▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը ներկա է եղել Սերժ Սարգսյանի հետ մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների այսօրվա  հանդիպմանը եւ հարցեր ուղղել նրան:

«Ազատություն» ռադիոկայան. - Պարոն նախագահ, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, եւ նրանք հիմա հավատացած են, որ իրենց թեկնածուն է հաղթել ընտրություններում եւ կանգնել են նրա մեջքին` հանրահավաքային պայքարի տեսքով: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն քանի օր է նստած է հացադուլի: Դուք պատրաստվո՞ւմ եք արդյոք այցելել նրան Ազատության հրապարակում, եւ եթե այո, ապա ինչպիսի՞ առաջարկներով:

Սերժ Սարգսյան. – Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ, պատճառները բազմաթիվ են եւ բազմապիսի: Նախ ուզում եմ որոշակի ճշգրտում կատարել Ձեր ասածի մեջ, բայց նախքան այդ ցանկանում եմ շնորհավորել «Ազատություն» ռադիոկայանի 60-ամյակի կապակցությամբ: Կարծում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանն էլ է տոնում ամյակները:

Նախ պետք է ասեմ, որ իմ ճշգրտումը կայանում է հետևյալում. Դուք ասում եք, որ 500.000-ից ավելի մարդ կանգնած են նրա թիկունքում եւ հրապարակներում են: Ես ուրեմն տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, եւ ոչ միայն ես, այլ երեւի մեր բնակչության մեծ մասը, որովհետեւ ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը, մինչեւ վերջին մարդը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

Եվ երկրորդ` 3000 մարդը, թեեւ մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0.1 տոկոսը: Երեք միլիոնի մոտ ենք, 30 հազարը` մեկ տոկոս, 3 հազարը` 0.1 տոկոսը: Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակում է, առնվազն կոռեկտ չէ: Ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետեւ հրապարակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի եւ այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետեւ աշխարհի եւ բոլոր բարեգործները, եւ բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից եւ իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, որ իբր նրանք դա անում են հանուն ժողովրդի:

Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ եւ բոլորդ գիտեք մեր քաղաքական բանավեճի եւ այլնի մասին: Սա ասում եմ նրա համար, որպեսզի որեւէ մեկը սա երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք` 2008 թվականին մինչեւ 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում` լսելու այն թեկնածուի ճառը, որ տարել էր 300 հազար ձայն: Այսինքն գոնե այս դեպքում հավաքվեց ընտրողների 10 տոկոսը: Որտեղ 10 տոկոսը, որտեղ 0.1 տոկոսը… բայց խնդիրը դրանում չէ:

Ես սա ասում եմ, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից եւ հանուն ժողովրդի գործելու` մարդկանց ասածների մեջ: Իմ խորին համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ: Դե, ինչպես Դուք եք ասում` հնարավոր է, որ առողջական վիճակը շատ գերազանց չլինի, որովհետեւ բանակցություններ չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞. չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի, պիտի գնայի մի նպատակով` մեկ անգամ եւս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին` հացադուլ չանել, ընտրել պայքարի (եւ դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում «քաղաքական» բառը) այլ ձեւեր: Եվ ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարեւոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել: Կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ, դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք: Հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը, ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ ցավոք սրտի, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել.

Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի եւ Սահմանդրության վրա, ապա, ապա, ապա… Ես երբեք, որեւէ անգամ, ի տարբերություն շատ շատերի ոչ կեղծ երդում եմ տվել, ոչ կեղծ բարևներ եմ շռայլել, ոչ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ոչ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ:

«Ազատություն». – Պարոն նախագահ, հիմա ասացիք, որ չեք գնա Ազատության հրապարակ: Դա Ձեր դիրքորոշումն է, Ձեր իրավունքն է:

Սերժ Սարգսյան. - Իսկ դու լինեիր իմ փոխարեն, կգնայի՞ր: Կամ եթե գնայիր, ինչի՞ համար կգնայիր:

«Ազատություն». – Իսկապես չգիտեմ… Ինքը այնպիսի վիճակում է, որ, կարծում եմ, կարելի էր գնալ: Որպես երկրորդ արդյունք արձանագրած նախագահի թեկնածու, կարելի էր գնալ և տեսնել, թե ինչպես է զգում իրեն:

