«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հալեպից մինչև Սուրմալու, Աղավնոյից մինչև Խերսոն նույն պատմությունն ա: Բոլոր սցենարները գալիս, հանգում են իրանական գազին: Ու քանի որ Իրանի միջուկային գործարքը կնքման ֆինիշին է հասնում, մեզ մոտ մեկնարկ է տրվում Հայաստանի սիրիացմանը: Երեկ ՌԴ դեսպանատունը, հիմք ընդունելով ծռիստական քարոզը, սկսեց աշխատել իր ալիբիի վրա «հանկարծ» զարթնելով ու վաղօրոք հայտարարելով, որ Հայաստանում ինչ-որ ռուսաֆոբիա կա ակազվիցը: Թե ինչ ա լինում այլ երկրներում այս թեզերը տարածելուց հետո, մենք տեսել ենք:
Ենթադրում եմ, որ քչերը կիմանան, որ 2016 թվականին ՊՊԾ-ի գրավումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իրանը Հայաստանի տարածքով իր գազի առաջին փորձնական խմբաքանակը վաճառեց Վրաստանին: Սրանից հետո ահաբեկիչները գրավում են ՊՊԾ-ն ու հանձնվում են, երբ հայտնի է դառնում, որ վարչապետ է նշանակվելու «Գազպրոմ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանը: Սակայն, Հայաստանի համար ճակատագրական այս պատմությունն այդտեղ ո՛չ սկսվել, ո՛չ էլ ավարտվել է:
Այո՛, 2016-ի հունվարին Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության ղեկավար Ալիրեզա Քամելին հայտարարում է, որ բանակցում է Վրաստանի հետ գազ մատակարարելու օրակարգով: 2016-ի հունվարի 4-ին իրանական ԶԼՄ-ները նույնիսկ նշում են, որ արդեն կա պայմանավորվածություն Վրաստանին մատակարարել օրական 8-15 մլն կուբամետր գազ: Ու թեպետ Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր սրա մասին ակնարկել, պաշտոնական Թբիլիսին հերքեց այս լուրերը՝ ասելով, որ նման պայմանավորվածություն դեռ չկա, թեպետ ակնհայտ էր, որ արդեն նույնիսկ ծավալների մասով կան հստակ թվեր, ու բանակցությունները շատ ակտիվ են ընթանում:
Նույն 2016-ի փետրվարին, բոլորիս կողմից շատ «սիրված», նախկին Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարում է, որ Հայաստանը կարող է հանգիստ տարանցել տարեկան մոտ 500 մլն կուբամետր իրանական գազ դեպի Վրաստան՝ հավելելով, որ «Իրան-Հայաստան գազամուղը ներկա պահին շահագործվում է ընդամենը 15-20 տոկոսով»: Մինչդեռ արդեն մարտի 26-ին, մեր կողմից ոչ պակաս «սիրված», բայց չգիտես՝ ինչու բոլորովին մոռացված, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԶԼՄ-ների հետ զրույցի ընթացքում հայտնում է, որ պլանավորում է մեկնել Իրան և այդ երկրի առաջին փոխնախագահ Էսհադ Ջհանգիրի հետ քննարկել իրանական գազի տարանցումը դեպի Վրաստան՝ հավելելով, որ մինչև տարվա վերջ այս հարցը լուծված կլինի:
Չորս օր անց Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա: Քառօրյա պատերազմի ավարտից հետո Սերժ Սարգսյանը մեկնում է Բեռլին և հռետորական հարց տալիս, թե ո՞ւմ համար է գաղտնիք, որ մենք հին զենքով ենք կռվում: Ամիսներ անց, Կիսիլյովին տված հարցազրույցում, նա ասում է, որ մենք չունենք այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար, և որ ապրիլյանից առաջ շատերին թվում էր, որ Ռուսաստանը միշտ Հայաստանի կողքին կլինի, սակայն, ինչպես ասում են՝ «мечтать не вредно»: Ու սա թերևս Սերժի ամենաամբարտավան քայլը չէր...
