▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հացի խնդիր.«Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է` ՀՀ Կառավարությունը հաստատակամ է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը մինչեւ վերջ առաջ տանելու հարցում` դա հիմնավորելով հանրային առողջության բարելավման անհրաժեշտությամբ: Սակայն բազմաթիվ մասնագետներ դեմ են այս նորամուծությանը: Օրերս էլ ՀՀ ԱԺ-ում  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հօգուտ այս նախագծի` ներկայացրեց մի շարք ցուցանիշներ` ընդգծելով, որ առհասարակ սննդի հարստացման (ինչը չի նշանակում հենց ալյուրի հարստացման) եղանակը կիրառվել է աշխարհի 82 երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում եւ Կանադայում: Մինչդեռ նախագծի ընդդիմախոսները մատնանշում են ԱՄՆ-ին կամ Կանադային իրենց զարգացվածությամբ եւ առողջապահական ցուցանիշներով չզիջող երկրների մի մեծ ցուցակ, որտեղ հրաժարվել են ալյուրի հարստացման եղանակից: Դրանց թվում են Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Հոլանդիան, Լեհաստանը, Չեխիան, Իսպանիան, Շվեդիան, Ճապոնիան եւ Կորեան: Եվ եթե ՀՀ ԱՆ պատասխանատուները մատնանշում են ԱՄՆ-ը, որտեղ այս եղանակը հաջողությամբ կիրառվում է 1946 թ-ից, ապա  անկախ փորձագետներն էլ հիշեցնում են Չիլիի օրինակը, որտեղ կիրառված այս մեթոդը հանգեցրեց հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացության եռակի աճի եւ դադարեցվեց:   Քաղցկեղի աճ էր գրանցվել նաեւ Նոր Զելանդիայում եւ Ավստրիայում, որտեղ եւս այդ ծրագիրը կասեցվել է:

ՀՀ ԱՆ պատասխանատուները պնդում են, որ մարդու օրգանիզմում երկաթի եւ ֆոլաթթվի պակասը հանգեցնում է սակավարյունության, իսկ ծրագրի ընդդիմախոսներն էլ հակադարձում են` նույնկերպ լուրջ հիվանդություններ կառաջանան, եթե այդ հավելանյութերը մարդու օրգանիզմում անհրաժեշտից ավել լինեն: Միով բանիվ` երկու կողմն էլ խոստանում է ազգային աղետ ե՛ւ ծրագրի ներդրման, ե՛ւ դա չանելու դեպքում: Այս իրավիճակում ցանկացած նորմալ մարդ որպես խնդրի օպտիմալ լուծում կառաջարկի տալ սպառողին ընտրության հնարավորություն, որ այդ ծրագիրն  անցնի ժամանակի փորձությունը եւ ցույց տա, որ արդյունավետ է հայկական գենետիկայի եւ կենսապայմանների դեպքում:

Սակայն ՀՀ իշխանություններն այս հարցում եւս փորձում են կիրառել պարտադրանքի սկզբունքը` նախատեսելով հարստացնել ՀՀ-ում օգտագործվող ալյուրի ավելի քան 85 տոկոսը, ինչն արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս: Քանզի հայրենի իշխանություններն առաջին անգամը չէ, որ հանրության մասին «մտահոգվելով»` փորձում են պարտադրել իրենց «բարեփոխումները»: 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more