▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի առաջնությունում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր. ՀՖՖ հայտարարությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` կապված Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի հետ:

«VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր:

Հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից  ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվել հանդիպման մրցավարը և ՀՖՖ տեսուչներից մեկը:

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասնակից ակումբների ներկայացուցիչների կողմից նման ցինիկ պահվածքն անթույլատրելի է նույնիսկ սովորական պայմաններում, իսկ պատերազմական դրության ժամանակ,  երբ առավել կարևոր է ներքին համերաշխության պահպանումը, սա պարզապես խայտառակություն է:

ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է ներքին քննություն՝ պարզելու միջադեպերի մանրամասները և երկու դեպքում էլ կիրառելու է իր իրավասությունների շրջանակներում գտնվող ամենախիստ պատիժները:

ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և ևս մեկ անգամ հորդորում է ֆուտբոլային հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին պահպանել արդար խաղի կանոնները և չխաթարել ներքին միասնականությունը պատերազմական՝ առանց այն էլ ծանր օրերի ընթացքում»,- գրված է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more