▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գլամուրային» աղբանոց

7.or.am-ում լրագրող Կիմա Եղիազարյանը գրում է.

Հայ իրականության մեջ լայն քննարկման երկու թեմա կա՝ քաղաքական եւ շոու-բիզնեսային: Կամ՝ ավելի ճիշտ՝ շուխուր-բիզնեսային:

Եվ եթե քաղաքական դաշտում ինչ-ինչ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք երբեմն առանցքային ու բախտորոշ են երկրի ու ժողովրդի համար, ապա՝ հայկական չեղած կամ չկայացած շոու-բիզնեսում «իրադարձություններ» են համարվում սրա կամ նրա մազերի գույնի փոփոխությունը, նոր հագուստի «առանձնահատկությունը», խռովել-բարիշելու, ինչ-ինչ «բացահայտումների» եւ նման տխմար «քայլերի» մասին ակտիվորեն տարածվող «նորությունները»։

Ամեն օր բացում ես կայքերը եւ աչքդ են խոթում այսինչի կամ այնինչի մասին «սենսացիոն» լուրը և/կամ «բացառիկ» հարցազրույցը:

Ովքեր են դրանք, ինչով են զբաղվում՝ հայտնի չէ ոչ ոքի, համենայն դեպս՝ նորմալ ու բանական մարդկանց ընդհանրապես ծանոթ չեն այդ «դեմքերը»:

Մի խոսքով, սրանց մասին ամեն ինչ կա, պատմում ու ներկայացնում են «քյարթու» եւ նոր ծագող «աստղերի» անձնական կյանքին եւ առօրյային վերաբերող բոլոր մանրամասները:

Բնականաբար, անցնում ես միայն վերնագրերի վրայով եւ վերջ: Բայցեւ զարմանում ես՝ ախր, ովքեր են սրանք, ինչ մի հետաքրքիր բան են ստեղծել, ինչով են հարստացրել մշակութային դաշտը, որ արժանացել են լրատվական տարածքն իրենցով անելու իրավունքին: Ըստ էության՝ ոչինչ: Սակայն առանձին կայքեր, երեւի, ընթերցողների «բանակը» մեծացնելու նպատակադրումով քարոզում են ոչնչապաշտությունը:

Խնդրեմ՝ օրինակ, այսպիսի հույժ կարեւոր տեղեկություն. «Սոֆի Մխեյանը շարունակում է զարմացնել ոճային փոփոխությամբ: Այս անգամ երգչուհին ոչ միայն շիկահեր է, այլեւ ունի մազերի կարճ կտրվածք»։

Իսկ մի՞թե նա երգչուհի է: Կարծում եմ՝ ոչ: Մի շրջան բեմում թռչկոտում էր ու «ակրոբատիկ» շարժումներ էր անում՝ ֆոնոգրամայով «երգելու» ժամանակ, իսկ հիմա էլ ահա՝ «ոճը» փոխել է: Ոչ թե երաժշտական, այլ՝ գլխամասային:

Կամ կարդում ես սա՝ «Արեւիկ Ուդումյանը շնորհավորել է իր սիրելիի ծննդյան օրը»։

Օ՛հ, ինչպիսի «ցնցող» լուր: Բայց ո՞վ Է նա: «Սիրելիին» չգիտենք, գոնե իրե՛ն իմանայինք:

Հաջորդը՝ «Նոր եթերաշրջանում հաղորդավարներ Սուրենն ու Յանան այլևս եթերում չեն լինելու»։

Իսկ սրանք ովքե՞ր են: Եթե մինչեւ հիմա հեռուստաեթերում են եղել (ոչ թե արդուկի մեջ) ու չենք ճանաչել, իմաստ ունի՞ մի ամբողջ պատմություն ներկայացնել «ասում են թե...» շարքից, հետո էլ «կապնվել» նրանց հետ ու ճշտել «տարածված տեղեկությունները»:

Չես հասկանում՝ լուրերի սո՞վն Է ստիպում տվյալ լրատվամիջոցին քունջուպուճախից գտնել ու որպես «սենսացիա» տարածել այս «լուրը»:

Շարունակում ենք կարդալ. «Երգչուհի Մարիաննան մեկ ամիս անց է կացրել Բուենոս-Այրեսում»։ Սա ո՞վ Է: Չլինի՞, «ցնցել» է Լատինական Ամերիկան իր «երգարվեստով»: Մենք որ չենք ճանաչում, գոնե այնտեղ «հիանային» նրանով:

Չէ, բայց ոնց որ չի երգել, չգիտեմ ինչ է արել: Սակայն, ինչ կարեւոր է, թե ինչ է արել, կարեւորն այն է, որպեսզի օպերատիվ կարգով այստեղ տարածվի այս «լուրը»:

Հետո բանը հասնում է սերիալային դերասանուհու ընկերուհու մասին տեղեկություն տարածելուն. «Լիա Զախարյանը՝ Անի Երանյանի աշխույժ եւ թիթիզ ընկերուհին»:

Այնուհետ կարդում ենք այս մառազմատիկ տեքստը. «Մանեքենուհի, սերիալային դերասանուհի, այժմ նաև հաղորդավարուհի Սոֆյա Պողոսյանն երեկ նշել է 25-ամյակը: Նրա համար եռակի տոն է. տոնելու են իր, երկվորյակ եղբոր՝ Սիմոնի և մտերիմ ընկերուհու՝ Նանայի տարեդարձը, ինչի կապակցությամբ երեկոյան պատրաստվում են լավ ուրախանալ»։ Համարյա «մայիսյան եռատոն»՝ հենց այդ ոգով էլ տարածում են հերթական անհայտ մեկի մասին «լուրը»:

«Ռումինացի երգիչը գողացե՞լ է Մարտին Մկրտչյանի երգը»։ Հետո էլ այս տխմարությունն են տարածում: Կարծես՝ ռումինացի երգիչը մնացել է հայ ռաբիս երգչի «ստեղծագործության» հույսին:

Դե, իսկ երբ ավարտվում են հայ «աստղերի» հարսանիքները, որոնք ներկայացվում են օրեր շարունակ, կաքերն սկսում են նորից «ռասկրուտկա» անել հազար անգամ տարածված տեղեկությունները, թե ովքեր են աղանդավորները: Եվ նորից ու նորից սկսվում են հերքումների շարքը՝ սրտաճմլիկ «բացառիկ հարցազրույցների» տեսքով:

Մի խոսքով, հայ «աստղերը» դրսերից թխած ու պատճենած իրենց «հագուկապի ու սանրվածի», «ոճի եւ իմիջի» մասին են բարբաջում, կայքերն էլ եռանդորեն տարածում են այս գավառականության «հաղթարշավը»:

Ողորմելի փորձեր, որտեղ ամեն ինչ կա՝ բացի ճաշակից, գեղագիտությունից եւ ամենակարեւորը՝ երաժշտությունից:

 

Աղբյուր` 7.or.am

Հեղինակ` Կիմա Եղիազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more