▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեներալի աղջկան» կփոխարինի «Քույրը»

«Գեներալի աղջիկը» սերիալի անձնակազմը նկարահանում է նոր` «Քույրը» կոչվող սերիալ, որը Հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի ապրիլի 4-ից: Ռեժիսորը կրկին Ելենա Արշակյանն է, սցենարիստը` Անահիտ Մխիթարյանը:

Ելենա Արշակյանը Բրավո.am-ին հայտնել է, որ «Քույրը» կրկին ընտանեկան պատմություն է, բայց. «Այն կտարբերվի իմ նախորդ աշխատանքներից: Մեր առջեւ դրված է խնդիր` նկարել ավելի լավ սերիալ, քան նկարել ենք նախկինում: Ըստ սցենարի` գիտենք ընթացքը և թե ուր ենք տանում գործողությունները»:

Ի դեպ, Հ1-ի նախորդ սերիալներից հայտնի դեմքերին այս անգամ կփոխարինեն նոր դերասաններ, որոնց անունները դեռ չեն հրապարակում.«Չնայած` շատ սիրում եմ ինձ հետ աշխատած դերասաններին` Արմինե Պողոսյանին, Աննա Հարությունյանին ու մյուսներին, այս անգամ նկարվելու են ուրիշներ: Դերասաններին ընտրել ենք քասթինգի միջոցով, որոնց շարքում կան Թատերականի ուսանողներ ու վաստակավոր դերասաններ»:

Այն հարցին, թե քանի սերիա է նկարահանվելու, ռեժիսորը դժվարացել է հստակ թիվ նշել. «Այս պահին դեռ չգիտենք` քանի մաս կլինի` 100, թե` 150: Սերիաների թիվը կախված է սցենարիստից, թե երբ կլինի սերիալի տրամաբանական ավարտը»:

Սցենարիստ Անահիտ Մխիթարյանն էլ նշել է, որ «Քույրը» սերիալի պատմության որոշ մաս հիմնված է հայկական իրականությունից վերցված դեպքերի վրա: «Սյուժեն ծավալվում է սոցիալական տարբեր խավերի բախման ու պայքարի շուրջ: Երիտասարդ աղջիկը պայքարում է ապրելու, կյանքում իր տեղը գտնելու համար, մանավանդ, որ լավ պայմաններից հետո հայտնվել է ներքեւում եւ ստիպված է հարմարվել նոր պայմաններին»:

Սերիալի հեղինակների փոխանցմամբ` մեկ ամիս առաջ արդեն նկարահանվել է առաջին հինգ սերիան.«Մինչեւ «Գեներալի աղջիկը» սերիալի ավարտը, ես արդեն աշխատում էի նոր սցենարի վրա, ժամանակ ունեի մտածելու եւ նորովի գրելու, բայց սերիալի դեպքում գործողությունները չեն կարող շատ արագ զարգանալ, որ ամեն սերիան դինամիկ լինի: Այստեղ նաեւ հնարավոր չէ սցենարն ամբողջությամբ գրված ունենալ, բայց այս պահին գիտեմ, որ, օրինակ, 50-րդ սերիայում հայտնվելու է նոր կերպար. ինքնանպատակ նոր դերասաններ չեն հայտնվում»:

Անահիտ Մխիթարյանը «Քույրը» սերիալի մեկնարկից հետո սպասում է հեռուստադիտողի կարծիքներին.«Քննադատությունից չեմ խուսափում ու չեմ հարձակվում այն մարդկանց վրա, որոնք քննադատում են. ես դրանցից ինչ-որ բան սովորում ու շտկում եմ: Միայն դեմ եմ բացասական այն գրառումներին, որոնց հեղինակները քննադատելուց հաճույք են ստանում ու միայն վատն են տեսնում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more