▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողացել են 3 կով, 2 հղի երինջ, 2 ցուլ, 2 մոզի.«Ժողովուրդ»

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավար Ռաֆիկ Օհանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր 9 խոշոր եղջերավոր անասուններին գողացել են՝ 3 կով, 2 հղի երինջ, 2 ցուլ, 2 մոզի: Գյուղապետին պատկանող թվով 10 խոշոր եղջերավոր անասուններից անասնագոմ է վերադարձել միայն մեկ մոզի, որն առանձին չպահելու համար մորթել են: Գյուղապետն ասաց, որ իր կովերը շատ արժեքավոր էին, դրանցից յուրաքանչյուրը օրական մինչեւ 20 լիտր կաթ էր տալիս:

Ռ. Օհանյանը նշեց, որ իրենց գյուղն անտառի եզրին է, Աճարկուտում անասունները ոչ թե արոտի են տանում, այլ ազատ են թողնում, որպեսզի գնան արոտավայր: Ձյուն տեղալուն պես անասուններն անտառից գյուղ են վերադառնում: Աճարկուտում մոտ 10 օր առաջ ձյուն է տեղացել, սակայն անասուններն անասնագոմ չեն վերադարձել: Գյուղապետն ասաց, որ անասնագողերը հավանաբար անասուններին ձորն են իջեցրել` ավտոճանապարհի եզր, եւ ավտոմեքենայով տեղափոխել: Նա անասունների անհետանալու մասին գրավոր հայտարարություն է տվել ոստիկանության Իջեւանի բաժին, սակայն շատ քիչ հույս ունի, որ գողությունը  կբացահայտվի:

Սա, ի դեպ, առաջին անգամը չէ, որ Ռաֆիկ Օհանյանին պատկանող անասունները գողանում են: 1996թ.-ին անհայտ անձինք գողացել են նրա՝ 12 գլուխ խոշոր եղջերավոր անասունը, իսկ 2007թ.՝ եւս 3 հատ անասուն: Այսպիսով` վերջին 25 տարում  Ռաֆիկ Օհանյանից գողացել են 25 խոշոր եղջերավոր անասուն: «Կարելի է ասել, որ իմ աշխատավարձի գումարի չափով ինձնից գողացել են»,- դառնությամբ ասում է  Ռ. Օհանյանը: Հավելենք, որ Ռ. Օհանյանը փոքրիկ, 185 բնակիչ ունեցող Աճարկուտ համայնքը ղեկավարում է 1991 թվականից:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more