▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու դժբախտությունը կամ Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը

Մի ժողովրդական խոսք կա «մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: Այս արտահայտությունը մենք միշտ անում ենք այն ժամանակ, երբ դժգոհում ենք մեկից, ով հաջորդել է մեկին, ով իր ժամանակին արժանացել է ավելի հարգանքի, քան ինքը (ենթադրենք էլի, որ այդպես է): Երբեք չեմ սիրել նրանց, ովքեր սազն առել ու ինչ որ մեկին են գովերգել, բայց չեմ սիրում նաև, երբ ընկածին են կացի տալիս ու ցեխ շպրտում երեսին: Ասեմ, որ ոչ առաջինին և ոչ էլ երկրորդին եմ վստահել, պարզապես, ինչպես ասում են, ծուռը նստենք՝ դուզը խոսենք, դրա համար էլ ուզում եմ որոշակի համեմատականներ անցկացնել նախքին և ներկայիս քաղաքապետների միջև: Չեմ ուզում ընկղմվել թվաբանության կամ փաստերի մեջ, դրանք թողնելով համապատասխան մարդկանց, քանի որ  ուզում եմ ներկայացնել ժողովրդի և իմ սուբյեկտիվ կարծիքը: Բազմաթիվ կուլիսային իրադարձություններ են կատարվել Ղուկասյանի ղեկավարման տասներեք տարիների ընթացքում և եթե ականատես չենք եղել դրանց, բայց ականջի ծայրով լսել ենք դրանց մասին: Հիմա էլ են կատարվում, բայց ժամանակը ամեն բան իր տեղը կդնի:
2012 թվականի Սեպտեմբեր ամսին, կայացավ Գյումրու քաղաքապետի ընտրությունները և հիմա արդեն նախքին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չառաջադրեց իր թեկնածությունը, կներեք, ավելի շուտ չթողեցին առաջադրվելու, պարզապես ասացին «нет» ու «король умер, да здравствует король»:  Շատերը սուգ մտան, քանի որ շատերի գլխին կախվեց «դեմոկլեսյան սուրը» կամ այսպես ասած՝ գործազրկության հեռանկարը (կամ Բալասանյան սուրը, ինչպես կուզեք): Հեռանկարն այնքան էլ հեռանկար չէր, որովհետև սպասեցնել չտվեց իրեն ու շատերը հեռացան՝ չէ ավելի շուտ հեռացվեցին: Ասում են, թե «մեռած» մարդու հետևից չեն խոսում՝ Ղուկասյանին առողջություն, դուշմանիս չեմ ցանկանա էն, ինչ իր գլխին եկավ՝ բերեցին (կապ չունի ով, տղան թե ՀՀԿ-ները, կամ այլոք): Մի խոսքով, համեմատականի համար ուզում եմ մի քանի զուգահեռներ անցկացնեմ:(Ասել եմ ու կրկնում եմ, ժողովրդի և իմ տեսանկյունից եմ արտահայտվում հա մեկ էլ առանց պահպանելու ժամանակագրություն, հերթականություն, թե ո՞վ, ի՞նչ, ե՞րբ):Ղուկասյան՝ քաղաքապետ, բիզնեսմեն, հավատացյալ, բարի մարդ, հարգված,  եկեղեցաշեն, քաղաքաշեն, գողական և վերջապես ՀՀԿ-ական (mafia):Բալասանյան՝ քաղաքապետ, բիզնեսմեն, «հավատացյալ» բարի մարդ, հարգված, եկեղեցաշեն և վերջապես՝ գողական չէ, բայց նախքին ՕԵԿ-ական է, իսկ ներկայումս հանրապետականի մատոռով ԲՀԿ-ական:Ղուկասյանի կառավարման տարիներին, քաղաքը սկսեց «բարգավաճել», չեմ ասում, թե ղեկավարելու աստվածատուր