▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

 Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը․ Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից

 Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը․ Ուղիղ միացում ԾիծեռնակաբերդիցԻնֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

***

 

Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ՀՀ–ն չունի որևէ տարածքային նկրտում, Հայոց ցեղասպանության ճանաչումն արդարության վերականգնում է, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց Նարեկ Կարապետյանը։

«Վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը։ Մենք տարածաշրջանում պետք է ունենանք լավ հարաբերություններ, սակայն դրանք չպետք է լինեն արյան վրա, այլ լինեն արդարության հիմքի վրա։ Թուրքիայի հետ մենք պատրաստ ենք վերականգնել հարաբերությունները` առանց նախապայմանների, սակայն թուրք հասարակության հետ ճշմարտության մասին խոսելու կարիք ունենք»,– ընդգծեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը։ 

Շեշտեց` բոլոր հարևանների նկատմամբ ՀՀ–ն չունի տարածքային նկրտումներ` հիշեցնելով, որ Արցախն անկախ, առանձին միավոր է եղել։

***

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ:

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:
Այս օրը ոչ միայն սուգի, այլև հիշողության և արդարության պահանջի օր է, երբ միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներում միանում են՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը և վերահաստատելու ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը։
Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության զոհերը սրբադասվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից 2015 թվականին՝ որպես նահատակներ, ընդգծելով նրանց հիշատակի հոգևոր և ազգային նշանակությունը։

***

Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնյաների այցով պայմանավորված՝ քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդ փակ է: «Երեխու հետ եկել եմ, մեծ մարդ եմ, ինչքա՞ն սպասեմ, չի կարելի էսպես: Ղեկավարին ասեք՝ ա՛յ հիմար, տենց չեն ղեկավարում: Մարդկանց նեռվայնացնում են առավոտ շուտ»,- ասում է քաղաքացիներից մեկը:

***

Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը այցելեցին Ծիծեռնակաբերդ

Նրանց հետ էին նախարարները, Երևանի քաղաքապետը  և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարեց ՀՀ օրհներգը։

Նիկոլ Փաշինյանից հետո Աննա Հակոբյանը, շրջապատված թիկնապահներով, այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ

Թիկնապահներ հրեցին լրագրողներին և թույլ չտվեցին, որ նրանք մոտենան և հարցազրույց վերցնեն Հակոբյանից։

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և մի շարք այլ երկրների դիվանագետներ այցելել են Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Դեսպաններն ու դեսպանատան աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ։

Դիտեք նաև՝ 

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային Հեռուստաընկերություն, ձեր նման վախկոտ, կամակատար մեկ էլ դուք եք։ Ծիծեռնակաբերդում եթերն անջատել կամ կադրը փոխել, որ մարդիկ Վեհափառին չտեսնեն։ Դուք սնվում եք իմ հարկերի շնորհիվ, բկներիդ կանգնի։ Սրիկա, թուրքի կամակատարներ…»։

***

«Ընդհանրապես ապրիլի 24-ին Էրդողանն էլ է ուղերձով հանդես գալիս և Նիկոլ Փաշինյանի ուղերձի բովանդակությունն արդեն առանձնապես չի տարբերվում Էրդողանի ուղերձի բովանդակությունից, որովհետև ինքն էլ է ձեռնպահ մնում ցեղասպանություն եզրույթը գործածելուց, ավելի շատ գործածում է Մեծ Եղեռն եզրույթը»,- անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին՝ ասել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

***

«Փաշինյանը չէ, որ պետք է տասնյակ տարիների գիտական ուսումնասիրությունների փաստերով արձանագրված այս ոճրին նոր նրբերանգներ տա։ Սա գիտականորեն ու փաստահեն իրողություն է, և մեր խնդիրն ու ողբերգությունն այն է, որ այսօրվա իշխանության նման քաղաքականության հետևանքով ցեղասպանության հատկանիշներով արդեն երկրորդ իրողության հետ գործ ունեցանք՝ խոսքը Արցախի հայաթափման մասին է»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով վարչապետի այսօրվա ուղերձը։

***

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է. «Ամբողջովին նվիրված էր իր ցնորական գաղափարի՝ 4-րդ Հանրապետության ստեղծմանը, իսկ այն պետք է ստեղծվի, եթե Աստված չանի՝ գաղափարն իրականանա, Ադրբեջանի հետ, ու հետևաբար դա կլինի Հայոց պետականության վերջը»:

***

Ապրիլքսանչորսյան ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում, փոխանցում է «Ազատություն»-ը։

Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական նամակում Էրդողանը գրել է, թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ, ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել:

Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:

«Բախումի փոխարեն նախընտրում ենք համաձայնությունը»,- գրել է Թուրքիայի նախագահը, սակայն չի անդրադարձել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

«Խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու առաջարկությամբ շարունակում ենք բոլոր հայրենակիցների և բարեկամների հետ միասնաբար գործել և պայքարել՝ նկատի չունենալով նրանց ազգային և կրոնական պատկանելությունները»,- նշել է նա:

info@asekose.am/095519696
Քաղաքական more