▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»․ Սրբուհի Գալյան

«Հայաստանում արդարադատության, արդարության պակաս կա։ Քաղաքական հայացքներով պայմանավորված՝ ընդդիմադիրները քաղաքական հետապնդումների են ենթարկվում․ ի՞նչ եք անելու, որ ՀՀ-ում արդարադատության նկատմամբ վստահություն լինի»,- լրագրողների հետ զրույցում ի պատասխան այս հարցի՝ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը նշեց․ «Ես կարծում եմ՝ արդարադատության նախարարի հիմնական անելիքը՝ այս հարցի հետ կապված, քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է՝ առաջին հերթին, երկրորդը՝ նոր արդարադատության համակարգի կայուն և միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը։ Այսինքն՝ այս երկու կոմպոնենտի պահպանմամբ՝ մենք կփորձենք նախ՝ վերհանել խնդիրը՝ հասկանալու համար, թե որտեղ է իրականում արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ, հետո կփորձենք կամաց-կամաց, սահուն քայլերով լուծել այդ բոլոր խնդիրները»։

Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, նախարարն արձագանքեց՝ ոչ։ «Կարծում եմ, որ բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»,- հավելեց Գալյանը։

***

Արադարադատության նախարար Սրբուհի Գալյանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այսօր մասնակցում էր կառավարության նիստին։
«Սպասելի չէր, ես զբաղեցնում էի այլ պաշտոն, բայց առաջարկն ստանալուց հետո մտածել եմ և տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՔՊ-ն երկար փնտրտուքներից հետո կանգ առավ իր թեկնածության վրա, և հարցին՝ սպասելի՞ էր իր նշանակումը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ պաշտոն ստանձնելով՝ նաև ՔՊ-ի քաղաքական պատասխանատվության բեռն է ստանձնում, Գալյանը նշեց․ «Ես նախկինում այդ բեռը արդեն ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը»։

***

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով հարցին՝ կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բոլոր հայացքները՝ շեշտեց.«Եթե չկիսեի, այստեղ չէի լինի»։

Հարցին՝ կիսո՞ւմ է նաև այն քաղաքական դիրքորոշումը, որի համաձայն՝ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում և Հայաստանը պետք է ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Գալյանը պատասխանեց․ «Ես խոսում եմ խաղաղության օրակարգի մասին, որի մասին պարոն վարչապետը շատ հասկանալի, պարզ մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում և այդ գաղափարներն, այո, ամբողջությամբ կիսում եմ։

Մեր պետությունը բավականին բարդ ճանապարհ է անցել, մեզանից որևէ մեկը տարիներ առաջ գուցե չկարողանար կանխատեսել այն խնդիրը, որի մեջ հայտնվելու ենք։ Հիմիկվա պայմաններում, այսօր, այստեղ ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին և բոլորս, այդ թվում՝ նաև ես, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք ապահովել խաղաղ և անվտանգային միջավայր մեր երկրում»,-ասել է նա։

«Մենք՝ ծնողներով տասնյակ տարիներ տառապում ենք, ե՞րբ է արդարությունը հանվելու ջրի երես»,- արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին լրագրողների հետ զրույցն ընդհատելով՝ այս հարցն ուղղեցին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, որոնց որդիների մահվան հանգամանքները շուրջ 17 տարի չի բացահայտվում։

«Ես հասկանում եմ, որ դուք անընդհատ սպասելիք եք գեներացնում, և ամեն մի փոփոխության հետ ձեր ակնկալիքները ավելի շատանում են։ Բայց նախ՝ խնդրում եմ հաշվի առնենք, որ սա իմ աշխատանքային 3-րդ օրն և և հաշվի առնեք նաև իմ պատասխանը այն համատեքստում, որ նախարարի գործը արդարության խնդրի ճիշտ հասցեագրումն է նաև, որպեսզի մեր հասարակությունը հասկանա, թե պետական ապարատի որ մարմնից իրականում պետք է ունենան սպասելիք։ Իմ մասով, իմ լիազորությունների շրջանակներում, որոնք հստակ են, ես, իհարկե, կփորձեմ վեր հանել ձեր կողմից առաջադրված խնդիրները։

Ես նախկինում այս ոլոտով որևէ լիազորություն չեմ ունեցել խնդրի հետ չեմ շփվել, նոր եմ ստանձնել պաշտոնս, որևէ հարցի պատասխանել չեմ կարող, դատախազությունում աշխատելով համակարգել եմ այլ ոլորտ»,- նշեց նախարարը՝ ընդգծելով՝ իմ լիազորությունների շրջանակներում կփորձեմ ուսումնասիրել խնդիրը և հնարավոր լուծումներ տալ։

«Մեր բողոքը շարունակական է լինելու, մինչև լուծում ստանանք»,- նշեց որդեկորույս մայրերից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more