▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրին շեղվում է ավանդույթներից.«Ժողովուրդ»

Մարտի 28-ին Գյումրիում դանակահարված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը իրավապահներին հայտնել է՝ իրեն դանակահարել է Գյումրի քաղաքում հայտնի ատամնաբույժի որդին:

Հիշեցնենք, որ 2015 թ. հունվարի 10-ին ձեւավորված «Հիմնադիր խորհրդարանը», որի համակարգող խորհրդի անդամը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանն է, ՀՀ իշխանություններից «ազատվելու» համար «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով  ՀՀ տարբեր մարզերում ավտոերթեր ու ակցիաներ է կազմակերպում: Նրանք հայտարարում են, որ ռեժիմից ազատվելու մեկնարկը տրվելու է ապրիլի 24-ի երեկոյան:

 Որտեղից սկսվեց

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ հետապնդումը սկսվել է դեռեւս  2014թ նոյեմբերի 27-ից, երբ անհայտ անձիք այրեցին «Հիմնադիր խորհրդարանի» համակիրների ավտոմեքենաները: Տուժողները 7-ն էին: Կարելի էր կարծել, թե այս կերպ իշխանությունները կարող էին զսպել «100-ամյակն առանց ռեժիմի» անդամների գործողությունները, սակայն հակառակ ռեակցիան եղավ: 2015թ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» որոշել էր ավտոերթ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այդտեղ էլ ԼՂՀ իշխանություններն էին հորդորել նրանց չգնալ այդ քայլին, սակայն արդյունք չէին տվել: Եվ, ահա, «Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ անդամներ Բերձորում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվեցին: Ոստիկաններն ընդամենը նկատողություն ստացան եւ վերջ:

 Ծեծին հաջորդող

դանակահարությունը

Բերձորի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Հիմանդիր խորհրդարանի» անդամները հայտարարություն տարածեցին, որ մարտի 7-ին ավտոերթը կիրականացնեն Գյումրիում, սակայն այն չկայացավ, քանի որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների մուտքը կանխվեց Գյումրիում հայտնի օրենքով գող  Զապի թիմակիցների միջոցով: Եւ որպեսզի արյունահեղություն չլիներ, ավտոերթը չկայացավ, ակցիայի կազմակերպիչները Երեւան վերադարձան:

Բայց այդ հանգամանքը չկանգնեցրեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, եւ վերջիններս մարտի 28-ին Գյումրիում հանրահավաք անցկացրին, որի ընթացքում անծանոթ տղաների մի խումբ ձվեր նետեց խորհրդարանի անդամների ուղղությամբ, փորձեցին ամեն կերպ սադրել հանրահավաքի մասնակիցներին: Մոտեցել էին լրագրողներին՝ հորդորելով հեռանալ: Իրավիճակը խիստ մտահոգել էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, եւ վերջիններս սադրիչների ինքնությունը պարզելու համար հետեւել էին նրանց, որպեսզի գոնե հասկանան, թե ում հրահանգն են  կատարում: Այդ ընթացքում սադրիչներից մեկի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը դանակահարվել էր:

Վերջինիս շտապ տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն եւ վիրահատել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը պատմեց, որ դանակահարված Հրաչիկ Միրզոյանը իրավապահներին հայտնել է, թե ով է եղել իրեն դանակահարողը. «Եթե չեմ սխալվում, դանակահարողը Գյումրիում հայտնի ատամնաբույժի որդի է` ոմն Ռուդիկ Խաչատրյան: Տուժողը մատնացույց է արել դանակահարողին, եւ սա բավարար էր, որպեսզի ոստիկանները նրան կալանավորեին, նա  կարող  է փախուստի դիմել, չէ՞ որ վտանգավոր մարդ է, հո Վարդան Պետրոսյանը չէ՞, որին բանտում են պահում, այլ այնպիսի մարդ է, որը մահափորձ է արել»:

Ըստ Կարո Եղնուկյանի՝ այսօրինակ դեպքերով թեեւ ռեժիմի նպատակն է կասեցնել իրենց շարժումը, այնուամենայնիվ, չեն կարող կանգնեցնել իրենց ընթացքը: Մեր դիտարկմանը, թե լուրեր կան, որ մինչեւ ապրիլի 24-ը «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին կձերբակալեն, Կարո Եղնուկյանը այսպես արձագանքեց. «Մենք նման առիթ չենք տա իշխանություններին: Մենք ապրիլի 24-ին ոչ մի հավաք չենք խոչընդոտելու, ավելին՝ նույնիսկ մասնակցելու ենք, իսկ ապրիլի 24-ի երկրորդ կեսից հետո սկսելու ենք քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ինչը օրենքով թույլատրելի է»: 

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է դանակահարման փաստով հարուցված քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով: Իսկ, ահա, ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա ձվեր նետած անձինք՝ Ա. Պետրոսյանը, Ն. Մխլաչյանը, Ա. Մարկոսյանը, Գ. Աբրահամյանը եւ Ա. Գեւորգյանը, ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով: Նկատեցի՞ք՝ Ռուդիկ Խաչատրյանը դեռ ձերբակալված չէ:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more