Ի հեճուկս ապրիլյան պատերազմի «քավորի» ու իր կամակատարների` Հայաստանը պատերազմից հետո 24 միլիոն 702 հազար խորանարդ մետր իրանական գազ է վաճառում Վրաստանին` դրա դիմաց ստանալով 6 միլիոն 177 հազար ԱՄՆ դոլար: Սրան բնականաբար հետևում է սկզբից մայիսի 18-ին Սովետաշենի ռազմական կայանը գրավելու Սեֆիլյանի տապալված փորձը, իսկ հետո արդեն առանց Սեֆիլյանի` ՊՊԾ-ի գրավման հաջողված փորձը: Ահաբեկչությունից մեկ շաբաթ առաջ՝ 2016-ի հուլիսի 10-ին, Ռուսաստանը դադարեցնում է գազի մատակարարումը դեպի Հայաստան և հայտարարում, որ տեղի ունեցած վթարի նորոգման աշխատանքները կարող են տևել մինչև օգոստոսի 10-ը: Նշված վերջնաժամկետից տասն օր առաջ ահաբեկիչները զենքը վայր են դնում, քանի որ Սերժ Սարգսյանը համաձայնվում է զիջման գնալ:
Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալիս, և Կարեն Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնում: Կարապետյանը գալուն պես առաջին իսկ որոշմամբ հեռացնում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ու իր փոխարեն նշանակում Վահե Հակոբյանին, այնուհետև նա կառավարության որոշմամբ «Գազպրոմ»-ին է հանձնում, իրանական գրանտով սարքված, ու Հայաստանին պատկանող գազային բաշխիչ ցանցը Սյունիքում, և փակում է` հատուկ գազի տարանցման համար ստեղծված ՊՈԱԿ-ը: Իմիջայլոց, սրանից մոտ տասը տարի առաջ Սուրիկ Խաչատրյանն Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի ու տեղի ՀՀԿ կառույցի ղեկավարի ներկայությամբ Կապանում հայտնի «Վաչիկի» օբյեկտում ծեծի էր ենթարկել «Գազպրոմ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանին, նրան մեղադրելով, այդ իրանական գրանտով գնված, գազի խողովակները թալանելու մեջ:
Երբ 2018-ին Կարապետյանը, ըստ հստակ իրագործված պլանի, խաբելով Սերժ Սարգսյանին, իշխանությունը փոխանցում է Փաշինյանին, նրան և իր տերերին թվում է, թե Սերժն էլ էն բարի պտուղն է, որ քիթը կախ պիտի հանձնվի ու չքվի: Սակայն Սերժն էլ ավելի անբարտավան քայլ ա անում: Օգտվելով այն բանից, որ վարչապետ դարձած Փաշինյանը դեռ ամբողջովին չի զավթել իշխանությունը, Սերժը նորից Վրաստանին իրանական գազ է տալիս: Այս գործարքը տևում է 2018-ի հուլիսից մինջև նոյեմբեր և այդ ընթացքում 2,2 միլիոն դոլարի դիմաց Վրաստան է մատակարարվում 15 միլիոն խորանարդ մետր գազ: Երբ Փաշինյանն ընտրություններով ֆիքսում է իր իշխանությունը, այս գործարքին վերջ են դնում:
Էս պատմության ակունքները շատ հին են: Սկսում են դեռ 1970 թվից, երբ Իրանն ավարտում է IGAT1 գազամուղի շինարարությունն ու սկսում է Հայաստանին ու Վրաստանին գազ մատակարարել, իսկ 1975 թվականին Իրանը պայմանագիր է ստորագրում գերմանական «Ruhrgas»-ի, Ֆրանսիական «Gaz de France»-ի, Ավստրիայի «OMV»-ի և Սովետի հետ, առ այն, որ կառուցվելիք IGAT2 գազամուղով Իրանն իր գազը Սովետի տարածքով կմատակարարի Եվրոպա: IGAT2-ն էլ, Իրանի միջուկային ծրագիրն էլ անավարտ են մնում, քանի որ 1978-ին Իրանում հեղափոխություն է տեղի ունենում:
2003-ին Իրանն ահագին պնդացել էր ու նորից փորձում է հին թեմային անդրադառնալ: Այս անգամ Ուկրաինայի հետ նախարարների մակարդակով են հուշագիր ստորագրում, առ այն, որ Իրանը տարեկան 10-15 միլիարդ կուբամետր գազ կմատակարարի Կիևին: Կուչմայի մոտ վարչապետ աշխատող Յանուկովիչը մտնում է խաղի մեջ ու այս հուշագիրը փոզմիշ է անում` «Ռուսուկրէներգո» անունով արհեստական մենաշնորհ ստեղծելով: Հետո Յանուկովիչը պարտվում է Յուշենկոյին, ու արդեն Յուշենկոյի վարչապետ Տիմոշենկոն գնում է Իրան ու հայտարարում, որ Իրանի հետ համաձայնության են եկել տարեկան 30 մլրդ կուբամետր Ուկրաինային մատակարարել, ևս 20 մլրդ էլ դեպի Եվրոպա: Ընդ որում՝ դիտարկվում են տարանցման երկու հնարավոր ճանապարհներ՝ Ռուսաստանով և Սև ծովի հատակով, այսինքն` Հայաստան, Վրաստան, Ղրիմ, Ուկրաինա և հետո Եվրոպա: Բնական է` սրանից հետո սկսվում են ռուս-ուկրաինական գազային պատերազմները, որոնք հետո վերածվում են իրական պատերազմի, իսկ Ղրիմն անցնում է Ռուսաստանին` փակելով տարանցման ճանապարհը:
Լրիվ իդենտիկ վիճակ էր իրանական գազի տարանցման մյուս հնարավոր ուղիով: Սիրիայի նախագահ Ասադը համապատասխան համաձայնագրեր է կնքում, ինչի արդյունքում Սիրիայի ներսում ահաբեկչություններ են սկսվում ու էդ երկիրը սուզվում է պատերազմի մեջ: Թվում է, թե Հայաստանը, ի տարբերություն Սիրիայի, կրոնական և ազգային փոքրամասնություններ չունի, սակայն ո՞վ ասեց, որ, պատշաճ տեխնոլոգիաներ կիրառելու դեպքում, նույն արցախցին կամ սյունեցին զենք չի բարձրացնի, օրինակ` շիարկցու կամ «կասկադի կաֆեներում կայֆավատ ըլնող» երևանցու վրա: Կարևորը մի նավակ լինի, ճոճողները կգտնվեն...
Էս խաղի տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ ԱԳՆ-ն հետզհետե կավելացնի Հայաստանում հակառուսական նեո-ֆաշիզմի կամ ուլտրա-լիբերալիզմի մասին թեզերն իրենց պաշտոնական հռետորաբանության մեջ, ու Փաշինյանը, ինչպես նաև ծռիստական շրջանակները, կշարունակեն իրենց ծառայել այս գործում, իսկ Սերժ Սարգսյանն իր զինվորներին կհրամայի էլ ավելի կտրուկ ռուսոֆիլ ձևանալ, որպեսզի թույլ չտա Մոսկվային պլստալ պատասխանատվությունից՝ շինծու քարոզչական պատրվակների ու Փաշինյանի հակապետական դիվերսիաների ներքո»: