▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Գալուստ Սահակյանին չկարողացաք դեմ քվեարկել, ինչպե՞ս եք դեմ քվեարկելու կառավարության ծրագրին

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին վրդովեցրել է ԱԺ փոխնախագահ Շարմազանովի այն պնդումը, որ միայն Հանրապետականի միջոցով կարելի է երկրում հասնել բարձրագույն իշխանության: Ուրիխանյանը նաև պարզաբանում է պահանջել ՀՀԿ-ից՝ հավակնոտ հայտարարությունների համար: Փաստորեն՝ Ուրիխանյանը վիրավորվել է մի երևույթից, որին հասնելու համար ջանք չխնայեց՝ հարազատ կուսակցության հետ միասին:

Տարիներ շարունակ, լինելով կոալիցիոն կառավարության անդամ, ԲՀԿ-ն լռելյայն տարավ երկրի հանրապետականացման գործընթացը, լուռ ու մունջ հետևեց, թե ինչպես է երկրում բռնաբարվում ընտրական իրավունքը, կոալիցիայի կազմում դակեց այն բոլոր օրենքները, որոնք ներկայացվում էին ՀՀԿ-ի կողմից: Այսօր արդեն քառյակի կազմում հակահանրապետական պայքարի առաջամարտիկ ԲՀԿ-ն խորհրդարանում մեկ մարդու նման կողմ քվեարկեց նույն ՀՀԿ-ի առանցքային դեմքերից մեկին՝ Գալուստ Սահակյանին: Երբ հակաիշխանական պայքարի կարևորագույն փուլում ձեր կուսակցությունը խայտառակ արդյունքներ է արձանագրում ԱԺ ընտրություններում, միթե դուք իրավունք ունեք պարզաբանումներ պահանջելու ՀՀԿ-ից:

Առջևում կառավարության ծրագրի քննարկումն է: Եթե Գալուստ Սահակյանին չկարողացաք դեմ քվեարկել՝ հետաքրքիր է, ինչպես եք դեմ քվեարկելու կառավարության ծրագրին: Վստահ եմ, որ կրկին ձեզ կթույլատրվի քվեարկել «ազատ կամոք», և կկանգնենք նույն տխուր խճանկարի առաջ:

Եթե պայքարի ամենավճռական փուլերում չկարողացաք վեր կանգնել ձեր ներքին խմբային շահերից և ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում, հետաքրքիր է՝ ինչպես եք մանր, լոկալ տունտունիկային կռիվներում պայքարելու ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի դեմ:

Այս պայմաններում ես իսկապես համաձայն չեմ Շարմազանովի հետ, ՀՀԿ-ն ոչ թե տաս, հազար տարի էլ կիշխի: Շատ հարմար իրավիճակ է՝ ՀՀԿ-ն իշխում է, դուք պայքարում եք, բայց բեկումնային պահերին նպաստում եք ՀՀԿ-ի վերարտադրությանը:

Համ գայլերն են կուշտ մնում, համ ոչխարները՝ կենդանի...

Վարուժան Բաբաջանյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more