▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատվածներ «Թագուհիներ հայոց» նոր ֆիլմի սցենարից.Տիգրան Խզմալյան

«...Եթե 7-րդ դարի հայ արքայադուստր Շիրինը շուրջ հազար տարի շարունակ հանդիսանում էր պարսկական, արաբական եւ թուրքական պոեզիայի, գրականության եւ մանրանկարչության գլխավոր կանացի կերպարն ու ոգեշնչման աղբյուրը, ապա 10-րդ դարում մեկ այլ հայուհի դարձավ Հին Ռուսիայի քաղաքակրթման պատճառն ու խորհրդանիշը, վերածվելով ռուսական հեքիաթների ամենասիրված հերոսուհու` գեղեցիկ եւ իմաստուն Վասիլիսայի կերպարով: Նրա իրական անունն է Աննա` Բյուզանդիայի հայկական կայսերական դինաստիայի արքայադուստր, որն 988 թվականին ամուսնացավ Կիեւի իշխան Վլադիմիրի հետ, Ռուսիայի կողմից քրիստոնեության ընդունման պայմանով: Լինելով բյուզանդական հայազգի կայսերական զույգի` Ռոմանոս Երկրորդի ու Ֆեոֆանոյի դուստր եւ հռչակավոր Վասիլի Բուլղարասպան կայսեր հարազատ քույրը, Աննան նախանձելի հարսնացու էր բազմաթիվ եւրոպական արքունիկների համար: Սակայն քաղաքական եւ ռազմական պատճառներով Կոնստանդնուպոլիսում ի վերջո որոշվեց ազգակցական ու կրոնական կապերով ընդգրկել քրիստոնյա աշխարհի ներքո արագ հզորացող սլավոնական ցեղերը: Դա, միգուցե, ամենակարեւոր հարսանիքն էր ռուսական պատմության մեջ: Անգամ դրա հանգամանքները թվում են հեքիաթային` Աննայի սիրտը շահելու իշխան Վլադիմիրի բազմամյա անհաջող փորձերը, Կոնստանդնուփոլիս ուղարկվող բազմաթիվ պատվիրակությունները, առաջարկությունները, մերժումները, անգամ պատերազմ, եւ, ի վերջո, հպարտ արքայադստեր համաձայնությունը: Հենց այս 25-ամյա կնոջ Կիեւ ժամանելուց հետո սկսվեց ռուսած պետության քաղաքական պատմությունը: Եթե դրան գումարել այն հսկայական քաղաքակրթական հեղաշրջումը, որը բերեց Աննայի ու Վլադիմիրի ամուսնության նախապայմանը` արեւելյան սլավոնների քրիստոնեացումը, ապա պարզ կդառնա թե ինչ հսկայական հետք է թողել այդ հայ կինը Ռուսիայի պատմության եւ անգամ ենթագիտակցության մեջ: Նկատի առնենք, որ Աննան ի ծնե թագուհի էր, հունարեն «Բասիլսա», եւ շուրջ 500 տարի նա մնում էր ռուսած առաջին ու միակ թագուհին,քանի որ միայն հինգ դար անց, Իվան Ահեղն իրեն հռչակեց արքա իսկ Ռուսած իշխանությունը` արքայություն: Աննան իր հետ Կիեւ էր բերել իր արքունիկի լավագույն արհեստավորներին ու երաժիշտներին, նկարիչներին ու շինարարներին, դերձակներին ու ժանյակագործներին, որոնք տարածեցին Ռուսիայում իրենց արվեստներն ու հմտությունները: Ահա ինչու ռուսական հեքիաթների ամենասիրված ու խորհրդավոր հերոսուհին դառձավ իմաստուն գեղեցկուհիՎասիլիսան` Վասիլ Բասիլեւսի քույրն ու իշխան Վլադիմիրի կին Աննան...»:


Նկարն ու գրառումը` ռեժիսոր Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more