▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն դեռ ուշքի չեն գալիս խորհրդարանական ընտրություններից հետո

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի՝ հայաստանյան առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունից հետո քաղաքական դաշտում որոշակիություն մտցրվեց: Ներքաղաքական ներկայիս զարգացումների շուրջ  ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ:

- Պրն Աբրահամյան, ԲՀԿ առաջնորդը կայացրեց իր սպասելի որոշումը:  Ըստ Ձեզ, ո՞րն ԲՀԿ-ի՝ առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու պատճառը:

- Կարծում եմ` ԲՀԿ-ում հաշվարկել էին իրենց հնարավորությունները ու հաշտվել այն մտքի հետ, որ իրենց թեկնածուի հնարավոր առաջադրման դեպքում ընտրություններում հաղթանակ գրանցելու հնարավորությունը այդքան էլ բարձր չէր, սակայն մյուս կողմից՝ ԲՀԿ-ի որոշումը ընկալելի չեղավ հասարակության կողմից, քանզի վերջին 1-2 ամիսներին նկատվող զարգացումները, ԲՀԿ-ից եկող ազդակներն ավելի տանում էին նրան, որ ԲՀԿ-ն պետք է հանդես գար սեփական թեկնածուով կամ նվազագույնը պաշտպաներ որևէ թեկնածուի:

- ԲՀԿ նաև հայտարարեց, որ ոչ էլ սատարելու է որևէ մեկին: Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր է, որ այս երկու որոշումները հասարակության մի մասին համար հիասթափության պատճառ հանդիսանան:

- Անկասկած ԲՀԿ-ի որոշումը հասարակության որոշակի զանգվածի մոտ հիասթափություն պետք է առաջացներ: ԲՀԿ-ի մարզային հանդիպումներից հետո հենց ԲՀԿ-ն հայտարարեց, որ կուսակցական ակտիվը եկել է այն հայտարարի, որ կուսակցության ղեկավարը պետք է առաջադրվի: Երկրորդ, խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժը նման քայլի գնալու համար պետք է ծանրակշիռ փաստեր ունենար, միգուցե, ԲՀԿ-ն դեռ կանդրադառնա այս հարցին, սակայն առավել ծանրակշիռ փաստերով:

- Ընտրություններին ԲՀԿ թեկնածուի բացակայությունը ի՞նչ կփոխի իշխող կուսակցության և ՀԱԿ-ի համար:

- Առաջին, ՀՀԿ-ն «զրկվեց» ուժեղ մրցակցից, երկրորդ, ԲՀԿ-ի մի հսկայական զանգված, որը որպես կանոն՝ իր ձայնը տալիս է իշխանական կուսակցություններին, իսկ այդ զանգվածը ԲՀԿ-ում բավականին ծանրակշիռ է, իր ձայնը կտա ՀՀԿ-ին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ՀԱԿ-ը որքան էլ հայտարարի, թե իր խնդիրը ԲՀԿ-ին ՀՀԿ-ից «պոկելն» է, մեկ է,  իմ կարծիքով՝ ՀԱԿ-ի նպատակը ԲՀԿ-ից աջակցություն «պոկելն» էր` քաղաքական, ֆինանսական, թե մեկ այլ տեսքով: Այդ տեսանկյունից, ՀԱԿ-ում մի տեսակ անորոշություն կա: Կարծես թե,  ՀԱԿ-ում «պլան բ» չէր քննարկվել, իսկ ԲՀԿ-ի որոշումն ավելի խառնեց ՀԱԿ հաշվարկները: Մյուս տեսանկյունից, ՀԱԿ-ը ևս մեկ անգամ ինքնադրսևորվելու հնարավորություն է ստացել, բայց դրա համար ՀԱԿ-ը պետք է վճռականություն դրսևորի ու հստակ դիրքորոշում արտահայտի:

- Իսկ ՀՅԴ-ի և Ժառանգությա՞ն համար:

- Արդեն առիթ ունեցել եմ՝ ասելու, որ ԲՀԿ որոշումը լավ նվեր էր ՀՅԴ-ին և «Ժառանգությանը», որոնց դերակատարությունն ընտրություններից առաջ կբարձրանա, սակայն այս ուժերը դեռ պետք է կարողանան օգտվել այդ հնարավորություններից:

- ՀՀ նախագահը նույնպես կայացրեց իր որոշումը. նա առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու: Կարծիք կա, որ ընտրությունների ելք արդեն իսկ որոշված է՝ ՀՀ նախագահը վերընտրվելու է: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:

- Պաշտոնական առաջադրումները դեռ չեն սկսել ու դժվար է հաստատակամորեն նշել, թե ով կառաջադրվի կամ ով ինչպիսի «անհարմարություններ» կստեղծի գործող նախագահի համար: Այդ տեսանկյունից դեռ վաղ է խոսել ընտրությունների հնարավոր ելքի մասին:

-Այժմ, երբ խորհրդարանական ընտրություններին ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունները հայտնել են իրենց որոշումները, մյուս՝ առավել քիչ ձայներ հավաքած կուսակցությունների լռությունն, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:

- Ըստ էության, Ձեր կողմից նշված ուժերի լռությունը միայն առաջիկա նախագահական ընտրություններով չէ պայմանավորված: Դրա արմատները գալիս են խորհդարանական ընտրություններում վերջիններիս ցույց տված արդյունքից: ՀՅԴ-ն վերջին ընտրությունների համեմատ ռեկորդային քիչ թվով ձայներ հավաքեց, ՀԱԿ-ում տարաձայնությունները խորացան, իսկ «Ժառանգություն»-ում պառակտումներ եղան: Իհարկե «Ժառանգությունը» հստակեցրել է իր որոշումը, սակայն դրանից «Ժառանգության» ներքին խնդիրները չեն նվազել: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին, ապա վերոնշյալ ուժերը դեռ ուշքի չեն կարողանում գալ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: ՀԱԿ-ի ներսում, կոնգրեսի քաղաքական կուրսի հետ կապված տարաձայնություններն այնքան են խորացել, որ նույնիսկ էլեմենտար հարցերի շուրջ կոնսենսուս հնարավոր չի լինում ապահովել:

Հարցազրույցը՝ Սեդա Հերգնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more