Սերժ Սարգսյան. – Այդ տեսնելու հետ ես խնդիր չունեմ: Եթե ես ամեն ինչը պետք է տեսնեմ, որ դրա մասին տեղեկատվություն ունենամ, կամ կարծիք կազմեմ, ես չեմ հասցնի: Դրա համար կան հատուկ պաշտոնյաներ, ովքեր այդ խնդրով զբաղվում են: Ես ուղղակի, քանի որ այդպես պնդում եք, Ձեզ սփոփելու համար ասեմ, որ ես կապը չեմ կորցրել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և նրան վերջերս արել եմ առաջարկություն` իր ասած թեմայով:Եթե հիշում ես, ես մեր հանդիպման մասին խոսելիս ասացի, որ ես նրան առաջարկեցի իր գաղափարները դնել թղթի վրա եւ ուղարկել ինձ, ես էլ իմ գաղափարները դրեցի թղթի վրա, որ ուղարկեմ նրան: Բայց ինչպես միշտ ես իմ խոսքին հավատարիմ մնացի, իմ գաղափարները դրեցի թղթի վրա, ուղարկեցի նրան, իսկ նրանից դեռեւս թուղթ չեմ ստացել: Ես նրանից մենակ հոխորտանքներ եմ լսում Ազատության հրապարակում` տեղ-տեղ համեմված անպարկեշտ բառերով: Եթե կոնկրետ առաջարկություն հնչի, ես կոնկրետ պատասխաններ կտամ: Երկխոսությունը չի կարող մարդը միայնակ անել: Չի կարելի միայնակ բանակցել… Պիտի գործընկեր ունենաս: Եթե քո առաջարկությունները չեն ընդունվում, դու պիտի առաջարկություն լսել եւ ոչ թե ասես` եթե Սերժ Սարգսյանը տղամարդ է, նա պետք է հրաժարական տա: Ես էլ կարող եմ այլ ձևակերպումներ հնչեցնել…

«Ազատություն». - Իսկ ի՞նչ կա այդ առաջարկներում, որ ուղարկել եք, եթե գաղտնիք չէ:

Սերժ Սարգսյան. - Որևէ գաղտնիք չկա: Ես շատ եմ մտածել` ինչ համապետական միջոցառում կարող է լինել: Դուք էլ ինձ օգնեք: Ասեք մի համապետական մեծ միջոցառում, որ կարող էր բավարարել 37 տոկոս քվե ստացած եւ երկրորդ տեղը գրաված թեկնածուին… Ես էլ մի քիչ մտածեցի եւ գտա, որ կարող էինք մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվել և ստեղծել մի սահմանադրական խորհուրդ, որը կգլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ խորհրդում կընդգրկեր հայ ժողովրդի լավագույն ուժերին, որպեսզի ռազմավարություն մշակի սահմանադրական փոփոխությունների, այնուհետեւ այդ ռազմավարությունը դարձնեն առաջարկություններ, տանեն համաժողովրդական քննարկման, հրավիրեն փորձագետներ: Այսինքն` լուրջ աշխատանք տանեն եւ դնեն հանրաքվեի:

Եթե մեր ժողովուրդը քվեարկի, ասենք, որ մենք ընդունում ենք Սահմանադրության այս փոփոխությունները: Իսկ մինչեւ այդ աշխատանքը անելը յուրաքանչյուրի մտքով ինչ անցնում է, հրապարակային դարձնելը եւ պահանջներ ներկայացնելը ես համարում եմ գոնե ոչ արդյունավետ… Այստեղ նորից ուզում եմ այդ խնդրին անդրադառնալ` համամասնակա՞ն, թե՞ համամասնական եւ մեծամասնական, խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական…մարզպետները ընտրելո՞ւ միջոցով, թե՞ նշանակելու եւ այլն, եւ այլն: Սրանք բոլորը թեմաներ են, որ պետք է քննարկվեն ոչ թե հուզական մակարդակով, ոչ թե կուսակցական շահից ելնելով, այլ մասնագեների մակարդակով:

«Ազատություն». - Դուք Ձեր առաջարկն ուղարկե՞լ եք:

Սերժ Սարգսյան. – Իհարկե: Ես հասկանում եմ, հաջորդ հարցն ես ուզում տալ, բայց մի քիչ անհարմար ես զգում: Թե ինչ պատասխան եմ ստացել, ասեմ, մենակ աթոռից չընկնեք. Ստացել եմ պատասխան այսպիսի խաչի տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more