Այսօր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ ինջիղուլյանի հարազատների հետ:
Հարազատները ASEKOSE.am-ին փոխանցեցին, որ հանդիպումը բավական կարճ է տևել: Հիմնականում տեղեկացրել են, որ Հակոբը տեղափոխվելու է երրորդ երկիր, ապա նամակներ են փոխանակել:
Հարազատներին ուղղված նամակում Հակոբը նշել է, որ ամեն ինչ լավ է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին, որ Հակոբը ցանկություն է հայտնել երրորդ երկիր վերադառնալ:
Հիշեցնենք նաև, որ թե ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, թե ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բազմիցս հավաստիացրել են, որ եթե Հակոբը վերադառնա Հայաստան, նրան քրեական հետապնդում չի սպասվում:
ASEKOSE.am-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև ԿԽՄԿ գրասենյակի հետ, որտեղից խոստացել են պատասխանել մեկ ժամվա ընթացքում:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան