը լրացնել։ Ինչ վերաբերում է Մխիթարյանին, այո, նա շատ լավ է խաղում։ Ես հասկանում եմ, որ եթե նա ավելի առջևում գործի, ապա շատ ավելի վտանգավոր կխաղա։ Բայց մեզ խաղացող է պետք, ով պաշտպանությունից գնդակը կհասցնի հարձակվողներին։ Դա ամենավտանգավոր գոտին է։ Եթե այն հանձնեցիր, մրցակիցն ամբողջությամբ կտիրի խաղին։ Կրկնում եմ` ամբողջ թիմի խաղը չստացվեց։ Չէի ցանկանա ինչ-որ մեկին առանձնացնել։ Պարտվել ենք բոլորս։ Վերլուծություններ արդեն արել ենք և կփորձենք մեր դաշտում ուրախացնել մեր երկրպագուներին։

- Նշել էիք, որ որոշ ֆուտբոլիստներ չէին կատարել ձեր հանձնարարությունները։ Կտա՞ք նրանց անունները:

- Չէի ցանկանա անուններ տալ։ Այդ ամենը մենք մեր ներքին խոհանոցում վերլուծում ենք և դատողություններ ենք անում։ Ցանկացած ֆուտբոլիստ, կարևոր չէ որ ակումբից, պետք է նվիրվի հարյուր տոկոսով։ Միգուցե լավ մարզավիճակում չեն եղել և չեն կարողացել իրենց մրցակցի դեմ լավ խաղալ։ Դրա համար կան փոխարինողներ, որոնք կարող են օգնել հավաքականին։

- Ըստ վիճակագրության` Հայաստանի հավաքականը վերջին անգամ հաղթել է 1 տարի առաջ, ինչպե՞ս եք ուզում մոտիվացնել թիմին։

Պատասխանը հենց ձեր հարցի մեջ էր։ Մենք բոլորս էլ հաղթանակի ծարավ ենք, ուզում ենք անպայման հաղթել սեփական դաշտում և ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար։

- Կարո՞ղ եք ասել, որ Սերբիայից կրած պարտության պատճառներից մեկը Մովսիսյանի և Օզբիլիսի մոտ խաղակցվածության պակասն էր։

- Չեմ կարծում, որ պատճառը միայն այս երկու ֆուտբոլիստի վատ խաղն էր: Մանավանդ, եթե երկու գոլ ենք բաց թողնում, Մովսիսյանի մեղքը այդտեղ ընդհանրապես չկա։ Նա շատ լավ աշխատեց և շատ սուր էր խաղում, բայց գոյություն ունի նաև մրցակից, որը նույնպես լավ էր խաղում։ Արասը մեկ տարի չէր խաղացել, և եթե նրան չհրավիրեինք հավաքական, գեղեցիկ չէր լինի։ Մենք պետք է նրան աջակցենք և հնարավորություն տանք։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք եզրային պաշտպանների խաղը։ Դո ՞ ւք էիք նրանց հրահանգ տվել առաջ չգնալ։

- Եզրում միայն պաշտպանները չեն պատշպանվում, իզուր չէ, որ ասում են կիսապաշտպան։ Նրանք պետք է պաշտպանվեն, և եթե թողնեն պաշտպանին մենակ, ապա շատ դժվար կլինի։ Ինչ վերաբերում է հարձակվելուն, ապա կարծում եմ, որ պաշտպանը պետք է նախևառաջ իր գործը անի, նոր մտածի հարձակվելու մասին։ Եթե ուժ չի մնում, ապա ավելի լավ է նա պաշտպանվի, քան առաջ գնա և թերանա։

- Դուք նշել էիք, որ Նորայր Ասլանյանը կարող է խաղալ պաշտպանությունում։ Լևոն Հայրապետյանի բացակայության ֆոնին նա կարո՞ղ է հայտվել մեկնարկային կազմում։

- Մենք ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կարող են շատ լավ խաղալ ձախ եզրում։ Իհարկե, ես հիմա խաղաքարտերը չեմ բացի, բայց հավատացեք, կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ և լավ խաղալ։

- Մեր հավաքականի գլխավոր խնդիրներից մեկն է ֆուտբոլիստների պրակտիկայի բացակայությունը։ Ժամանակը չէ ՞ թարմ արյուն ներակել հավաքականի մեջ։ Այսքան ժամանակ արդյունք չկա, բայց հավաքականի կազմը նույնն է։

- Մենք մարզումներին հետևում ենք, և տեսնում ենք, որ պրակտիկա չունեցող խաղացողը մի քանի անգամ լավ է խաղում մյուսից։ Փոփոխություններ կարող են լինել այն դիրքում, որտեղ մրցակցություն կա։

- Բացի ձախ եզրային պաշտպանից, կա՞ն վնասվածքով այլ ֆուտբոլիստներ։

- Այո կան, բայց բնականաբար ես չեմ ասի` ովքեր են նրանք։

- Ինչո՞վ էր պայմանավորված Մարկոսի և Գևորգ Ղազարյանի փոփոխությունները:

- Մարկոսին փոխարինեցինք, որովհետև ուժեղ հարված էր ստացել ոտքին և ցավով էր խաղում։ Շնորհակալություն եմ հայտնում նրան, քանի որ նա պետք է ավելի շուտ լքեր դաշտը, սակայն դիմանում էր։ Ղազարյանը այն ֆուտբոլիստն է, ով ամբողջովին նվիրվում է խաղին։ Նա կարող է կյանքն անգամ տալ հավաքականի համար։

- Հնարավո՞ր է` Դանիայի հավաքականի խաղից հետո հրաժարական տաք։

- Ես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն եմ և անիմաստ կլինի հրաժարական տալ։

 

 

ՀՖՖ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more