«Ըստ Զասի՝ Հայաստանին առաջարկվել է շատ ռեալ ռազմական օգնություն, կապիտուլյանտը հրաժարվել է»
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ագրեսորին զսպում են զենքով, այլ ոչ թե «քաղաքական ու դատապարտող» թղթի կտորով։
Եթե քաղաքական հայտարարությունները կամ «թղթի կտորներն» առանցքային նշանակություն ունենային, ապա այսօր ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը Թուրքիան չէր օկուպացնի։
Ըստ ՀԱՊԿ արդեն նախկին Գլխավոր քարտուղար Զասի՝ 2022-ի աշնանը Հայաստանին առաջարկվել է շատ ռեալ ռազմական օգնություն:
Փաստաթուղթը կապիտուլյանտը չի ստորագրել, որովհետև իբրև թե ձևակերպումներում Ադրբեջանին իբրև ագրեսոր ՀԱՊԿ-ն չի համաձայնել ընդունել:
Սրանց համար քաղաքական հայտարարությունը կամ շատ հաճախ թղթի կտորը ռազմական ռեալ օգնությունից կարևոր է։
Ես շնորհակալ եմ և՛ Ֆրանսիայի օրենսդիր մարմնին, և՛ Ադրբեջանի ագրեսիան դատապարսող բոլոր միջազգային կառույցներին, բայց դրանք տեղում «գետնի վրա» խնդիր չեն լուծում։
Խնդիր լուծում են տեղում բանակ ու ռազմական ուժ ունեցողները։
Ու երբ հրաժարվում ես քեզ տրամադրվող ռազմական օգնությունից, ուղիղ ճանապարհ ես հարթում ադրբեջանական նոր ագրեսիայի համար։
Հ.Գ. Պատմությունը հուշում է, որ 1920-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնը հայտնի իրավարար հայամետ վճիռն էր ստորագրում, բայց այդ ժամանակ թուրքական բանակը Ալեքսանդրապոլ էր մտնում ու շարժվում դեպի Երևան։
Ինչպես կենացներով չես կերակրի նորապսակներին, այդպես էլ միայն քաղաքական գնահատականներով չես պաշտպանի պետության անվտանգությունը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet