▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը կարող է վերանայել ՄՄ-ին միանալու իր որոշումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որն, անկասկած, պարզաբանման կարիք ունի: Եթե Լուկաշենկոյի տեսակետը Մաքսային միության մյուս անդամ երկրները՝ Ռուսաստանը և Ղազախստանը ևս կիսում են, ապա չի բացառվում, որ Հայաստանը նպատակահարմար կհամարի վերանայել իր որոշումը: Իսկ Ղազախստանից եկող մեսիջները, կարծես թե հաստատում են, որ այնտեղ ևս կիսում են Լուկաշենկոյի կարծիքը:

«Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը, քանի որ Հայաստանը չկարգավորված տարածքային հարց ունի Ադրբեջանի հետ»,- ասել է Լուկաշենկոն:
Ընդ որում, մեկ նախադասության մեջ, Լուկաշենկոն երկու կոպիտ «կիքս է տվել»: Առաջին, միանգամից ֆիքսենք, որ Արցախի խնդիրը տարածքային վեճ չի ներկայացնում ու անթույլատրելի է, երբ ՀԱՊԿ մեր գործընկերը փորձում է այն ներկայացնել այդ հարթությունում:
Երկրորդ, անհասկանալի է, երբ Բելառուսը Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ճանապարհին մեր երկրի հետ խոսում է նախապայմանների լեզվով, ընդ որում՝ կարևորելով այնպիսի երկրի մոտեցումը, որն առանձնապես հետաքրքրություն չունի Մաքսային միությանը որևէ ձևով առնչվելու հարցում:

Անշուշտ Բելառուսի նախագահը քաջ գիտակցում է ԼՂ հիմնահարցի բանակցային պրոցեսի նրբերանգները և տպավորություն կա, որ Մաքսային միության անդամները, դիտմամբ շահարկելով ԼՂ հիմնահարցը, արհեստական խոչընդոտներ են ստեղծում՝ Հայաստանի մուտքը ՄՄ արգելափակելու համար: Չնայած Ղազախստանը նախապես ողջունել էր Հայաստանի որոշումը, սակայն ակնհայտ է, որ Ղազախստանը ևս, հատկապես ԼՂ հիմնահարցի առնչությամբ, խիստ վերապահումներ ունի:

Մաքսային միության անդամ երկրները պետք է կողմնորոշվեն ու հստակ դիրքորոշում արտահայտեն Հայաստանի հարցում, իսկ ցանկացած նախապայման, մանավանդ, Արցախի հարցում, անթույլատրելի է: Հակառակ դեպքում, անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի Հայաստանը վերանայի իր մոտեցումները Մաքսային միությանն անդամակցելու հարցում:

Տիգրան Աբրահամյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more