▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Պապիկյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին, Մուշեղ Մկրտչյանը՝ Ադրբեջանի

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականներն օգոստոսի 15-21-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը:

Այսօր՝ մրցումային առաջին օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները` 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային կարգերում: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներով են մեկնարկել միայն 70 կգ քաշային Հայկ Պապիկյանն ու 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Հայկ Պապիկյանը մեկնարկում 7-3 հաշվով հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Պավել Անդրուշչայի նկատմամբ և դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ արդեն 8-2 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հարուն Սոյլերի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Մուշեղ Մկրտչյանը 1/8 եզրափակչում գոտեմարտել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Կիմի Կաեպելիի հետ և 9-0 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: ¼ եզրափակչում էլ Մկրտչյանը գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սոսլան Տիգիևի հետ և 11-2 հաշվով վստահ հաղթանակ տոնել:

57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ, սակայն, 4-12 հաշվով զիջել է Թուրքիայի ներկայացուցիչ Թոլգա Օզբեկին: 65 կգ քաշային Արթուր Սարդարյանը մեկնարկում մրցել է Ճապոնիայի ներկայացուցչի հետ և 3-13 հաշվով պարտություն կրել, իսկ 97 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը որակավորման փուլում 0-6 հաշվով զիջել է թուրք ըմբիշին:

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում 10 ըմբիշ է ընդգրկված՝ Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Հայկ Աբրահամյանը (61 կգ), Արթուր Սարդարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Գուրգեն Սիմոնյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում էլ մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արման Վարդանյանը (63 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more