Երանոս գյուղի գյուղապետ` Գագիկ Խանսանամյանը հրաժարական է տվել, քանի որ այլևս չի ցանկացել ապրել և աշխատել նույն պայմաններում:
Այս մասին նա պատմել է «ԷկոԼուրին»:
«Հունվարին լրանալու է ուղիղ 10 տարի, որ ես գյուղապետ եմ: Ես ցավով եմ դուրս գալիս, իրոք ամենայն անկեղծությամբ, ստիպված եմ, կան որոշակի հանգամանքներ: Իմ դուրս գալու նպատակը`Հայաստանից գնալն է…անկեղծանամ, ասեմ, ճիշտ է այսօր մեր օրենքներով, երբ գյուղացուն հող են տալիս, դա համարում են աշխատանքով ապահովված:
2003 թ.-ին, մեր գյուղում, եթե թվերի մեջ չսխալվեմ, 2500 գլուխ խոշոր կենդանիներ ենք ունեցել, այսօրվա դրությամբ 1500 է: Գնալով չի զարգանում, որ ցույց է տալիս մեր գյուղնախարարը, թե զարգացում կա, տարեկան 7 տոկոս, 10 տոկոս աճ կա գյուղատնտեսությունում: Այդ թվերը մեզ տրվում են, մենք տալիս ենք…Գյուղատնտեսությունը բոլոր ժամանակներում էլ վնասով է աշխատում: Երբ որ մեր իշխանությունը այսօր աչք է փակում դրա վրա, պահանջում է, որ գյուղատնտեսությունը զարգանա, բայց դրա հետ միասին կառավարությունը, գյուղ նախարարությունը, ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում գյուղացուն, որտեղի՞ց զարգանա: Սուտ բաներ են, սուտ թվեր են»,- ասել է նախկին գյուղապետը:
Նա պատմել է, որ երբ տեղի բնակչության վիճակը վիճակը ծանր էր, կառավարությունը հնարավորություն է տվել գյուղացուն գումարի փոխարեն, հարկերի դիմաց մթերք տալ:
«Նախարարությունում պայմանագիր էինք կապում, չնայած էժան էր, բայց էլի ձեռ էր տալիս ժողովրդին: Հետո եկավ Գագիկ Ծառուկյանը: Վարդենիսում ցանեցին 120 հեկտար կարտոշկա, իրենք իրենց սարքեցին այդ մթերումը մրցույթով, որից հետո այդ հնարավորությունը տվեցին իրենց, էլ գյուղացին չի կարողացել հանձնի… Այսօր մեր մշակող հողերի 20-30 տոկոսն է մշակվում, այդքանն էլ չի մշակվում` ամբողջ մարզում, վստահ եմ դրանում: Ինչ-որ տալիս ենք վիճվարչությանը, դրանք ամբողջը թվեր են, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- վրդոված պատմել է Գ. Խանսանամյանը: