▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե’վ դիվերսիա, և’ դիպուկահար գործողություն. Ադրբեջանը նոր ճակատ է բացում

Հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք ուղեկցվում են երկուստեք կորուստներով, 1994 թվականին ստորագրված զինադադարի պայմանագրից հետո երբեք էլ հազվադեպ չեն եղել:
Սակայն այն, ինչ նախօրեին տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիք-Նախիջևան սահմանին, որոշակի նրբերանգներ է պարունակում (ադրբեջանական կողմից Նախիջևանի հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 1 հայ զինծառայող զոհվել է, ևս մեկը` վիրավորվել):

Սահմանի այս հատվածի առանձնահատկությունը նրանում է, որ մինչ այս սահմանի այս հատվածում հրադադարի ռեժիմի խախտման եզակի դեպքեր են արձանագրվել միայն: Ստացվում է, որ ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով որոշում է ընդունվել «ակտիվության օջախները» համալրել ևս մեկով, ինչի արդյունքում լարվածության մակարդակն առավել կաճի: Եթե մինչև այժմ, Ադրբեջանը պրովոկացիոն գործողություններ էր իրականացնում, պայմանականորեն ասած, Արցախի ու Տավուշի ճակատում, ապա այսօր կարող ենք ֆիքսել, որ պաշտոնական Բաքուն «լարվածության նոր ճակատ» է բացում:
Երկրորդ, հայտնի է, որ աշխարհագրական տեսանկյունից, հայ-ադրբեջանական սահմանի տվյալ հատվածը, բավականին բարդ ռելեֆ ունի և կողմերը մարտական հերթապահություն են իրականացնում հիմնականում բարձր լեռնային հատվածում: Մեր և հակառակորդի մարտական դիրքերի հեռավորությունը, հիմնականում, բավականին մեծ է, իսկ այդ հեռավորությունից թիրախի խոցման հնարավորությունը բավականին դժվար: Եթե կոնկրետ դիտարկենք այն մարտական դիրքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ապա միանշանակորեն կարող ենք պնդել, որ տվյալ դիրքում, նման հարվածի ընդունումը մոտակա ադրբեջանական դիրքերից, տեսականորեն անհնար էր: 

Ամենայն հավանականությամբ, հակառակորդը դիվերսիոն գործողություն է իրականացրել` հատելով հայ-ադրբեջանականը սահմանի չեզոք գոտին` ընդհուպ մոտենալով հայկական մարտական հենակետին ու կարճ հեռավորությունից դիպուկահար կրակ բացել հայ դիրքապահների ուղղությամբ: 
Հետաքրքիր զուգադիպությամբ, նույնը օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Ճապոնիայի պաշտպանության նախարարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալող ԼՂ բանակցային պրոցեսին, հայտարարեց, որ եթե նման իրավիճակը շարունակվի, «իրենք ստիպված կլինեն օգտագործել ադրբեջանական բանակի հնարավորությունները»։ Այս միջադեպը ևս մեկ անգամ միջնորդներին հիշեցնելու է գալիս իրենց կողմից հայկական և ադրբեջանական կողմերին ներկայացրած առաջարկների փաթեթը, որը սահմանում էր սահմանագծում հետաքննության մեխանիզմների ներդրումն ու դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերումը: Այն խիստ անհրաժեշտ է` առանց ինչի, ոչ միայն անհնար է թուլացնել սահմանագծին առկա լարվածությունը, այլև վերականգնել կողմերի միջև վաղուց սպառված վստահությունը: 
Եթե Ադրբեջանը Հայաստանի օրինակին հետևած լինելով իր համաձայնությունը տված լիներ միջնորդների այդ առաջարկին, ապա հնարավոր կլիներ խուսափել նման դառը կորուստներից, ընդ որում` շեշտենք երկուստեք կորուստներից, քանզի որպես կանոն, ադրբեջանական սադրիչ գործողություններին հետևում է հայկական կողմի պատասխան գործողությունները:

Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more