▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ազգի զգալի հատվածը խուսափում է իր իրավունքների համար պայքարից.Արգիշտի Կիվիրյան

ՀՀ բնակչության ստվար զանգված շարունակում է պայքարել մի շարք ապօրինի գործողությունների, որոշումների դեմ: Արդյունքում շատերը հայտնվեցին ոստիկանական բաժանմունքներում, մի քանի ժամ անց ազատ արձակվեցին, ոմանց դեմ էլ գործեր հարուցվեցին: Քաղաքացիների, նրանց պայքարի և ներկայիս իրավիճակի մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ: Անդրադառնալով Կոմիտաս 5-ում այս պահին կատարվող իրադարձություններին` Արգիշտի Կիվիրյանը փաստեց, որ այս պահի դրությամբ ապօրինությունը կրկին շարունակվում է. «Չնայած այս քանի օրը տեխնիկա չէր աշխատում, սակայն կրկին աշխատանքներ են կատարվում: Այն գործելաոճը, որը որդեգրվել է, շարունակվում է, ամեն կերպ փորձելու են գործն առաջ տանել»,-նշեց վերլուծաբանը: Անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ է, որ այս կամ այն որոշման դեմ պայքարողների թվում առավել շատ կանայք են, քան տղամարդիկ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես սխալ եմ համարում այս հարցում կին-տղամարդ բաժանումը:

Ինչպես գիտենք անկախությունից ի վեր երկրում քայլ առ քայլ ձևավորվել է քրեաօլիգարխիկ ռեժիմ, որը ամեն կերպ ճնշում է քաղաքացիներին, մշտապես իրականացնում բռնություններ և այլ ապօրինություններ, սերմանում է վախի մթնոլորտ, ինչը, իհարկե, թողել է իր հետքը ողջ հասարակության վրա, և ներկայումս հայ ազգի զգալի հատվածն խուսափում է իր իրավունքների համար պայքարից»: Խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին, որը հարուցվել է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի շրջանակներում, և օգոստոսի 28-ին Հատուկ Քնչական Ծառայությունում (ՀՔԾ) նախատեսված հարցաքննությանն ու դրա հետաձգմանը` Արգիշտի Կիվիրյանն ասաց. «Օգոստոսի 28-ին, ժամը 5-ին ինձ հրավիրել էին հարցաքննության, բայց, քանի որ Հատուկ Քնչական Ծառայությունը չկարողացավ պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովել իմ և իմ հետ եկած ավելի քան 30 փաստաբաններին, ապա հարցաքննությունը հետաձգվեց օգոստոսի 30-ը ժամը 12:00»:

Ինչ վերաբերում է մեկ այլ` Երևանի քաղաքապետարանի մոտ մի խումբ երիտասարդների կողմից շարունակվող պայքարին, Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ մի խումբ տղաներ, ովքեր ընտրել են պայքարի այդ մեթոդը, մինչ օրս շարունակում են նստացույցը` դիմադրելով կիզիչ արևին, ծեծին, ոստիկանական ռեպրեսիաներին, և ինքը հաջողություն ու կամք է ցանկանում այդ տղաներին:

Արգիշտի Կիվիրյանը նաև նշեց, որ իր դեմ հարուցված քրեական գործով իրեն չեն կարողանա լռեցնել: «Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես այն անձը չեմ, ու կարելի է կանգնեցնել սպառնալիքներով, ճնշումներով, բռնություններով և բանտերով: Այնպես, որ պայքարը շարունակվում է», - հայտարարեց նա:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more