▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե երկիշխանությո՞ւն, գուցե փակուղի՞...

Հայացք թերթի լրագրող  Գոհար Սարդարյանի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

- Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանի` օրերս արած մամլո ասուլիսը. կա՞ր դրա անհրաժեշտությունը:

- Եթե կազմակերպել է ասուլիսը, նշանակում է տեսել է անհրաժեշտությունը: Հավանաբար ուղերձներ է փորձել հղել և տալ որոշակի հարցերի պատասխաններ: Սակայն ես չեմ կարծում, որ նա կարողացավ օգտվել այդ ձևաչափից ու պատասխանել հասարակությանը հուզող հարցերին, նաև իրավիճակի փոփոխությանն ուղղված ռեալ խոսք ասել: Նրա արտահայտած մտքերը բացարձակապես չեն բխում երկրում առկա իրավիճակից: Նախ, եթե Հայաստանի բնակչության մի մասին` գոնե իր նշած 0,1%-ին, կարողանար համոզել, որ այս պառլամենտը ոչ թե օլիգարխիկ, խոշոր բիզնեսի, այլ քաղաքական դաշտի ներկայացուցիչներով կազմված պառլամենտ է, ապա ես կասեի նրա ասուլիսն ինչ-որ արդյունք տվեց: Բայց բնականաբար դա տեղի չունեցավ, նա չկարողացավ իր խոսքը հիմնավորել:

Նրա բերած մեկ այլ թիվ, որը վերաբերում էր երկրում առկա բնակչության թվին` երեք միլիոնին, նույնպես շատ հեռու է իրականությունից: Երբ վարչապետն ասում է, որ մինչև իրենց իշխանության գալը 1-1,2 մլն մարդ արդեն արտագաղթել էր, իսկ իրենց իշխանության տարիներին արտագաղթել է 200 հազար մարդ, այս պարագայում խոսել առկա 3 մլնի մասին, մեղմ ասած, համոզիչ չէ:

- Գուցե ասուլիսը ուժի ցուցադրությո՞ւն էր նաև: Անձամբ ես այդ տպավորությունը ստացա:

- Հնարավոր է` նաև ուժի ցուցադրություն էր: Բայց ես չեմ կարծում, որ ժողովրդի հետ պետք է խոսել ուժի դիրքերից: Նրա հետ պետք է խոսել վստահության դիրքերից: Իսկ վստահությունը փետրվարի 18-ին ժողովուրդը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Գործող նախագահը ողջամիտ անձնավորություն է, գիտակցում է, որ ուժով այս հարցը չի լուծվելու: Հիշում ենք` 2008-ին ուժ կիրառեցին, որի արդյունքում ավելի խորացավ ճգնաժամը:

- Բայց նախագահը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլով պայքարը դուրս բերեց քաղաքական ուղուց:

- Համաձայն չեմ, քանզի հացադուլը ևս քաղաքական պայքարի արդյունավետ միջոց է: Ընդ որում` պայքարի շատ խաղաղ միջոց: Եվ երևի հենց այս հանգամանքն է իրենց համար խնդիրներ հարուցել: Որքան էլ փորձեն սեփական քարոզիչների և փորձագետների միջոցով հացադուլը ներկայացնել ընդամենը որպես բարոյական ակցիա, այդպես չէ: Սա քաղաքական գործողություն է` քաղաքական խնդիրների վերաբերյալ:

- Նախագահը տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անօրինական գործողություն է պահանջել իրենից` Ազգային ժողովը ցրելու առաջարկն անելիս: Մի բան, որը չի նախատեսվում օրենքով: Եվ իրոք, Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների մեջ այդ կետն առկա է:

- Ես կարծում եմ, որ նախագահն այնքան մեծ հեղինակություն ունի Հանրապետական կուսակցության մեջ, որ եթե կարողացել է այդ կուսակցության պատգամավորների ցուցակը կազմել, նույնկերպ էլ կկարողանա տվյալ անձանց հորդորել, որպեսզի վայր դնեն մանդատները: Միաժամանակ կան նաև պառլամենտ ցրելու իրավական այլ ուղիներ, որոնք չեմ մանրամասնի այս պահին: Իսկ ընդհանրապես իրավական հիմնավորումները գալիս-լրացնում են քաղաքական որոշումները: Ամբողջ աշխարհում է այդպես: Իրավական հիմնավորումները պարզապես տվյալ պահի քաղաքական իրավիճակի փաստագրումն են: Ի վերջո, եթե իր իսկ կազմած պառլամենտի վրա ազդեցություն չունի, բայց ցանկանում է լուծումներ գտնել, կարող է անձամբ հրաժարական տալ:

- Հնչեց նաև, որ դուք 5-րդ շարասյուն եք երկրում:

- Այդ իրենք են, որ բազմամիլիարդ պարտքեր են վերցնում դրսի աշխարհից կամ փորձում են գրանտներ ձեռք բերել: Իրենք են, որ իրենց ընտրված լինելու փաստի` որպես միակ հղում, անում են գերտերությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների շնորհավորանքները: Հենց այստեղ պետք է ասել հայկական խոսքը` սայլի տեղ սելվորն է ճռռում: Իսկ շարժումը, որ բացառապես ներհայաստանյան շարժում է, ներկայացնում են որպես 5-րդ շարասյան փաստ: Էլ չեմ ասում այն մասին, որ Թուրքիայի նախագահը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին է շնորհավորել, այլ՝ Սերժ Սարգսյանին: Հիմա թող իրենք բացատրեն, թե այդ ինչպե՞ս է լինում, որ իրենց ուղղված շնորհավորական խոսքի երկրորդ նախադասության մեջ արդեն նշում են Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բովանդակային քայլերի իրականացման մասին` համաձայն Մադրիդյան սկզբունքների, ինչը ենթադրում է ազատագրված տարածքների վերադարձ: Երրորդ նախադասության մեջ էլ մատնանշում են հայ-թուրքական ինչ-որ գործընթացի մասին ինչ-որ արձանագրությունների շրջանակներ:

Այնպես որ փաստերը բոլորովին այլ բան են ասում:

- Խոսենք անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Ինչպե՞ս է նրա առողջությունը: Համենայն դեպս հանրապետության նախագահն էլ էր այդ հարցում նախանձախնդիր: Տեղեկացրեց, որ համապատասխան պաշտոնյաներին հանձնարականներ է տվել:

- Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին ամուր առողջություն ունի: Նախընտրական և հետընտրական երեքամսյա դժվարին շրջանից հետո անգամ հացադուլի ժամանակ իրեն բավականին առույգ է զգում և գտնվում է շատ սթափ վիճակում, որքան էլ Սերժ Սարգսյանն ասի` գնամ սոված մարդու հետ ի՞նչ խոսեմ: Ցավոք սրտի, մարդու հետ խոսելու իրենց պատկերացումները պայմանվորված են ստամոքսի պարունակությամբ և ոչ թե զրուցակցի կամքով ու մտքի տրամաբանությամբ: Հենց քաղաքացիներից մեկն ասաց` երկրի 80 տոկոսը նման սոված վիճակի մեջ է: Եվ դա` իշխանությունների ջանքերով:

- Համենայնդեպս նախագահը հայտարարում էր, որ ինքը ձգտում է հանրային համերաշխության:

- Ասուլիսի մեջ միակ լուսավոր կետը դա էր: Այն, ինչ ասվեց համերաշխության մասին, շատ ճիշտ խոսքեր են: Բայց եթե դու ճիշտ չես նայում առկա իրավիճակին, գնահատականներդ օբյեկտիվ չեն, բնականաբար ճիշտ հետևություններ չես կարող անել և խնդիրներին էլ ճիշտ լուծում չես տա: Երբ բաց աչքերով կնայես իրականությանը և կհասկանաս, որ սխալը նաև քո մեջ է, և ինքդ առաջինը պետք է ուղղվես, այդ պահից սկսյալ, կարծում եմ, որ կարելի կլինի արագորեն հասնել հանրային համաձայնությանը: Բարեբախտաբար Րաֆֆի Հովհաննիսյանն այն քաղաքական գործիչն է, որը մինչև այսօր վարում է բացառապես խաղաղ պայքար, խոսում է բացառապես երկխոսության մասին, կարևորում է խնդիրների բովանդակային լուծումները: Ոստի, կարծում եմ, որ եթե գործող նախագահն այս օրերի ընթացքում պատրաստ լինի այդ բովանդակային քննարկումներին և լսի իր այն թիմակիցներին, որոնք բարեփոխումների կողմնակից են, որոնք անցյալի բացասական բեռը չունեն իրենց ուսերին, այդ լուծումները կարելի կլինի շատ արագ գտնել: Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած պարագայում սահուն իշխանափոխությունը շատ ավելի ճիշտ կլինի մեր երկրի համար, քան հասարակական այն բևեռացումը, որին տանում են իշխանություններն իրենց քայլերով: Քանզի, սկսյալ 2008 թվականից, անընդհատ խոսում են պատնեշները քանդելու մասին, բայց ավելի են բարձրացնում ու հաստացնում դրանց պատերը: Մինչդեռ միայն իրական քայլերով է ստեղծվում ազգային համաձայնության մթնոլորտը:

- Ես քո խոսքերի մեջ էլ եմ կասկածանք տեսնում, որ իշխանությունը կգնա այդ քայլերին, և կկայանա հասարակական համաձայնությունը: Եթե այդպես եղավ, ի՞նչ է սպասվում մեր երկրին. փակուղի՞ ենք մտնում: Որովհետև ի վերջո ապրիլի 9-ին հաջորդելու է ապրիլի 10-ը:

- Ապրիլի 10-ի մասին մենք կխոսենք ապրիլի 9-ի երեկոյան: Միայն ասեմ, որ ապրիլի 9-ին ունենալու ենք ժողովրդի կողմից ընտրված նախագահ և ոչ թե երկրից արտագաղթած քաղաքացիների կեղծ քվեարկություններ, լցոնված քվեաթերթիկներ, հաշվարկի ընթացքում գողացված ձայներ:

- Ասել է թե` երկիշխանությու՞ն երկրում:

- Ոչ: Լինելու է մեկ իշխանություն:

- Բոլոր դեպքերում Բաղրամյան 26-ում նստած է լինելու այլ մարդ:

- Մինչև ապրիլի 9-ը, իհարկե, կնստի: Դրանից հետո Ազատության կամ Հանրապետության հրապարակում մենք կկազմակերպենք երդմնակալության արարողություն և կունենանք առկա ժողովրդի կողմից ընտրված նախագահ: Եվ վերջինս կանցնի իր պարտականությունների կատարմանը: Սահմանադրության 2-րդ կետը հենց դա՛ է ասում` իշխանությունը ձևավորում է ժողովուրդը: Եվ ոչ թե արտագաղթած քաղաքացին, ոչ թե լցոնված քվեաթերթիկը և ոչ թե գողացված ձայնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more