▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանին հեռացնում են ԵՏՄ-ից. «168 ժամ»

«Երեկ Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ռուաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետաձգված հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նախապես էր հայտարարվել, քննարկվել են ԵՏՄ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր: Առանց ԵՏՄ անդամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի: Այդ բազմաթիվ հարցերից մեկը վերաբերել է նաեւ Հայաստանում մտահոգություններ առաջացրած միասնական արժույթի ստեղծման հեռանկարներին: Բայց, ի ուրախություն մեզ, Հայաստանի մասին մոռացել են նաեւ այդ հարցի քննարկման ժամանակ:

Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման մասին բանակցություններին: «Մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք շարունակել դրամավարկային քաղաքականությունը: Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ խոսելու նաեւ հեռանկարում արժութային միության ձեւավորման հնարավորության մասին»,- ասել է Պուտինը: Եվ կրկին՝ ոչ մի խոսք Հայաստանի մասին: Այն դեպքում, երբ միասնական արժութային միություն նախատեսվում էր ստեղծել ԵՏՄ-ի շրջանակներում՝ ոչ թե այսքան շուտ, այլ՝ առնվազն տասը տարի հետո:

Հիմա իրավիճակը փոխվել է, եւ Պուտինը ցանկանում է արագացնել միասնական արժույթի ստեղծման գործընթացը: Դատելով նրա հայտարարությունից, սակայն, դա նշանակում է, որ արժութային միությունը վերաբերելու է ոչ թե ԵՏՄ-ին, այլ Ռուսաստանին, Ղազախստանին եւ Բելառուսին: Այս ամենը վկայում է, որ իրականում դե ֆակտո Հայաստանը ԵՏՄ անդամ չէ եւ այդպիսին չի դիտարկվում իր «գործընկերների» կողմից:

Մի կողմից՝ սա, իհարկե, կարելի է համարել՝ որպես Հայաստանի արժանապատվությունը ոտնահարելու հերթական քայլ: Մյուս կողմից՝ սակայն, հաշվի առնելով, որ ԵՏՄ-ն ընդամենը պուտինյան ավանտյուրայի արդյունքն է, որին պարտադրված միացվեց նաեւ Հայաստանը, հիմա Հայաստանին մոռանալը կամ հաշվի չառնելը կարելի է համարել վերջինիս ուղղված բարեկամական քայլ: Ի դեպ, երեք երկրների նախագահները երեկ պայմանավորվել են, որ իրենց հաջորդ հանդիպումն անցկացնելու են մայիսի 8-ին՝ Մոսկվայում: Կրկին՝ առանց Հայաստանի: Իսկ դա ուշագրավ է նաեւ նրանով, որ մայիսին կայանալու է նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որին պատրաստվում է մասնակցել նաեւ Հայաստանը:

Ուշագրավ այլ նյութեր` «168 ժամ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more