▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքը ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ֆինանսական աջակցության հարցով ՉԻ ԴԻՄԵԼ

Երեկ «Ժողովուրդ»–ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաև այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեդափոխեն Հայաստան։ ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։

Որոշ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով թերթը երեկ զրուցել է Ֆլորա Մարտիրոսյանի մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից հատվածներ.

 

–Մենք տեղեկություններ ունենք, որ Ֆ. Մարտիրոսյանի հուղարկավորության խնդիրները կարգավորելու համար նրա հարազատները գործարարներից գումարներ են խնդրում։ Ավելին, կոնկրետ Գ. Ծառուկյանը 20 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել՝ նրա ամուսնու խնդրանքով։ Ինչո՞ւ է նման իրավիճակ առաջացել։

 

–Նախ նշենք, որ Ֆ. Մարտիրոսյանի ընտանիքի կորուստն այնքան մեծ է, որ նույնիսկ չեն կարող որևէ նմանատիպ հարցով զբաղվել։ Ընտանիքը որևէ մեկին նման խնդրանքով չի դիմել։ Սովորաբար երբ որևէ դժբախտ դեպք է պատահում, մարդիկ համախմբվում են, և յուրաքանչյուրն իր աջակցությունն ու ցավակցությունն է հայտնում՝դա կլինի հոգու խոսքով թե գումարով։ Ֆ. Մարտիրոսյանի մահը ոչ միայն իր անմիջական հարազատների, ընկերների, այլև ողջ հայ ժողովրդի, համաշխարհային մակարդակի բազմաթիվ արվեստագետների համար էր մեծ կորուստ։ Եվ, բնականաբար, այս օրերին շատերն են ցանկացել որևէ կերպ աջակցել ընտանիքին։ Ընդ որում, երգչուհու համերգային ծրագրերին իր կենդանության օրոք էլ մշտապես աջակցել են թե՛ Գ. Ծառուկյանը և նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, թե՛ «Գրանդ» հոլդինգի նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանը, թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, բազմաթիվ այլ գործարարներ, քաղաքական գործիչներ ու անհատ քաղաքացիներ ՀՀ-ից և արտերկրից։

 

Պետք չէ քաղաքականացնել հարցը, սա այդ դեպքը չէ։ Այժմ ես չեմ ցանկանում մանրամասնել՝ ովքեր և ինչպես են իրենց կարեկցանքն արտահայտել։ Կգա ժամանակը, հուղարկավորությունից հետո մենք մեր շնորհակալությունը կհայտնենք բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին երգչուհու ընտանիքի կողքին են եղել։

 

 

–Լավ, մի փոքր էլ խոսենք տիկին Մարտիրոսյանի վիրահատությունից։ Հայաստանում լեղապարկի վիրահատությունը համարվում է թեթև։ Ինչո՞ւ նրա մոտ բարդություններ առաջացան։

 

–Սպասում ենք բժշկական փորձաքննության վերջնական արդյունքներին, դեռևս որևէ պաշտոնական պատասխան չունենք։ Ֆ. Մարտիրոսյանը 24 ժամ շարունակ անդադար աշխատում էր, ինքնամոռաց տրվել էր ծրագրին։ Բայց ակնհայտ առողջական խնդիրներ չուներ։ Իսկ լեղապարկի հետ կապված բորբոքումը կարող էր մի քանի օրվա ընթացքում լինել։ Ոչինչ չեմ կարող ասել, փորձաքննությունը կտա այդ բոլոր հարցերի պատասխանները։ Ինքը սովորականի պես արթնացել, գնացել է համերգի նախավերջին փորձին, նոյեմբերի 18-ին նա համերգի էր նախապատրաստվում։ Փորձի ժամանակ շատ վատ է գգացել, ու տեղափոխել են հիվանդանոց։ Առայժմ այսքանը կարող եմ ասել։

Հ. Գ. Նշենք, որ երեկվա մեր հրապարակած լուրից հետո Մարիան անձամբ էր զանգհարել խմբագրություն։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more