▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ զինվորի «հարցազրույցն» ու Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիայի խախտումները

Aysor.am-ն, անդրադառնալով նախօրեին համացանցում տարածված տեսանյութին, անդրադառնում է հարցազրույցի ձևին ու պայմաններին` վեր հանելով ադրբեջանցիների կողմից Ժնևյան կոնվենցիայի խախտումները: 

Նախ և առաջ լրագրողները Հակոբ Ինջիղուլյանին եթեր են հրավիրել այն դեպքում, երբ նրա հետ դեռ չեն հանդիպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամները կամ որևէ այլ միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: Ընդ որում, Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը Հակոբի հետ անընդհատ ձգձվում է` ամենատարբեր պատճառաբանություններով:

Հիմա հարցազրույցի ձևի մասին: Ռազմագերիները, իսկ Հակոբը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերն Ադրբեջանում հայտնվելուց հետո հենց այդ կարգավիճակում է, ունեն իրենց հստակ ու սևով սպիտակի վրա գրված իրավունքներն, որոնք ամրագրված են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայում:

Կենվենցիայում, ի թիվս այլ կետերի, կա հստակ պահանջ` ռազմագերու անձնական իրերի վերաբերյալ: Այսպիսով`

«Չի թույլատրվում, ռազմագերուց վերցնել՝ առգրավել հետևյալ իրերը`

- անձնական օգտագործման բոլոր իրերը և առարկաները 
- մետաղյա սաղավարտը 
- հակագազը
- ինչպես նաև այն առարկաները որոնք նրան տրված են անձնական պաշտպանության համար
- նրա մոտ պետք է մնան նաև այն իրերն ու առարկաները, որոնք ծառայում են նրա
համազգեստի և սնման համար, անգամ այն դեպքում, եթե այդ իրերն ու առարկաները 
պատկանում են պաշտոնական զինվորական հանդերձանքին:

Չի թույլատրվում վերցնել սուբյեկտիվ՝ անձնական արժեք ունեցող տարբերանշանները և պետական պատկանելության նշանները, պարգևի նշաններն ու առարկաները վերցնել ռազմագերուց»:

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական հեռուստաընկերությանը տված «հարցազրույցում»Հակոբ Ինջիղուլյանը հայկական ԶՈՒ համազգեստով չէ, հետևաբար` Ժնևյան կոնվենցիայի խախտումով նրանից վերցվել է սեփական` ՀՀ ԶՈՒ համազգեստը: 

Խախտման մասին վկայում է կոնվենցիայի ևս մեկ կետ, որը վերաբերում է հենց ռազմագերու հասգուստին.

«Ռազմագերու հագուստը, սպիտակեղենը և կոշիկը պետք է բավարար քանակով հատկացնի գերության մեջ պահող պետությունը: Ընդ որում՝ հագուստ և կոշիկ տրամադրելիս պետք է հաշվի առնվեն այն տեղանքի կլիմայական պայմանները, որտեղ պահվում է ռազմագերին: 

Եթե ռազմագերու համազգեստը համապատասխանում է տվյալ կլիմակայական պայմաններին, ապա հակառակորդ կողմն իրավունք չունի դրանք «խլել» ռազմագերուց»:

Ավելացնենք նաև, որ տեսագրությունում Հակոբ Ինջիղուլյանն առանց օպտիկական ակնոցի է: Մինչդեռ մինչև ծառայությունն ու ծառայության ողջ ընթացքում նա կրել է օպտիկական ակնոց, քանի որ դա իր առողջության համար անհրաժեշտ իր է: Հետևաբար, ադրբեջանական կողմը խլել է նաև այդ իրը հայ ռազմագերուց:

Ընդ որում, սա կոնվենցիայի խախտումների միայն ակնառու օրինակներն են:

Հիշեցնենք, որ այս հարցազրույցից հետո էլ, հասկանալով թե ինչ պայմաններում է ադրբեջանական կողմ այն կազմակերպել, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է հետ ընդունել իր քաղաքացուն ու Հակոբը հայրենիքում իրավական որևէ պատասխանատվության չի ենթարկվի:

Հ.Գ. «Ռազմագերիների հետ վերվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիային, որն ընդունվել է 1949թ.-ի օգոստոսի 12-ին, ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Առավել մանրամասն` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more