տաղանդ ուներ, բայց որ կարողանում էր հարցեր լուծել և արդյունքում բոլորին գոհացնել՝ դա փաստ էր: Ժողովուրդը նրանից երբեք «չէ» բառը չեր լսում, ամեն բան հնարավոր էր, դրա համար էլ ժողովուրդը «մեռնում էր ջանին»: Անշուշտ կային նաև դժգոհները, ումից մի տեսակ «Զոռոյական» բայց քաղաքավարի ձևով վերցնում էր մի քիչ ու էդ քչի կեսը տալիս սիրված քաղաքի աղքատ ժողովրդին: Ղուկասյանը մուծում էր ուսանողների ուսման վարձավճարները, եկեղեցի կառուցում ու էլի լիքը «բարեգործություններ» ու կարևոր չէր, որ դա որևէ շինություն կատարել ցանկացողի գրպանից վճարված՝ «պետական մուծումներից» էր՝ իր սեփական հաշվեհամարի վրա կատարված: Արդյունքում, շինությունը շինվում էր իսկ ուսանողը սովորում, հավատացյալը աղոթում, իսկ ԲՈՒՀ-երի տնօրենները կառուցում իրենց տները և այլն: Մարդը գոհացնում էր բոլորին, ժողովրդից սկսած՝ մինչև ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ամենայն հայոց նախագահը: Իհարկե, նրա ղեկավարման օրոք, Չուբարը չփոխվեց և հիմա էլ չի փոխվել, երկու քաղաքապետների օրոք, թե ասֆալտը և թե ասֆալտապատումը նույն որակին է մնացել, իսկ քաղաքի բյուջեից փողերն ուտելու գործուն տարբերակը՝ անփոփոխ: Շատ բան չփոխվեց և ոմանք նույնպես: Ծառուկյանի «Փարավոնն»  իր շքեղությամբ խավարեց Ղուկասյանի «Ալեքսանդրապոլ»-ի շքեղության շուրջ ծավալված վիճաբանության թեման, իսկ Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև ղուլը», եկավ նոր թեմաներ բացելու: Բայց համեմատականի մեջ, Ղուկասյանն ավելի կրիմինալ է, քան Ծառուկյանը, իսկ Բալասանյանն ավելի քաղաքականացված (էստեղ սմայլիկ): Հետաքրքիրն այն է, որ բոլորը մատնացույց էին անում Վարդանիկի ունեցվածքը, իսկ այսօր Բալասանյանի ունեցվածքի մասին լռում են: Հանրային տարածքը սեփականաշնորհելուց և «Օազիսը» կառուցելուց, բոլորը լուռ, զսպված քննադատում էին, ավելի շուտ շրթունքները կծած զսպվում էին, որ մի բառ անգամ դուրս չգար, բայց այսօր « Սև Ղուլը», թանգարան կառուցելու պատրվակի տակ՝ դարձնում են հերթական զվարճությունների վայր ու ոչ ոք չի բարձրաձայնում, թե դա ու՞մն է և ի՞նչ են անում (թող շինի, հետո կսկեն փնովելն ու բանբասելը): Վարդանիկն ուներ քաղաքային երթուղիներ և գազելներ, Բալասանյանն էլ հետ չի մնում, բայց Ղուկասյանինը աչք էր ծագում, թե տեսեք, անկամորդ է, սաղ իրենով է արել(բրբ): Բալասանյանը վերանորոգեց ու աշխատեցրեց գարեջրի գործարանը, հիմա էլ հրուշակեղենինը, իսկ Ղուկասյանը «Հրաշքների աշխարհն» ու «Ալեքսանդրապոլը», գազի լցակայանների մասին չխոսեմ: Ժողովրդին բաժին հասավ միայն բազարի դախլները: Ղուկասյանի օրոք, բյուջեն դատարկ ընդունվեց Վարդանյանից ու միայն Ղուկասյանի «շնորհիվ» այն լցվեց, բայց պարադոքս է, որ Բալասանյանն էլ անընդհատ պատճառաբանում է, թե ինքն էլ իր հերթին է բյուջեն դատարկ ընդունել Ղուկասյանից (թասիբի հարց է, թե տղա ես դե լցրու): Արդյունքում տուժեց քաղաքն ու Գյումրեցիք:Հիմա, քաղաքը տակն ու վրա է եղած, մարդիկ՝ գործազուրկ ու նորից հարց է ծագում, լավ, բա ի՞նչպես եղավ, որ մի քաղաքապետի մոտ ստացվեց, իսկ մյուսի մոտ ոչ, մեկը բաշարում էր աշխատեցնել մի մեխանիզմ, որի տակից լավ էլ դուրս էր գալիս, իսկ էս մյուսը՝ դեռ մեխանիզմ չունի: Թեև, դեռ վաղ է ինչ որ կանխագուշակություններ անել, թե Բալասանյանը դեռ ինչեր կարող է անել, սակայն սկիզբը դեռ խոստումնալից չէ: Ոմանք կարծում են, որ նա ոչ մի վատ բան չի արել, երևի դարձյալ Ղուկասյանի հետ համեմատականի մեջ են հասել այդ եզրակացությանը, ես չեմ վիճում, տա Աստված չանի, ես միայն ուրախ կլինեմ: Իսկ առայժմ  Բալասանյանը զբաղված է հինը ու ծուռը քանդելով: Դե, հինը պիտի քանդես, որ նորը կառուցես ու նորից Գյումրեցու գլխին նույն պատմությունն է շինվում: Արդեն իններորդ ամիսն է, Գյումրին ծննդկանի երկունքի ցավ է քաշում, բայց թե ի՞նչ կծնի՝ դա հարց է: Իսկ այսօր, ունենք այս վատ օրերը, ավելի վատ՝ քան Վարդանի օրոք էր, դե դրա մեղավորը Բալասանյանը չէ, պարզապես նրան այս ժամանակահատվածը բաժին հասավ՝ իր բոլոր խնդիրներով ու դարձյալ նոր թափով արտագաղթ, գործազրկություն, նորից տարածքների հափշտակում, աշխատանքից հեռացումներ, հաստիկի կրճատումներ, ապօրինի շինությունների «բացահայտումներ», խանգարող եղևնիներ, դատարկ բյուջե և լիքը, լիքը այլևայլ կուտակված խնդիրներ:Հանրապետականների մաթեմաթիկան միշտ էլ նույնն է, եթե նույնիսկ հանրապետականին փոխարինում է ԲՀԿ-ականը, իսկ Գյումրիում ամեն բան աշխարհի նման հին է: Գյումրեցին կարծեց, թե նոր քաղաքապետն իր ազգանունի տերն է ու կդարմանե քաղաքի վերքերը՝ եղիցի, թե չէ աչքներս ջուր կտրեց փրկչին սպասելուց:Մի լավ խոսք կա, ամեն բան վերադառնում է շրջանը յուր: Ախր էնքան բան կա թվարկելու, որ անկեղծ, հնարավոր չէ էդ բոլորը շարադրել, դասավորել, գրել: Վերջաբանս կտրուկ է ստացվում, որովհետև զարգացող Գյումրու հեռանկար չեմ կարող պատկերել ձեզ և ոչ էլ հույսեր տալ, երևի այն պարզ պատճառով, որ անձամբ եմ կորցրել հավատքս մարդկանց նկատմամբ: Ախր, գումարելիների տեղերը փոխելիս՝ գումարը չի փոխվում և հարկավոր է, որ մենք ըստ այդմ սովորենք ծրագրել մեր սեփական կյանքն ու ապագան: Իսկ եթե սխալվում եմ այս հարցում,  ապա ես միայն ուրախ կլինեմ դրա համար: Տա Աստված:Ինչպես կասեր Գալյա Նովենցը՝ «Կե՞ղնի մէ օրմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է ըսպես ծուռ» (Մեր մանկության տանգոն գ/ֆ-ից):


28.05.2013

 

Հեղինակ` Մամիկոն Համբարյան


mamikonhambaryan.blogspot.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more