Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է ուղղել Սիրիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին, աշխարհիկ ու հոգևոր սպասավորներին, համայնքային պաշտոնեությանը, ազգային վարժարանների տեսչական ու ուսուցչական կազմերին, սաներին և համայն սիրիահայությանը:
«Այս օրերին, երբ քրիստոնյա աշխարհի հետ միասին համայն հայությունը պատրաստվում է նշելու Սուրբ Ծննդյան տոները, Մեր մտքում ու ամենօրյա աղոթքներում եք դուք, որ Սիրիայի ողջ ժողովրդի հետ միասին կրում եք երկրում ծայր առած հակամարտության ծանր ու անդառնալի հետևանքները», - նշել է Վեհափառ Հայրապետն իր գրում:
Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել հայորդիներին, որ հակառակ դժվարին իրավիճակի, ներկա վտանգների, անորոշության ու փորձությունների պայմանների, շարունակում են արթուն պահել իրենց հոգևոր ու ազգային կյանքը և զորավոր՝ նախանձախնդրությունը` մասնավորապես հանդեպ նոր սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության երախտարժան գործը:
«Սիրելի հայորդիներ, սիրիահայ գաղութի պատմության մեջ բացառիկ դերակատարություն են կատարել հայկական վարժարանները, որտեղ կերտվել ու ձևավորվել են հայորդյաց հոգիները, ներշնչվել մայրենի լեզովի և ազգային արժեքների հանդեպ սիրով ու նախանձախնդրությամբ: Կոտորածներից մազապուրծ ու Եղեռն վերապրած ձեր հայրերը ամեն դժովարություն ու զոհողություն հանձն առան, որպեսզի իրենց զավակները ուսման կարոտ չմնան: Այսօր առիթ ունենք դրվատանքով անդրադառնալու, որ նախընթաց տասնամյակների ընթացքին Սիրիայի ազգային Վարժարանները կրթել են փայլուն սերունդներ, ովքեր Սիրիայում և աշխարհի չորս ծագերում սփռված, ծառայում են մեր ժողովրդին ու Սուրբ Եկեղեցուն, ավանդ բերում հայ մշակույթի, արվեստի, գրականության ու գիտության զարգացմանը:
... Վարժարանների սիրելի սաներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում ձեզ և աղոթում ձեր ու ձեր ծնողաց, Սիրիայի բոլոր մանուկների ապահովության համար: Թող ձեր ծնողների ու ուսուցիչների նախանձախնդրությունը` հանդեպ կրթության գործը, խրախույս լինեն ձեզ համար, որպեսզի շարունակեք ջանադիր սովորել` ապագային ձեր կյանքով ու հայրենաշեն գործերով ավանդ բերելու ազգային ու հոգևոր մեր կյանքի առավել շինությանն ու պայծառությանը», - ասված է Հայրապետական օրհնության գրում:
Նորին Սրբությունն Ամենակալ Աստծո զորակցությունն ու պահպանությունն է հայցել սիրիահայ համայնքի համար՝ մաղթելով, որ Սուրբ Ծննդյան խորհրդով բացվող 2014 թվականը խաղաղություն ու ապահովություն բերի Սիրիային ու նրա ողջ ժողովրդին:
Հայրապետական օրհնության գիր սիրիահայությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet